.jpg)
Վեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել
է նրա տանտիրուհու ազգականը: Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը: Նկարագրվում
է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը: Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի,
ասես տապաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին:
Սկզբում պատմողը տածում է Հարիի նկատմամբ վախի և զգուշավորության
զգացում: Սակայն հետո նրան տիրում է համակրանքը: Համակրանք մի մարդու հանդեպ, որը չի
կարողացել բացել իր հոգու ճշմարիտ աղբյուրները աշխարհում, ուր շատ բան հիմնված է անհատի
կամքը ճնշելու վրա:
Հալլերը գրասեր է, որը հեռու է պրակտիկ հետաքրքրություններից:
Չի աշխատում, երկար պառկում է անկողնում: Սիրում է դասական գրականություն. գրեթե բոլոր
գրողներին՝ Գյոթեից մինչև Դոստոևսկի: Հաճախ նկարում է: Սակայն մնում է ներփակված իր
աշխարհում՝ օտարվելով քաղքենի աշխարհից: Հերոսը զգում է իր մեջ երկու բնություն՝ մարդու
և գայլի: Բայց ի տարբերություն ուրիշ մարդկանց, որոնք դարձել են ձեռնասուն և սովորել են ենթարկվել, Հարրին տառապում է իր ներսում ծավալվող այդ երկու բնությունների
պայքարից:
Փորձելով ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ՝ Հարրին պարտություն
է կրում: Հանդիպելով փողոցում ծանոթ պրոֆեսորի և այցելելով նրա տուն՝ Հարրին տառապում
է այդ տանը տիրող քաղքենիական մթնոլորտից. հատկապես Գյոթեի անհաջող դիմանկարից և տանտիրոջ
դատողություններից կայզերի մասին: Հարրին ցանկանում է հեռանալ այս աշխարհից, սակայն
վախենում է մահից: Պատահաբար մտնում է «Սև արծիվ» սրճարանը, որտեղ հանդիպում է Հերմինե
անունով մի աղջկա: Սկսվում է անսովոր սիրավեպ: Հերմինեն փորձում է սովորեցնել Հարրիին
գիշերային սրճարաններին և ռեստորաններին, ջազին և իր ընկերներին: Այս ընթացքում հերոսն
ավելի ու ավելի խորն է հասկանում իր վիճակի երկվությունը: Նա խոսում է պատերազմների
դեմ, սակայն պատերազմի ժամանակ թույլ չի տվել, որ իրեն գնդակահարեն, այլ հարմարվել
է իրավիճակին: Նա դեմ է ամեն էքսպլուատացիայի, սակայն բանկում ունի արժեթղթեր, որոնց
տոկոսներով ապրում է:
Խորհրդածելով գերմանական երաժշտության մասին՝ Հալլերը տեսնում
է դրա հանդեպ իր վերաբերմունքի մեջ ողջ գերմանական մտավորականության ճակատագիրը: Կյանքի
մեջ մտնելու և այն ճանաչելու փոխարեն մտավորականը փախչում է երաժշտության անբառ ոլորտը:
Այստեղից ծագում է ատելություն իրականության հանդեպ:
Վեպի վերջում հերոսը հայտնվում է կախարդական դիմականդեսում՝
Մոգական թատրոնում: Փորձելով գտնել Հերմինեին, որը տղայի զգեստ է հագել և հաղթում է
կանանց իր լեսբիական հմայքով, Հարրին հայտնվում է ռեստորանի նկուղային հարկում՝ Հադեսում,
որտեղ նվագում են երաժիշտ չարքերը, իսկ մթնոլորտը հիշեցնում է Գյոթեի «Ֆաուստի» Վալպուրգյան
գիշերը: Ռոմանտիկական ավանդույթից փախչող հերոսը ցուցաբերում է իր էության երկվությունը
կամ բազմակիությունը: Երաժշտության և դասական արվեստի սիրահարը նրա մեջ մեկտեղված է
մարդասպանի հետ: Մոգական թատրոն, որտեղ մուտքը միայն խելագարների համար է, Հարրիին
ուղեկցում է Հերմինայի ընկերը՝ սաքսոֆոնահար Պաբլոն, որը թմրադեղերի մեծ գիտակ է: Հալլերը
սպանում է հենց Պաբլոյի հետ անկողնում հայտնված Հերմինեին՝ անառակին և իր մուսային,
հանդիպում է մեծն Մոցարտին, որը բացահայտում է նրան կյանքի գաղտնիքը: Կյանքը պետք չէ
ընդունել շատ լուրջ: «Հարկ է սովորել ծիծաղել… լսել կյանքի ռադիոերաժշտությունը և ծիծաղել…»:
Մոցարտը վերածվում է Պաբլոյի, ասես ապացուցելով, որ գերագույնը կյանքում խաղն է, որի
օրենքը պետք է պահպանել: Հալլերին մնում է հուսալ, որ երբևէ մի անգամ էլ խաղալու առիթ
կստանա:
Տես նաև Ուլունքախաղ
Հերման Հեսսե | Տափաստանի գայլը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 05, 2015
Rating:
.jpg)