.jpg)
Կանդիդը՝ մաքուր և ազնիվ մի երիտասարդ, դաստիարակվում է աղքատացած մի բարոնի ամրոցում վերջինիս դստեր և
որդու հետ միասին: Նրանց ընտանեկան ուսուցիչը՝ դոկտոր Պանգլոսը, մետաֆիզիկոս-փիլիսոփա,
սովորեցնում է իր սաներին, որ նրանք ապրում են լավագույն աշխարհում, որտեղ ամեն բան
ունի պատճառ և հետևանք, իսկ իրադարձությունները ձգտում են երջանիկ ավարտի:
Կանդիդի դժբախտությունները և անհավատալի ճամփորդությունները
սկսվում են, երբ նրան վռնդում են տանից բարոնի դստերը՝ Կունեգունդին սիրահետելու համար:
Սովից չմեռնելու համար Կանդիդը զինվորագրվում է բուլղարական
բանակ, որտեղ նրան մահու աստիճան մտրակում են: Հրաշքով փրկվելով ծանր մարտում՝ նա փախչում
է Հոլանդիա: Այստեղ գտնում է իր ուսուցչին, որը մահացու հիվանդ է սիֆիլիսով: Նա պատմում
է, որ բարոնի ընտանիքին ոչնչացրել են բուլղարները: Կանդիդն առաջին անգամ փորձում է
կասկածի տակ առնել իր ուսուցչի տեսությունը աշխարհներից լավագույնի մասին: Նավով մեկնում են
Պորտուգալիա և նոր ափ իջած, ականատես են լինում սարսափելի երկրաշարժի: Ընկնում են ինկվիզիցիայի
ձեռքը ազատ կամքի անհրաժեշտության մասին քարոզի համար: Փիլիսոփային որոշում են խարույկ
բարձրացնել, իսկ Կանդիդին ճիպոտահարում են և թողնում մեռնելու փողոցում: Անծանոթ պառավը
ապաքինում է նրան և տանում դղյակ, ուր հերոսին ընդունում է իր սիրելի Կունեգունդը:
Պարզվում է, որ նա կենդանի է մնացել և բուլղարները վաճառել էին նրան հարուստ պորտուգալացի
հրեայի, որը ստիպված էր կիսել նրան Մեծ Ինկվիզիտորի հետ: Հայտնվում է հրեան: Կանդիդը
սպանում է նախ հրեային, ապա Մեծ Ինկվիզիտորին: Որոշում են փախչել, բայց ճանապարհին
մի քահանա գողանում է Կունեգունդի թանկարժեք զարդերը: Դժվարությամբ հասնում են նավահանգիստ
և այնտեղ նավ են նստում, որը մեկնում է Բուենոս-Այրես: Այնտեղ փնտրում են նահանգապետին,
որպեսզի սա ամուսնացնի իրենց, սակայն նահանգապետը որոշում է, որ նման գեղեցկուհին պիտի
պատկանի իրեն, և անում է աղջկան առաջարկություն, որ վերջինս դեմ չէ ընդունել: Այդ պահին
նրանց հետ եկած պառավը տեսնում է պատուհանից, որ նավահանգիստ եկած նավից իջնում է իրենց
կողոպտած քահանան և փորձում է վաճառել զարդերը մի ոսկերչի: Ոսկերիչը ճանաչում է զարդերը
և հիշում, որ դրանք պատկանել են Մեծ Ինկվիզիտորին: Կախաղան հանվելուց առաջ գողը խոստովանում
է իր հանցանքը և մանրամասն նկարագրում է մեր հերոսներին: Կանդիդի ծառա Կակամբոն համոզում
է նրան իսկույն փախչել՝ կարծելով, որ կանայք իրենք էլ մի կերպ կփրկվեն: Հեռանում են
Պարագվայի ճիզվիտների տարածք: Ի դեմս այսպես կոչված հայր-գնդապետի Կանդիդը ճանաչում
է բարոնին՝ Կունեգունդի եղբորը: Նա էլ հրաշքով փրկվել է ամրոցում տեղի ունեցած սպանդի
ժամանակ և բախտի քմահաճույքով հայտնվել է ճիզվիտների մոտ: Իմանալով, որ Կանդիդն ուզում
է ամուսնանալ իր քրոջ հետ, բարոնը որոշում է սպանել սրիկային, բայց ինքն է վիրավոր
ընկնում: Կանդիդը և Կակամբոն փախչում են և
գերի են ընկնում վայրենի օրեյլոններին: Քանի որ սրանք թշնամի են ճիզվիտներին, իսկ Կանդիդը
վիրավորել է նրանց թշնամուն, այս անգամ էլ խուսափում է մահվանից:
Այցելում են Էլդորադո երկիրը, որտեղ ոսկին ավազի գնի է: Այստեղի
բնակիչները պահել են իրենց նախնական բարոյական մաքրությունը: Հանցանքներ երկրում չկան:
Երկրի թագավորը համոզում է Կանդիդին մնալ իր երկրում: Սակայն հերոսը ցանկանում էր որպես
հարուստ մարդ վերադառնալ հայրենի երկիր և բացի այդ գտնել Կունեգունդին: Թագավորը նվիրում
է ընկերներին հարյուր ոչխար՝ բարձված ոսկով ու թանկարժեք քարերով: Սակայն Սուրինամի
ճանապարհին կենդանի են մնում ոչխարներից միայն երկուսը: Սուրինամում իմանում են, որ
Բուենոս-Այրեսում իրենց դեռ փնտրում են, իսկ Կունեգունդը նահանգապետի հարճն է: Գեղեցկուհուն
ետ գնելու գնում է Կակամբոն, իսկ Կանդիդը պիտի մեկնի Վենետիկ և այնտեղ սպասի նրանց:
Ամբողջ հարստությունը գողանում է խաբեբա վաճառականը, իսկ դատավորը պատժում է նրանց
տուգանքով: Կանդիդը հեռանում է Ֆրանսիա իր հետ վերցնելով ոմն Մարտինի՝ դժբախտ մի չքավորի,
որը հավատացնում է, որ մարդու բնության մեջ է խաբելը, սպանելը, դավաճանելը…
Փարիզում նոր բարքերը ստիպում են Կանդիդին ավելի շատ հեռանալ
օպտիմիզմի փիլիսոփայությունից: Կանդիդին շրջապատում են խաբեբաներ ու թալանիչներ: Հեռանում
են Անգլիա, որտեղ ականատես են լինում մի ծովակալի անիմաստ մահապատժին: Տեղափոխվում
են Վենետիկ: Վենետիկ է գալիս Կակամբոն, որը պատմում է, որ Կունեգունդին առևանգել են
ծովահենները, որոնք վաճառել են նրան Կոնստանդնուպոլսում: Ի դեպ Կունեգունդը կորցրել
է իր ողջ գեղեցկությունը: Կոնստանդնուպոլիս շարժվող նավի վրա գտնում է Պանգլոսին և
ողջ մնացած բարոնին: Փրկագին է տալիս սրանց, այնուհետև Կունեգունդի, պառավի համար և
գնում է փոքրիկ ագարակ:
Վոլտեր | Կանդիդ կամ օպտիմիզմ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 24, 2015
Rating:
.jpg)