.jpg)
«Աշխատանք և օրեր» պոեմը գրված է բարոյախրատական-դիդակտիկ
ոճով: Հեղինակը՝ Հեսիոդոսը դիմում է եղբորը՝ Պերսեսին, որը դատական գործ է հարուցել
իր դեմ հորից ստացած ժառանգության համար և կեղծարարությունների ու կաշառքների գնով
անօրենաբար շահել է դատը: Այսպես, ստեղծագործության հիմնական մոտիվն է համոզել եղբորը,
որն ուզում է նոր դատ սկսել, հրաժարվել կեղծիքից և հարստանալու իր տենչը բավարարել
աշխատանքի մեջ: Այս ինքնակենսագրական դրվագը միայն տեղային առիթ է ծավալելու համար
շատ ավելի մեծ նշանակության և ընդգրկման կտավը:
Հեսիոդոսի աշխարհայացքը հոռետեսական ու դաժան է: Բեովտիայի՝
իր հայրենիքի ժողովուրդը տառապում էր սակավահողությունից, սակայն դրան գումարվում է
նաև մարդկային բնության մեծագույն արատը՝ ժլատությունը:
Նախանձը մարդկային բնության բնական որակներից է, քանզի «բրուտագործը
չարությամբ է նայում բրուտագործին, հյուսնը՝ հյուսնին, երգիչը՝ երգչին»: Էրիս աստվածուհին՝
վեճի այդ տարերքը, երկդիմի է՝ չար և բարի: Առաջինը խթանում է թշնամություն և պատերազմ,
երկրորդը՝ մրցակցություն աշխատանքի մեջ: Աշխատանքը, սակայն, ըստ Հեսիոդոսի, աստվածների
կողմից մարդկանց առաքված պատիժ է: Չէ՞ որ աստվածները թաքցրել են մարդկանցից սննդի անվճար
աղբյուրները:
Կյանքի պայմանները վատթարանում են: Եվ չնայած Պրոմեթևսը գողացել
է մարդկանց համար հուրը նրանց կյանքը հեշտացնելու համար, սակայն Զևսի կողմից մարդկանց
մոտ ուղարկված Պանդորան բացել է դժբախտությունների արկղը և դրանք նոր թափով են համակել
մարդկանց կյանքը: Ժամանակը ոչ միայն պայմանների, այլև մարդկային ցեղի որակների աստիճանական
վատթարացում է: Մարդկանց առաջին սերունդը Հեսիոդոսը կոչում է «ոսկե», քանզի սա չգիտեր,
ինչ բան է աշխատանքը, դառնությունը: Առաջին սերնդին հերթով փոխարինում են արծաթե, պղնձե,
հերոսական (Տրոյական պատերազմի ժամանակը) և երկաթե սերունդները: Վերջին սերունդը շարժվում
է դեպի կործանում: Կործանումը վրա կհասնի, երբ բոլոր բարոյական սկզբունքները կփոխարինվեն
հակառակ սկզբունքներով:
Ազնիվ կենցաղավարության ուղիներ, սակայն, կան: Դրանք աշխատանքի
մեջ են: Տղամարդը պիտի ամուսնանա երեսուն տարեկանում երիտասարդ աղջկա հետ, որին հեշտ
է բարեպաշտություն սովորեցնել: Լավ է ունենալ միայն մեկ որդի, որպեսզի հարկ չլինի բաժանել
ունեցվածքը:
Հողագործությունը հարստանալու ամենահիմնական եղանակն է: Սակայն
հողագործը պիտի կարողանա կանոնակարգել աշխատանքի ռիթմը: Հարկ է իմանալ տարվա եղանակները
(օրերը) և բնության տարբեր օրինաչափությունները, որ կապված են այդ եղանակների հետ:
Հարստանալու մյուս լավ միջոցը ծովային առևտուրն է: Այստեղ
ևս հարկ է իմանալ նավարկության համար բարենպաստ ժամանակը:
Պոեմը չունի սյուժե և թեմաների շարադրման խիստ հետևողականություն:
Խրատներին հետևում են առակները, առակներին՝ մարդկանց առօրյա կենցաղի նկարագրությունները,
միֆական պատմությունները:
Խրատները ամենաընդհանուր բարոյական սկզբունքներից հասնում
են մինչև մասնավոր կյանքի ամենաանշան թվացող դրվագները. ինչպես կենակցել կնոջ հետ,
ինչպես լողանալ, ինչպես աղոթել, ինչպես անցնել գետը:
Պոեմի վերջում տրվում է ամենատարբեր գործերի համար բարենմպաստ
և ոչ բարենպաստ օրերի ցանկը:
Հեսիոդոս | Աշխատանք և օրեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 26, 2015
Rating:
.jpg)