.jpg)
Ողբերգությունը բացվում է ներածական երեք տեքստերով: Առաջինը
քնարական ձոն է ընկերներին, որոնց հետ հեղինակը մտերիմ էր, երբ դեռ նոր պիտի սկսեր
աշխատել «Ֆաուստի» վրա: Երկրորդը թատերական դրվագն է, որտեղ թատրոնի տնօրենը, բանաստեղծը
և կոմիկական դերասանը քննարկում են գեղարվեստական ստեղծագործության խնդիրները: Ինչպե՞ս
միավորել ճշմարիտ պոեզիան և հաջողությունը: Տնօրենը եզրափակում է զրույցը՝ հորդորելով
բանաստեղծին և դերասանին գործի անցնել և օգտվել իր թատրոնի ընձեռած հնարավորություններից.
«Նեղ տնակում այս փայտաշեն / Ընդգրկեցեք աշխարհն արար, / Դեգերեցեք խոհեմաբար / Երկնից
երկիր մինչև գեհեն:» Երկնքի, երկրի և դժոխքի այս տողում նախանշված պրոբլեմատիկան զարգանում
է «Նախաբան երկնքում» դրվագում, որտեղ գործող անձինք են Աստված, սատանան և հրեշտակները:
Հրեշտակները երգում են Տիրոջ փառքը և հանկարծ ընդհատում են իրենց երգը՝ տեսնելով մոտեցող Մեֆիստոֆելին: Աստծո և Տիրոջ զրույցի մեջ հիշատակվում է Ֆաուստի անունը: Աստված բերում
է նրան որպես իր հավատարիմ ծառայի օրինակ: Աստված թույլ է տալիս Մեֆիստոֆելին ենթարկել
Ֆաուստին ամենատարբեր գայթակղություններին, հասցնել նրան ցանկացած անդունդ՝ հավատալով,
որ Ֆաուստն ի վերջո կգտնի ճշմարիտ ելքը: Որպես ժխտման ոգի Մեֆիստոֆելը, ընդունելով
գրազը, խոստանում է փորձությունների ենթարկել Ֆաուստին, և բարու ու չարի հերթական պայքարը
այսպիսով մեկնարկում է:
Նա, ում համար գրազ եկան Աստված և Մեֆիստոֆելը, գիշերով անքուն նստած է իր գոթական սենյակում: Այստեղ նա ճանաչել է ողջ երկրային իմաստությունը:
Այնուհետև փորձել է մտնել գերբնականի ճանաչողության ոլորտ՝ դիմելով մոգությանը և ալքիմիային:
«Ես թափանցեցի խորքն իմաստության, / Դարձա և´ բժիշկ, և´ իրավաբան, / Ավաղ, գիտության
անվերջ հետամուտ՝ / Ե´վ աստվածաբան դարձա ես հմուտ: / Սակայն մնացի անգետը նախկին»,-
այսպես է սկսվում նրա առաջին մենախոսությունը: Նա ծիծաղում է իր օգնական Վագների գովեստների
վրա: Այդ պեդանտը պատրաստ է կրծել գիտության քարը՝ առանց մտածելու անկյունաքարային
հարցերի մասին, որոնցով տարված է Ֆաուստը: Երբ Վագները հայտարարում է, որ մարդն այնքան
է հասունացել, որ կարող է գտնել բոլոր առեղծվածների բանալիները, բորբոքված Ֆաուստը
դադարում է զրույցը: Մնալով միայնակ գիտնականը ընկղմվում է իր մռայլ խոհերի մեջ: Այն
բանի գիտակցումը, որ կյանքն անցավ զուր որոնումների մեջ, բերում է նրան ինքնասպանության
որոշմանը: Պատրաստվում է թույն խմել: Սակայն սուրբ Զատիկը տոնող տաճարից եկող զանգի
ղողանջը ստիպում է նրան ետ կանգնել որոշումից:
Առավոտյան Վագների հետ նրանք միանում են տոնական թափորին:
Մարդիկ սիրում են ֆաուստին: Եվ նա, և իր հայրը անխոնջ բուժել են մարդկանց: Սակայն իր
անձի հանդեպ ակնածանքը չի ուրախացնում հերոսին: Զբոսանքի ժամանակ նրան է միանում սև
պուդելը, որին Ֆաուստը իր հետ բերում է տուն: Ցանկանալով դուրս գալ ճնշված վիճակից՝
սկսում է թարգմանել Հովհաննու Կտակարանը: Հունարեն Լոգոսը՝ Բանը, թարգմանում է Գործ.
Ի սկբանե գործն է: Շունը շեղում է նրան: Վերջինս փոխակերպվում է Մեֆիստոֆելի, որը հայտնվում
է շրջիկ ուսանողի տեսքով: Նա ներկայանում է այսպես. «մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան,
/ Տենչում է չարիք, բայց բարիք է գործում միայն»:
Հյուրն ի տարբերություն Վագների արժանի զրուցակից է ֆաուստի համար: Գրգռելով Ֆաուստի հետաքրքրասիրությունը՝
Մեֆիստոֆելն անհետանում է: Հաջորդ անգամ նա գալիս է պճնված և առաջարկում է լավ ժամանց:
Առաջարկում է շքեղ զգեստներ հագած միանալ իրեն և վայելել կյանքի լիությունը: Եթե Մեֆիստոֆելի
առաջարկած վայելքներն այնքան գրավեն Ֆաուստի սիրտը, որ նա խնդրի ակնթարթին կանգ առնել,
նա կդառնա սատանայի ծառան: Իսկ հիմա նրանք պիտի արյամբ ստորագրեն պայմանը և Մեֆիստոֆելի
թիկնոցին նստած, օդով ճանապարհ ընկնեն: Այժմ
Ֆաուստը գեղեցիկ, ցանկություններով լեցուն երիտասարդ է: Ճաշակելով վհուկի պատրաստած
թուրմից՝ նա այլևս պատրաստ է տիրել կյանքի գաղտնիքներին և հասու դառնալ բարձրագույն երջանկությանը:
Մեֆիստոֆելի պատրաստած առաջին փորձությունը տասնհինգամյա
Մարգարետեն է՝ Գրետխենը: Նոր է մոր հետ թաղել հորը: Եղբայրը ծառայում է բանակում, իսկ
փոքր քույրը վերջերս մահացել է: Այս նաիվ հոգին պիտի գրավի Ֆաուստը: Հանդիպելով նրան
փողոցում հերոսն իսկույն սիրահարվում է: Մեֆիստոֆելը դրդում է Ֆաուստին ավարտի հասցնել
գործը և սա չի հակառակվում: Նրանք հանդիպում են այգում: Աղջկա սրտի մեջ նույնպես բույն
է դնում զգացմունքը: Նա ինքն է քնեցնում մորը՝ ֆաուստի հետ ծածուկ հանդիպելու համար:
Սերը նվիրում է կուրացնող երանություն, սակայն միաժամանակ դառնում է դժբախտությունների
պատճառ: Մարգարետեի եղբայրը՝ Վալենտինը, նրա պատուհանի տակ հանդիպելով տարօրինակ զույգին՝
Ֆաուստին և Մեֆիստոֆելին, անմիջապես կռվի է բռնվում նրանց հետ: Մեֆիստոֆելի նշանին
անսալով՝ Ֆաուստը սպանում է նրան: Մեռնող Վալենտինը պարսավում է անառակ քրոջը: Ֆաուստը փախչում է քաղաքից, և ուշ է իմանում Մարգարետեի հետ պատահած
հետագա դժբախտությունների մասին: Սա ակամա թունավորում է սեփական մորը, որը քնաբեր
թուրմ խմելով այլևս չի արթնանում: Ավելի ուշ ծնում է դուստր, որին ինքն է խեղդամահ
անում՝ փորձելով խուսափել խայտառակությունից: Որպես անառակ ու մարդասպան նա բանտարկված
է և սպասում է դատավճռի:
Սիրեցյալը հեռու է: Ֆաուստը շտապում է դեպի Բրոկեն լեռը,
որտեղ Վալպուրգյան գիշերով պիտի տեղի ունենա վհուկների պարահանդեսը: Հերոսի շուրջ իսկական
բաքոսական է՝ վհուկներ, չարքեր, անառակություն և խառնակություն: Դա սատանայի պարահանդեսն
է: Ֆաուստը ընտրում է երիտասարդ գեղեցկուհու, որի հետ պարի է բռնվում: Նա թողնում է նրան միայն այն ժամանակ, երբ սրա բերանից դուրս է թռչում վարդագույն մուկը: Ստվերներից
մեկի մեջ նա ճանաչում է Մարգարետեին: Նա տեսնում է, որ իր սիրելին փակված է բանտում,
իսկ պարանոցին կեղտոտ դաջվածքի սպին է: Պահանջում է Մեֆիստոֆելից, որ սա ազատի աղջկան:
Մեֆիստոֆելն առարկում է. մի՞թե ինքը չէ գայթակղել աղջկան և հասցրել այս վիճակին: Այդուհանդերձ
ձի նստած երկուսն էլ շտապում են ետ: Նրանց հետևում են վհուկները:
Երբ Ֆաուստը հասնում է Մարգարետին, սա այլևս խելակորույս
է: Իր խցում մանկական երգեր է երգում: Դժվարությամբ է ճանաչում Ֆաուստին: Բոլոր շտապեցումներին
և փախչելու հորդորներին պատասխանում է տրտունջով. Ֆաուստը ետ է վարժվել նրանից, էլ
չի համբուրում առաջվա պես: Ասում է, որ չի կարող ապրել անմաքուր խղճով և հրաժարվում
է լքել բանտը: Ֆաուստը մտադիր է մնալ նրա հետ, սակայն աղջիկը վռնդում է նրան: Մեֆիստոֆելը
շտապեցնում է Ֆաուստին: Լքում են բանտախուցը՝ թողնելով Մարգարետեին միայնակ: Հեռանալուց
առաջ Մեֆիստոֆելն ասում է, որ իբրև մեղսագործ Մարգարետեն դատապարտված է տառապանքի:
Վերևից հնչող ձայնը ուղղում է նրան. «Փրկված է»: Նախընտրելով մահը՝ Մարգարետեն հրաժարվում
է սատանայի օգնությունից և փրկում է իր հոգին:
Երկրորդ մասում Ֆաուստը նստած է կանաչ մարգագետնում: Անտառի
ոգիները մոռանալ են տալիս խղճի խայթը: Դիմում է արեգակին: Նա հասկանում է, որ մարդու
նպատակների և հնարավորությունների անհամաչափությունը կարող է կործանել, ինչպես արեգակը,
եթե նայում ես ուղիղ վրան:
Այս անգամ Մեֆիստոֆելը բերում է նրան կայսերական պալատ: Երկրում
աղքատություն է: Ոչ ոք չգիտի, ինչպես շտկել վիճակը, բացի Մեֆիստոֆելից, որը ներկայանում
է ծաղրածուի կերպարով: Նա առաջարկում է դրամական միջոցների լրացման ծրագիր, որը շուտով
իրագործում է: Շրջանառության մեջ է դնում թանկարժեք թղթեր, որոնց երաշխիքը երկրի ընդերքում
թաղված հանքանյութն է: Սատանան հավատացնում է, որ երկրի ընդերքում շատ է ոսկին, որը
ուշ թե շուտ կհայտնաբերվի և կծածկի արժեթղթերի գինը: Հիմարացած բնակչությունը իսկույն
սկսում է գնել արժեթղթերը:
Մեֆիստոֆելը Ֆաուստին է հանձնում կախարդական բանալին, որը
թույլ է տալիս թափանցել հեթանոս աստվածների և հերոսների աշխարհը: Ֆաուստը խաբված երկրի
թագավորի պալատում տրվող պարահանդեսին է բերում Պարիսին և Հեղինեին, որպես արական և
իգական սեռերի գեղեցկության օրինակների: Ինքը Ֆաուստը ընկնում է Հեղինեի գեղեցկության
իշխանության տակ: Երբ Հեղինեն անհետանում է, նրա խնդիրն է դառնում գեղեցկուհուն անհապաղ
գտնելը: Դրա համար Մեֆիստոֆելը նախ տանում է նրան իր վաղեմի արհեստանոցը: Այստեղ է
Վագները, որը ապակե անոթի մեջ արհեստական մարդ է ստեղծել: Ֆաուստի աչքերի առաջ անոթի
մեջ ծնվում է Հոմունկուլուսը, որը տառապում է իր բնության երկվությունից: Երբ վերջապես Ֆաուստը կգտնի Հեղինեին, կամուսնանա նրա հետ
և նրանք զավակ կունենան, որը կունենա հանճարի նշաններ (Գյոթեն օժտել է նրան Բայրոնի
գծերով), սիրո այդ պտղի և արհեստական Հոմունկուլուսի միջև տարբերությունն առավել ակնառու
կդառնա: Սակայն Ֆաուստի և Հեղինեի որդի Էվֆորիոնը կարճակյաց է: Նա համակված է պայքարի
տենչով: Նա երկինք է խոյանում՝ իր ետևից թողնելով սոսկ լուսավոր հետք: Հեղինեն նույնպես
լքում է Ֆաուստին. պարզապես չքանում է, իսկ հերոսի ձեռքին մնում է նրա զգեստը: Մեֆիստոֆելը
արագընթաց կոշիկներ հագնելով՝ վերադարձնում է հերոսին հեթանոսական անտիկականությունից
հարազատ միջնադար: Դեռ երկնքից Ֆաուստը ծովերի մեջ նկատել էր ցամաքի մի փոքրիկ հողակտոր:
Ավելի բերրի հող դժվար է գտնել: Ֆաուստը ցանկանում է մեծացնել և ճոխացնել այդ հողակտորը:
Մեֆիստոֆելը, սակայն հիշեցնում է, որ նրանք դեռ պիտի օգնեն արժեթղթերի երկրի կայսերը,
որը հիմա, երբ խաբեությունը բացահայտվել է, գահը կորցնելու վտանգի առաջ է: Ֆաուստը
և Մեֆիստոֆելը կազմակերպում են ռազմական օպերացիա, որի արդյունքում փայլուն հաղթանակի
են հասնում կայսեր թշնամիների հանդեպ:
Ֆաուստի մյուս ծրագիրը ծովային հողակտորի մոտ ամբարտակ կառուցելն
է: Հանդիպում են այնտեղ ծեր չքավորներ Փիլեմոնին և Բավկիսին: Համառ ծերուկները հրաժարվում
են տեղափոխվել նոր բնակավայրը, որ առաջարկում
է Ֆաուստը: Մեֆիստոֆելին խնդրում է օգնել իրեն, իսկ սա իր հավատարիմ չարքերի հետ միասին
սպանում է ծերուկներին այցելած ճամփորդին: Վախից Փիլեմոնը և Բավկիսը մահանում են: Ցնցված
Ֆաուստը անիծում է Մեֆիստոֆելին:
Ֆաուստը հոգնած է: Նա կրկին ծեր է և զգում է, որ կյանքը մոտենում
է ավարտին: Երազանքը ամբարտակը կառուցելն է: Գալիս է նոր փորձությունը: Նա կուրանում
է: Սակայն նա կարող է լսել բահերի հարվածները, շարժումները և ձայները: Ստիպում է ժողովրդին
աշխատել: Չգիտի, որ Մեֆիստոֆելը խաղացել է նրա հետ հերթական խորամանկ խաղը: Ֆաուստի
հրամանով աշխատողները ոչ թե մարդիկ են, այլ լեմուրները՝ չար ոգիները: Մեֆիստոֆելի ցուցումով
նրանք փոս են փորում Ֆաուստի համար: Այդ ընթացքում Ֆաուստը երկար մենախոսության տեսքով
արտասանում է կյանքի փորձով ձեռք բերած իր հավատամքը: Ոչ իշխանությունը, ոչ փառքը,
ոչ էլ ամենագեղեցիկ կնոջ նեկայությունը չեն տալիս գոյության լիակատար տիրապետում: Լոկ
ընդհանուր գործը, որ անհրաժեշտ է բոլորին, կարող է տալ այդպիսի բավարարում: Այսպիսով
կառուցվում է իմաստային կամուրջը, որը միավորում է ողբերգության սկզբում արտասանված.
«Ի սկզբանե գործն է» ասույթը և փորձության ու գայթակղության երկար ճանապարհը անցած
իմաստունի տեսիլքը: Ֆաուստը խոստովանում է, որ ապրում է իր կյանքի բարձրագույն պահը
ազատ երկրի վրա, որտեղ մարդիկ ազատ են: Նրա կյանքն ավարտվում է, և նա վայր է ընկնում:
Մեֆիստոֆելը չի կարողանում տիրել նրա հոգուն, քանի որ երկնքից իջած հրեշտակները տանում
են Ֆաուստի հոգին: Մեֆիստոֆելը ցասման մեջ անիծում է ինքն իրեն:
Ֆաուստի հոգին փրկված է, ուրեմն նաև նրա կյանքն արդարացված
է: Գոյության սահմաններից այն կողմ նրա հոգին հանդիպում է Հեղինեի հոգու հետ, որը դառնում
է նրա ուղևարը հանդերձյալ աշխարհում:
Գյոթեն ավարտել է Ֆաուստը մահանալուց քիչ առաջ: Իր իսկ խոսքերով
«գոյանալով ինչպես ամպը», Ֆաուստի մտահղացումը ուղեկցել է նրան ողջ կյանքում:
Գյոթե | Ֆաուստ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 20, 2015
Rating:
.jpg)