
Քաղաքից վեր՝ երկնասլաց պատվանդանի
վրա կանգնած է երջանիկ արքայազնի արձանը՝ ոտքից գլուխ պատված ոսկու թերթերով, աչքերի
տեղում փայլուն շափյուղակներ, սուսերի երախակալին՝ կարմիր սուտակ:
Մի գիշեր քաղաքի վրայով թռչում
է ծիծեռնակը: Նրա ընկերները 6 շաբաթ առաջ էին չվել Եգիպտոս, իսկ նա հետ էր մնացել,
որովհետև սիրահարվել էր մի շատ գեղեցիկ եղեգնի: Ընկերների ետևից ընկնելուց առաջ քուն
է մտնում արքայազնի ոտքերի տակ: Սակայն արքայազնը սկսում է արտասվել և ծիծեռնակին թվում
է, թե անձրև է գալիս: Արքայազնը պատմում է նրան, որ քանի դեռ նա ողջ էր և ապրում էր
պալատում, չգիտեր, թե ինչ բան է արտասուքը: Որովհետև սուգն արգելված էր և նա չգիտեր,
թե ինչ կա պալատի պատերից դուրս: Հիմա նա տեսնում է մարդկանց թշվառությունը: Եվ նրա
կապարե սիրտն անկարող է զսպել արցունքները: Նա տեսնում է հիվանդ տղայի, որը նարինջ
է ուզում, բայց որի մայրը շատ աղքատ է և ջրից բացի ոչինչ չի կարող տալ նրան: Խնդրում
է ծիծեռնակին, որ իր սուսերի սուտակը տանի նրանց: Ծիծեռնակը թեև շտապում էր, սակայն
համաձայնում է մի գիշեր լինել արքայազնի սուրհանդակը: Նա կատարում է արքայազնի խնդրանքը:
Սակայն հաջորդ գիշեր արքայազնը տեսնում է մի երիտասարդի, որը սեղանի առաջ նստած, ուզում
է աշխատել, սակայն չի կարողանում: Արքայազնը խնդրում է ծիծեռնակին հանել իր աչքերի
շափյուղաներից մեկը և տանել երիտասարդին: Ծիծեռնակն ասում է, որ իր ընկերները սպասում
են իրեն Եգիպտոսում: Բայց տեսնելով արքայազնի արցունքով լի աչքերը, բարի ծիծեռնակը
չի դիմանում և կատարում է նրա խնդրանքը:
Երրորդ գիշեր նա գալիս է հրաժեշտ
տալու, բայց արքայազնը նորից խնդրում է նրան մնալ և իր մյուս աչքի շափյուղան հասցնել
դժբախտության մեջ հայտնված մի աղջկա: Ծիծառնակը, տեսնելով, որ արքայազնը այլևս կույր
է, որոշում է չթողնել նրան և չհեռանալ Եգիպտոս: Արքայազնը խնդրում է նրան թռչել քաղաքի
վրայով և պատմել տեսածի մասին: Երբ իմանում է, որ սա տեսել է սովահար երեխաների, խնդրում
է պոկել իրեն ծածկող ոսկին և տանել նրանց: Այդպես էլ անում է: Մի օր էլ առատ ձյուն
է տեղում: Խեղճ ծիծեռնակն այլևս անկարող է դիմանալ ցրտին, բայց այդուհանդերձ չի լքում
արքայազնին, քանի որ շատ է սիրում նրան: Զգում է, որ մեռնում է: Թառում է արքայազնի
դեմքին, համբուրում է ակնախոռոչները և անշնչացած ընկնում նրա ոտքի տակ: Այդ պահին արձանի
ներսից արտասովոր ճարճատյուն է լսվում: Արքայազնի կապարե սիրտը ճեղքվում է և երկու
կես է լինում: Աշխարհում իսկապես ցուրտ էր:
Օսկար Ուայլդ | Երջանիկ արքայազնը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 21, 2016
Rating:
