
Գործողությունները ծավալվում են հեղինակի ժամանակվա Գերմանիայում:
Սյուժեի տևողությունը՝ երկու տարի: Դրաման բացում է Հիպոկրատից արված մեջբերումը.
«Այն, ինչ չեն բուժում դեղերը, բուժում է երկաթը, այն ինչ չի բուժում երկաթը, բուժում
է հուրը»:
Ֆոն Մոոր բարոնների դղյակում ապրում են՝ հայրը, նրա որդին
Ֆրանցը և կոմսի սանը՝ ավագ որդու հարսնացու Ամալիա ֆոն Էդելռայխը: Նամակ է գալիս Լայպցիգից,
որում հաղորդվում է, որ տեղի համալսարանում սովորող ավագ որդին՝ Կարլ Մոորը վարում
է անառակ կյանք: Տխրած ծերուկ Մոորը թույլ է տալիս կրտսեր եղբորը՝ Ֆրանցին պատասխան նամակ գրել, որ հայրը զրկում է Կարլին
ժառանգությունից և ծնողական օրհնությունից: Այդ ժամանակ Սաքսոնիայում Կարլը պատասխան
է սպասում իր նամակին, որի մեջ զղջում է իր վարած կյանքի համար և խնդրում է հորը ներել
իրեն: Սպասելով պատասխանի՝ ժամանակ է սպանում իր ընկերոջ՝ Շպիգելբերգի հետ: Այս վերջինը
խոսում է այն մասին, որ սովորելու փոխարեն ավելի լավ է զբաղվել ավազակությամբ: Գալիս
է հորից սպասված նամակը: Կարդալով այն Կարլը վհատվում է: Իսկ Շպիգելբերգը շարունակում
է ճառել այն մասին, թե որքան խելամիտ է ավազակություն անել Բոհեմիայի անտառներում,
իսկ կողոպտված դրամը դնել շրջանառության մեջ: Ուսանողները, որոնք լսում են այս խոսքերը,
հավանում են գաղափարը: Բայց նրանց անհրաժեշտ է առաջնորդ: Միաձայն ընտրում են Կարլ Մոորին:
Հույս ունենալով, որ նոր կյանքը մոռանալ կտա հայրենի տունը, հորը և հարսնացուին, Կարլը
հավատարմության երդում է տալիս ընկերներին, իսկ նրանք երդվում են հավատարիմ լինել իրեն:
Հիմա, երբ Ֆրանցին հաջողվեց հոր սրտից հանել սիրելի Կարլին,
նա փորձում է սևացնել եղբորը նաև հարսնացուի՝ Ամալիայի աչքերում: Նա ասում է, որ ադամանդե
մատանին, որն աղջիկը նվիրել էր Կարլին նրա հեռանալուց առաջ, վերջինս նվիրել է անառակ
մի կնոջ: Առհասարակ պատկերում է Կարլին որպես բարոյապես անկյալ մարդու, որի բերանից
գարշահոտ է փչում: Սիրող սիրտը դյուրին չէ խաբել: Ամալիան վռնդում է Ֆրանցին: Սակայն Ֆրանցի գլխում
արդեն նոր ծրագիր կա: Տեղի ազնվականներից մեկի որդուն՝ ոմն Հերմանի համոզում է Մոորերի
դղյակ գալ և վկայել Կարլի մահը. իբրև թե վերջինս զոհվել է Պրահայի մոտ տեղի ունեցած
ճակատամարտում: Ծերուկ Մոորի սիրտը հազիվ թե դիմանա այս նորությանը, իսկ Հերմանին Ֆրանցը
խոստանում է վերադարձնել իր հարսնացուին՝ Ամալիային, որին կորցրել է Կարլի պատճառով: Հերմանն այդպես էլ անում է: Գալով դղյակ ծեր Մոորին
և Ամալիային հաղորդում է Կարլի մահվան մասին: Ծերուկը պատահածի մեջ մեղադրում է ինքն իրեն,
սակայն տեսնելով Ֆրանցի ուրախությունը, հասկանում է, թե ով է իրականում Կարլի մասին
լուրերի պատճառը: Ցավից կորցնում է գիտակցությունը: Ֆրանցը կարծում է, թե ծերուկը մահացավ
և ուրախանում է վաղուց սպասված մահվան համար:
Այդ ընթացքում Բոհեմիայի անտառներում Կարլ Մոորը ավազակություն
է անում: Ավարի իր բաժինը տալիս է չքավորներին: «Իմ արհեստը վրեժն է»: Կողոպտում է
հարուստներին և նրանց հարստությունը բաժանում աղքատներին:
Մոորերի դղյակում իշխում է Ֆրանցը: Նա հասել է իր նպատակին,
սակայն բավարարված չէ: Ամալիան առաջվա պես հրաժարվում է դառնալ նրա կինը: Հերմանը հասկանալով,
որ Ֆրանցը խաբել է իրեն, ողջ ճշմարտությունը հայտնում է Ամալիային. ինչպես ծերուկ Մոորը,
այնպես էլ Կարլը ողջ են:
Այդ ժամանակ Բոհեմիայի անտառներում Կարլին և իր ընկերներին
շրջապատում է դրագունների գունդը: Ավազակներին հաջողվում է ճեղքել օղակը ՝ տալով ընդամենը
մեկ զոհ դրագունների երեք հարյուրի դիմաց: Մոորի ջոկատի անդամ է ուզում դառնալ մի չեխ
ազնվական, որը կորցրել է իր ունեցվածքը և սիրելիին, ում անունն է Ամալիա: Երիտասարդի պատմությունը հիշողություններ է արթնացնում
Կարլի սրտում: Նա իր ընկերներին առաջնորդում է Ֆրանկոնիա՝ ասելով. «Ես պիտի տեսնեմ
նրան»:
Կոմս ֆոն Բրանդի անվան տակ Կարլը այցելում է Մոորերի դղյակը:
Հանդիպում է սիրելի Ամալիային և հայտնաբերում է, որ սա հավատարիմ է Կարլի հիշատակին:
Տոհմական դիմանկարների սրահում կանգ է առնում հոր դիմանկարի առաջ և ակամա սրբում արտասուքը:
Ոչ ոք չի ճանաչում նրան, բացի Ֆրանցից, որը ծեր ծառա Դանիելին համոզում է գիշերով սպանել
եղբորը: Սակայն ձեռքի սպիից ծառան ճանաչում է Կարլ Մոորին և ամեն բան պատմում է նրան:
Կարլը որոշում է փախչել, բայց մինչ այդ ուզում է տեսնել Ամալիային: Աղջիկը կոմսի նկատմամբ զգում է այն, ինչ-որ զգում
էր մահացած Կարլ ֆոն Մոորի հանդեպ: Անճանաչ հյուրը հեռանում է:
Կարլը վերադառնում է իր ավազակների մոտ: Առավոտյան մտադիր
է հեռանալ նրանց հետ այս վայրերից, իսկ հիմա գիշերով որոշում է միայնակ զբոսնել անտառում:
Գտնում է մեկուսի աշտարակ, որից ձայն է լսում: Հերմանն է, որը եկել է աշտարակում պահվող
բանտարկյալին կերակրելու: Կարլը կոտրում է կողպեքը, մտնում է աշտարակ և ազատում
է նվաղած ծերուկին: Իր հայրն է, որն այն ժամանակ Հերմանի բերած լուրից չի մեռել: Ֆրանցը
բոլորից թաքուն պահում է նրան այստեղ: Կարլը իր ավազակներին հրամայում է թափանցել Մոորերի
դղյակ, գողանալ Ֆրանցին և բերել իր մոտ:
Գիշեր է: Ծեր Դանիելը հրաժեշտ է տալիս ամրոցին, որտեղ ապրել
է ողջ կյանքը: Ներս է մտնում Ֆրանց Մոորը՝ մոմը ձեռքին, գիշերային խալաթով: Երազ է
տեսել, որ իր մեղքերի համար գեհենի զոհ է դառնում: Աղաչում է Դանիելին քահանա կանչել:
Ողջ կյանքը եղել է աստվածուրաց, և հիմա էլ կրոնական բանավեճի է բռնվում եկած քահանայի
հետ: Լսելով քահանայից, որ ամենածանր հանցանքը եղբայրասպանությունն ու հայրասպանությունն
է, հասկանում է, որ իր հոգուն փրկություն չկա:
Ամրոցը գրոհում են Կարլի ուղարկած ավազակները: Չի հաջողվում
բռնել Ֆրանցին: Նա ինքն է կախում իրեն գլխարկի քուղից:
Վերադառնում են Կարլի մոտ անտառ: Հայրը դեռ չի ճանաչել որդուն:
Ավազակների հետ եկել է նաև Ամալիան, որ նետվում է Կարլի գիրկը և նրան կոչում է փեսացու:
Ծերուկը ի դեմս մարդասպանների, գողերի և ավազակների առաջնորդի սարսափահար ճանաչում է որդուն:
Ամալիան պատրաստ է մոռանալ ամեն բան՝ հանուն սիրեցյալի հետ լինելու: Բայց նրանց միությանը
խանգարում է Կարլի երդումը՝ հավատարիմ լինել իր ավազակներին: Տեսնելով, որ ելք չկա,
Ամալիան խնդրում է Կարլին սպանել իրեն: Կարլը դաշնահարում է աղջկան:
Ավազակ Մոորը հասկանում է, որ պարպել է իր կյանքի գավաթը: Չարագործություններով աշխարհն անկարելի է ավելի լավը դարձնել: Գնում է բազմանդամ ընտանիք
ունեցող չքավորի մոտ, որպեսզի սա հանձնի իրեն իշխանություններին և դրա դիմաց ստանա
Կարլի գլխի դիմաց խոստացված հազար լուիդորը:
Տես նաև Խարդավանք և սեր և Բալլադներ
Շիլլեր | Ավազակներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 23, 2015
Rating:
