.jpg)
Թեոգոնիա կամ Աստվածների ծագումը պոեմն ըստ էության ողջ
աշխարհակարգի ծագման միֆաէպիկական պատկերն է: Սկզբում Քաոսն էր՝ դատարկությունը, Երկիրը
և Էրոսը (Սերը), որն իշխում է ինչպես մահկանացուների, այնպես էլ անմահների վրա: Քաոսից
և Երկրից սերում են աշխարհակարգի մյուս մասերը, որոնք սերնդակարգված են՝ Էրեբոսը (Խավարը),
լուսավոր Եթերը, Երկինքը, Ծովը, Լուսինը և այլն: Այս համակարգը ուշագրավ է նրանով,
որ ցույց է տալիս, թե ինչպես են դիցաբանության շրջանակներում հասունանում փիլիսոփայական
հասկացությունները: Քաոսը, Երկիրը և Էրոսը նախորդում են փիլիսոփայության այնպիսի ըմբռնումներին,
ինչպիսիք են տարածությունը, մատերիան և շարժումը: Քաոսը և Երկիրը ոգեղեն էություններ
են, որոնք ծնում են նոր էություններ, որոնք իրենց հերթին շարունակում են բազմանալ:
Հեսիոդոսի համակարգը ներառում է ոչ միայն այն աստվածներին, որոնք իրական պաշտամունքի
առարկա էին հույների համար, այլև առօրեական կյանքի ամենատարբեր իրողությունների հիպոստազավորումները՝
աշխատանքը, սովը, տառապանքը, կռիվը, սպանությունը, վեճը: Պոեմում մեծ տեղ են գրավում
այդպիսի իրողությունների թվարկումները՝ կատալոգները:
Մանրամասն ներկացվում է գահակալ աստվածների սերնդափոխության
պատմությունը՝ Ուրանոսի, Կրոնոսի և Զևսի: Այստեղ է պատմությունը Կրոնոսի մասին, որը
կրտում է հորը՝ Ուրանոսին՝ գլխավոր աստված դառնալու համար և որը հետագայում հոր բախտին
արժանանալուց վախենալով, խժռում է իր նորածին զավակներին: Փրկվում է միայն Զևսը, որը
ոչ միայն տապալում է Կրոնոսին, այլև վերացնում է տիտանական աստվածների մութ ժամանակը:
Զևսը ամուսնանում է Մետիսի (Ողջախոհության), այնուհետև Թեմիսի
(արդարադատության) հետ, որը նրանից ծնում է Օրինականությունը, Արդարությունը, Խաղաղությունը
և բախտի դիցուհիներ Մոյրաներին: Ուշագրավ է, որ Զևսի այն սերունդներին, որոնք մտնում
են օլիմպիական աստվածների շարքը՝ Ապոլոնին, Աթենային, Հեսիոդոսը հիշատակում է մակերեսորեն:
Թեոգոնիայի շարունակությունն է եղել Կանանց կատալոգ պոեմը:
Այստեղ պատմվում էր հերոսական նախամայրերի սերնդի մասին: Այնպես ինչպես Թեոգոնիան փորձում է համակարգել աստվածների տոհմաբանությունը, այնպես էլ Կատալոգը փորձում է
համակարգել Հունաստանի տարբեր մասերում տարածված հերոսական պատումները՝ բերելով դրանք
ընդհանուր ակունքների:
Տես նաև Աշխպատանք և օրեր
Հեսիոդոս | Թեոգոնիա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 26, 2015
Rating:
.jpg)