.jpg)
Լամանչի գյուղերից մեկում ապրում է մի հիդալգո, որի
ունեցվածքը նիզակն է, հին վահանը, լղար ձին և որսաշունը: Նրա անունն է Կիխանա կամ
Կեսադա, դա կարևոր չէ: Հիսուն տարեկան է, նիհար, սուր դեմքով և օրեր շարունակ
կարդում է ասպետական վեպեր, ինչի պատճառով խելքը մթագնում է, և նա որոշում է
դառնալ շրջիկ ասպետ: Փայլեցնում է իր նախնիներից պահպանված զրահը, Ռոսինանտ է
կոչում իր ծեր ձիուն, իսկ իրեն վերանվանում Լամանչի Դոն Կիխոտ: Քանի որ շրջիկ
ասպետն անպայման պիտի լինի սիրահարված, հիդալգոն որոշում է իր սրտի տիրուհի ընտրել
Ալդոնսա Լորենսոյին և կոչում է նրան Տոբոսի Դուլսինեա: Հագնելով զրահը՝ Դոն Կիխոտը
ճամփա է ընկնում: Ողջ օրը գնալուց հետո հասնում է իջևանատուն, որն ընդունում է դղյակի
տեղ: Նրա տարօրինակ տեսքը և ճոռոմ խոսքը շարժում է բոլորի ծիծաղը: Իջևանատերը հյուրասիրում է նրան, որից հետո Դոն Կիխոտը խնդրում է նրան իրեն ասպետ կարգել, իսկ
մինչ այդ նա պարտավոր է ողջ գիշեր արթուն մնալ զենքերի մոտ: Պանդոկի տերը հարցնում
է՝ ունի արդյոք Դոն Կիխոտը դրամ: Սակայն Դոն Կիխոտը ոչ մի ասպետական վեպում դրամի
մասին չի կարդացել, ուստի ոչինչ չի վերցրել: Տերը բացատրում է, որ թեպետ դրամը և
վերնաշապիկը վեպերում չեն հիշատակվում, դա չի նշանակում, որ ասպետները դրանցից և
ոչ մեկը չունեն: Առավոտյան հավատացնելով Դոն Կիխոտին, որ ասպետ կարգելու ծեսը
կայանում է սուսերով մեջքին հարված հասցնելու մեջ, իջևանատերը կատարում է այդ
ծեսը և արտասանում է շքեղ ճառ:
Դոն Կիխոտը վերադառնում է տուն՝ դրամ և վերնաշապիկներ
վերցնելու համար: Ճանապարհին տեսնում է, թե ինչպես մի գյուղացի ծեծում է հովիվ
տղային: Ասպետը պաշտպանում է տղային, և գյուղացին խոստանում է նրան, որ երբեք չի
նեղացնի տղային և կվճարի վարձը, որը պարտք է մնացել: Իր սխրագործությամբ ոգևորված՝
Դոն Կիխոտը շարունակում է ճանապարհը, իսկ գյուղացին համոզվելով, որ Դոն Կիխոտն
արդեն չքվել է տեսադաշտից, մահու չափ ծեծում է տղային: Ասպետին հանդիպած
առևտրականները ստիպված են ամենագեղեցիկը ճանաչել Տոբոսի Դուլսինեային: Սակայն, երբ
սկսում են ծիծաղել, ասպետը նիզակով նետվում է նրանց վրա: Ստիպված են լինում ծեծել
նրան, այնպես որ տուն է վերադառնում ջարդված ու հոգնատանջ:
Դոն Կիխոտի համագյուղացի քահանան և վարսավիրը, որոնց հետ
նա հաճախ վիճում էր ասպետական վեպերի մասին, որոշում են այրել նրա բոլոր գրքերը:
Մնում է մի քանի հատոր, այդ թվում՝ «Ամադիս Գաղիացին»: Դոն Կիխոտը Սանչո Պանսա
անունով հողագործին առաջարկում է դառնալ իր զինակիրը և այնքան բան է խոստանում
նրան, որ վերջինս համաձայնում է: Գիշերով Դոն Կիխոտը հեծնում է Ռոսինանտին, իսկ
Սանչոն, որը երազում է որևէ կղզու նահանգապետ դառնալ, հեծնում է իր ավանակին և
նրանք գաղտնի հեռանում են գյուղից: Ճանապարհին հանդիպում են հողմաղացների, որոնք
Դոն Կիխոտը հսկաների տեղ է դնում: Երբ նիզակով հարձակվում է հողմաղացի վրա,
հողմաղացի թևը կոտրում է նիզակը, իսկ Դոն Կիխոտը շպրտվում է գետնին: Որոշում են
գիշերն անցկացնել ագարակում: Տան կին ծառաներից մեկը գիշերով փորձում է առանձնանալ
իր սիրեկանի հետ, բայց սխալմամբ մթության մեջ բախվում է Դոն Կիխոտին, որին թվում
է, թե դա դղյակի տիրոջ՝ իրեն սիրահարված դուստրն է: Սկսվում է ծեծկռտուք, որի
ընթացքում Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան անողոքաբար ծեծվում են:
Շարունակում են ճանապարհորդությունը. հանդիպելով
ոչխարների հոտին և այն դնելով թշնամական զորքի տեղ՝ Դոն Կիխոտը սկսում է աջ ու ձախ
փշրել թշնամում, մինչև որ հովիվները քարերի տարափ են հեղում նրա վրա: Նայելով Դոն
Կիխոտի դեմքին՝ Սանչոն կնքում է նրա նոր անունը՝ Տխուր Պատկերի Ասպետ: Հաջորդ
ուշագրավ սխրանքը վարսավիրի հետ հանդիպումն է: Սա, քանի որ անձրև էր, գլխին դրել
էր պղնձե թասիկը: Դոն Կիխոտը վաղուց էր երազում ձեռք գցել Մամբրինի սաղավարտին և
խլում է վարսավիրից թասիկը, որով շատ հպարտ է: Ազատում է կալանավորներին, որոնց
տանում էին դեպի հալերները, և պահանջում է նրանցից, որ գնան Դուլսինեայի մոտ և
ողջունեն իր անունից: Երբ կալանավորները հրաժարվում են կատարել նրա պատվերը, Դոն
Կիխոտը բարկանում է նրանց վրա, իսկ վերջիններս ի պատասխան քարկոծում են նրան:
Կալանավորներից մեկը՝ Խինես դե Պասամոնտեն, գողացել էր Սանչո Պանսայի ավանակին, և
Դոն Կիխոտը խոստանում է նրան փոխհատուցել իր ունեցած հինգ ավանակներից երեքով:
Սարերում գտնում են ճամպրուկ, որոնց մեջ կա սպիտակեղեն, ոսկե մետաղադրամներ և
բանաստեղծությունների գրքույկ: Դրամը Դոն Կիխոտը զիջում է Սանչոյին, իսկ գրքույկը
վերցնում իրեն: Ճամպրուկի տերը՝ ոմն Կարդենյո, կիսախելագար պատանի, պատմում է Դոն
Կիխոտին իր դժբախտ սիրո պատմությունը, սակայն չի կարողանում ավարտի հասցնել,
որովհետև նրանք գժտվում են. պատճառը Կարդենյոյի անհարգալից խոսքերն են Մադասիմե
թագուհու մասին: Դոն Կիխոտը սիրային նամակ է գրում Դուլսինեային և իր
ազգականուհուն, որում խնդրում է նամակը բերողին հանձնել իր երեք ավանակները:
Սանչոն տանում է նամակը: Մնալով միայնակ՝ Դոն Կիխոտը տրվում է զղջումի, հետո նա
խորհում է, թե որ խելագարությանն է ավելի լավ հետևել՝ Ամադիսի՞, թե՞ Ռոլանդի:
Որոշելով, որ Ամադիսը ավելի հոգեհարազատ է իրեն, բանաստեղծություն է ձոնում Դուլսինեային:
Սանչո Պանսան ճանապարհին հանդիպում է քահանային և վարսավիրին՝ իր
համագյուղացիներին, և նրանք խնդրում են ցույց տալ իրենց Դոն Կիխոտի նամակը: Պարզվում
է սակայն, որ ասպետը մոռացել է տալ նամակը Սանչոյին, և Սանչոն սկսում է անգիր
արտասանել այն, բայց այնպես փոխելով բառերը, որ «անբասիր տիկինը» դառնում է
«անառակ տիկին»: Քահանան և վարսավիրը սկսում են Դոն Կիխոտին տուն վերադարձնելու
հնար մոգոնել: Խնդրում են Սանչոյին փոխանցել Դոն Կիխոտին, որ Դուլսինեան պատվիրել
է նրան իսկույն վերադառնալ: Հավատացնում են Սանչոյին, որ դա կօգնի Դոն
Կիխոտին դառնալ եթե ոչ կայսր, ապա թագավոր, և Սանչոն շնորհի ակնկալիքով
պատրաստվում է օգնել նրանց: Գնում է Դոն Կիխոտի մոտ, իսկ քահանան և վարսավիրը
սպասում են անտառում, բայց հանկարծ լսում են Կարդենյոյին, որը բանաստեղծություն է
կարդում. ուխտադրուժ ընկերը՝ Ֆերնանդոն գողացել է նրա սիրելի Լուսինդեին և
ամուսնացել է հետը: Երբ Կարդենյոն ավարտում է պատմությունը, հայտնվում է տղամարդու
շորեր հագած գեղեցիկ աղջիկ: Ֆերնանդոյից գայթակղված Դորոթեան է: Ֆերնանդոն լքել է
իրեն հանուն Լուսինդեի: Դորոթեան պատմում է, որ Լուսինդեն Ֆերնանդոյի հետ
նշանվելուց հետո որոշել է ինքնասպան լինել, քանզի համարում էր իրեն Կարդենյոյի
կինը և Ֆերնանդոյի հետ համաձայն է ամուսնանալ միայն ծնողների թելադրանքով: Իսկ
Դորոթեան իմանալով, որ նա չի ամուսնացել Լուսինդեի հետ, նորից հույս է փափագել
վերադարձնել տղային: Կարդենյոն հայտնում է
Դորոթեային, որ ինքն է Լուսինդեի իսկական ամուսինը, և նրանք երկուսով որոշում են
վերադարձնել իրենց պատկանողը: Կարդենյոն խոստանում է Դորոթեային, որ եթե Ֆերնանդոն
չվերադառնա նրա մոտ, ինքը մենամարտի կկանչի նրան:
Սանչոն հաղորդում է Դոն Կիխոտին, որ Դուլսինեան կանչում
է նրան, բայց Դոն Կիխոտը պատասխանում է, որ չի գնա Դուլսինեայի մոտ, քանի դեռ չի
կատարել նրա շնորհին արժանի սխրանքներ: Դորոթեան խոստանում է դուրս հանել Դոն
Կիխոտին անտառից, և ներկայանալով Միկոմիկոնի արքայադուստր, ասում է, որ ժամանել է
հեռավոր երկրից, ուր հասել է Դոն Կիխոտի փառքը, որպեսզի պաշտպանություն խնդրի: Դոն
Կիխոտը չի կարող մերժել կնոջը և ուղևորվում է Միկոմիկոն: Ճանապարհին նրանց
հանդիպում է ավանակ նստած Խինես դե Պասամոնտեն՝ կալանավորը, որին ազատել էր Դոն
Կիխոտը և որը գողացել էր Սանչո Պանսայի ավանակը: Սանչոն ետ է ստանում իր ավանակը,
և բոլորը շնորհավորում են նրան այդ հաջողության առթիվ: Աղբյուրի մոտ հանդիպում են
տղայի՝ այն հովվին, որին պաշտպանել էր Դոն Կիխոտը: Տղան պատմում է, որ այդ
օգնությունը շատ թանկ արժեցավ իրեն և անիծում է բոլոր շրջիկ ասպետներին:
Հասնում են իջևանատուն և գիշերում այդտեղ: Գիշերով մառանից,
որտեղ հանգստանում էր Դոն Կիխոտը, դուրս է վազում Սանչոն: Երազում կռվելով
թշնամիների հետ՝ Դոն Կիխոտը թրով պատռում է գինով տիկերը: Իջևանատուն է գալիս նաև
բարձրաշխարհիկ մի տիկին իր շքախմբով: Հետաքրքրասեր քահանան հարցուփորձ է անում
ծառային, թե ովքեր են իր տերերը: Բայց ծառան կարգին չգիտի, և միայն ասում է, որ
տիկինը ամբողջ ճանապարհին լաց էր լինում և պատրաստվում էր գնալ կուսանոց: Պարզվում
է, որ դա Լուսինդեն է, որը վճռել էր կուսանոց գնալ Կարդենյոյի հետ ամուսնանալ
չկարողանալու պատճառով, սակայն Ֆերնանդոն փախցրել է նրան: Տեսնելով դոն
Ֆերնանդոյին՝ Դորոթեան նետվում է նրա ոտքերը և աղերսում է իր մոտ վերադառնալ, իսկ
Լուսինդեն ուրախանում է՝ միավորվելով Կարդենյոյի հետ: Տխուր է միայն Սանչոն, քանի
որ համարում էր Դորոթեային Միկոմիկոնի արքայադուստր և հույս ուներ շնորհներ
ստանալ: Դոն Կիխոտը վստահ է, որ ամեն բան հաջողությամբ պսակվեց, որովհետև նա
հաղթել է հսկային, իսկ երբ նրան ասում են, որ դա գինու տիկ էր, պատասխանում է, որ
դա կախարդի հմայությունների արդյունք է: Քահանան և վարսավիրը պատմում են բոլորին,
որ Դոն Կիխոտը խելագար է, և Դորոթեան Ֆերնանդոյի հետ որոշում են չլքել նրան, այլ
հասցնել գյուղ, որը շատ հեռու չէր: Դորոթեան ասում է Դոն Կիխոտին, որ իր
երջանկությամբ պարտական է նրան և շարունակում է խաղալ իր դերը: Իջևանատուն է գալիս մի
տղամարդ մավրիտանուհի կնոջ հետ: Տղամարդը կապիտան է, որը Լեպանտոյի ճակատամարտում
գերի էր ընկել: Գեղեցկուհի մավրուհին օգնել է նրան փախչել և ուզում է կնքվելուց
հետո դառնալ նրա կինը: Գալիս է նաև մի դատավոր իր դստեր հետ. պարզվում է՝ փրկված
կապիտանը դատավորի եղբայրն է: Գիշերով Դորոթեան լսում է ձիապանի երգը և արթնացնում
է դատավորի դստերը՝ Կլարային, որպեսզի աղջիկը նույնպես լսի նրան, սակայն պարզվում
է, որ երգիչը բնավ էլ ձիապանը չէ, այլ Կլարային սիրահարված Լուիս անունով
երիտասարդն է: Կլարան շատ ազնվատոհմիկ չէ, ահա ինչու նրանք վախենում են, որ տղայի
հայրը թույլ չի տա նրանց ամուսնանալ: Պանդոկ են գալիս նաև մի խումբ հեծյալներ.
Լուիսի հոր ուղարկած խուզարկուներն են: Լուիսը հրաժարվում է վերադառնալ նրանց հետ
և խնդրում է Կլարայի ձեռքը: Իջևանատուն է գալիս նաև ուրիշ վարսավիր. նա, ումից Դոն
Կիխոտը խլել էր Մամբրինի սաղավարտը: Ետ է պահանջում իր թասիկը: Քահանան ծեծկռտուքը
կասեցնելու նպատակով նրան ութ ռեալ է տալիս: Հանկարծ ներկաներից մեկը նշաններից
ճանաչում է Դոն Կիխոտին, ով հետախուզվում է որպես հանցագործ՝ կալանավորներին ազատ
արձակելու համար, և քահանան մեծ ջանքերի գնով հազիվ է համոզում չձերբակալել Դոն
Կիխոտին, քանի որ սա խելագար է: Քահանան և վարսավիրը փայտե վանդակ են սարքում և
պայմանավորվում են մի մարդու հետ, որ սա իր կառքով վանդակի մեջ փակված Դոն Կիխոտին
հասցնի գյուղ: Սակայն հետո բաց են թողնում Դոն Կիխոտին, որը աղոթողներից խլում է
կույսի մարմարե արձանը՝ համարելով այն օգնության կարիք ունեցող տիկին: Վերջապես
Դոն Կիխոտը հասնում է տուն, որտեղ տան կանայք անկողին են պառկեցնում նրան, իսկ
Սանչոն վերադառնում է կնոջ մոտ, որին խոստանում է, որ հաջորդ անգամ կվերադառնա
առնվազն որպես կոմս կամ նահանգապետ: Մի ամիս անկողնում պառկած Դոն Կիխոտին
այցելում են քահանան և վարսավիրը: Նա սթափ է, սակայն հենց որ զրույցը անդրադառնում
է ասպետականության թեմային, հասկանում են, որ Դոն Կիխոտը մնացել է նույն հիվանդը:
Սանչոն էլ է այցելում Դոն Կիխոտին և պատմում է նրան, որ Սալամանկայից վերադարձել է
իրենց հարևանի որդի՝ բակալավր Սամսոն Կարասկոն, որն ասում է, թե լույս է տեսել Դոն
Կիխոտի պատմության մասին գիրք՝ գրված Սիդ Ահմեդ Բենինհալիի կողմից: Դոն Կիխոտը
հանդիպում է Կարասկոյի հետ և հարցուփորձ է անում գրքի մասին: Բակալավրը պատմում է,
որ բոլորը հիացած են այդ գրքով, հատկապես՝ ծառաները: Հաջորդ իսկ օրը Դոն Կիխոտը և
Սանչոն թաքուն ճամփա են ընկնում նոր սխրագործություններ կատարելու: Սամսոնի խորհրդով Դոն
Կիխոտը ուղևորվում է Սարագոսա, որտեղ պիտի տեղի ունենա ասպետների մրցույթ:
Անտառում Դոն Կիխոտը և Սանչո Պանսան հանդիպում են Վանդալի Կասիլդեային սիրահարված
Հայելիների Ասպետին, որը գլուխ է գովում, թե հաղթել է Դոն Կիխոտին: Դոն Կիխոտը
մենամարտի է հրավիրում նրան: Երբ Դոն Կիխոտը արդեն սպանելու վրա էր Հայելիների
ասպետին, վերջինիս զինակիրը բղավում է, որ իր տերը իրականում Սամսոն Կարասկոն է,
որը հույս ուներ հաղթելու դեպքում ետ բերել Դոն Կիխոտին տուն: Դոն Կիխոտը
շարունակում է իր ուղևորությունը դեպի Սարագոսա: Ճանապարհին նրան միանում է Դիեգո
դե Միրանդան: Նրանց ընդառաջ է գալիս մեծ սայլ, որի մեջ տեղափոխում են առյուծներ:
Դոն Կիխոտը պահանջում է, որ վանդակը բացեն: Սակայն առյուծը չի ցանկանում դուրս գալ
և կռվել Դոն Կիխոտի հետ, որն այսուհետ կոչում է իրեն Առյուծների Ասպետ:
Մի օր Դոն Կիխոտը որոշում է իջնել Մոնտեսինոսի քարայրը:
Սանչոն և քահանա-ուսանողը պարանով իջեցնում են նրան: Երբ հանում են, Դոն
Կիխոտը պատմում է, որ բազում հրաշալիքների է ականատես եղել՝ այդ թվում կախարդված
Դուլսինեային, որը նրանից վեց ռեալ է ուզել պարտքով: Այս պատմությունն անհավատալի
է թվում անգամ Սանչոյին: Մի անգամ մայրամուտին Դոն Կիխոտը տեսնում է, թե ինչպես են
հովտում դուքսը և դքսուհին բազեաորս անում: Դքսուհին կարդացել է Դոն Կիխոտի մասին:
Հրավիրում է իր պալատ որպես պատվավոր հյուրի: Իր պալատականների հետ տարբեր
կատակներ են անում Դոն Կիխոտի հետ և լավ զվարճանում են՝ զարմանալով նրա
խելագարության և միաժամանակ խոհեմության վրա, ինչպես նաև Սանչոյի պարզամտության և
հնարամտության: Դոն Կիխոտին այցելում է կախարդ Մերլինը և տեղեկացնում, որ
Դուլսինեային ետ կախարդելու համար ասպետը պիտի երեք հազար երեք հարյուր անգամ
մտրակի Սանչոյի հետույքը: Սանչոն ընդդիմանում է, սակայն լսելով, որ դուքսն իրեն
կղզի կնվիրի, համաձայնում է: Դուքսը մեծ շքախմբով ուղարկում է Սանչոյին այն
քաղաքը, որը պիտի անցներ խոստացված կղզու տեղ, քանզի Սանչոն չգիտեր, որ կղզիները
միայն ծովում են և ոչ ցամաքում: Ղեկավարելով իր «կղզին»՝ Սանչոն դրսևորում է բարձր
արդարամտություն և հմտություն: Դա մասնավորապես լավ է երևում, երբ նա վարում է
քաղաքացիական դատական գործեր:
Այդ ընթացքում Դոն Կիխոտը տառապում է պալատում անցնող
ձանձրալի ժամանակից և ի վերջո Սանչոյի հետ լքում է դուքսին: Իջևանատանը Դոն Կիխոտը և Սանչոն հանդիպում են դոն Խուանին և դոն Հերոնիմոյին, որոնք
կարդում են «Դոն Կիխոտի» երկրորդ գիրքը: Ասպետն ու իր զինակիրը այդ գրվածքը
համարում են հերյուրանք: Այնտեղ պատմվում է, որ Դոն Կիխոտը դադարել է սիրել
Դուլսինեային, և սխալ է հիշատակված Սանչոյի կնոջ անունը: Իմանալով, որ Սարագոսայի
մրցությունը նկարագրված է դեռ տեղի չունեցած՝ Դոն Կիխոտը փոխում է իր ճանապարհը
դեպի Բարսելոն, որպեսզի բոլորն իմանան, որ գիրքն իր մասին չէ: Բարսելոնում Դոն Կիխոտը մենամարտում է Սպիտակ Լուսնի Ասպետի
հետ և պարտվում է: Այդ ասպետը Սամսոն Կարասկոն է, որը պահանջում է Դոն Կիխոտին
վերադառնալ գյուղ: Ճանապարհին մեկ անգամ էլ այցելում են դուքսի պալատ, որը դեմ չէ
շարունակել զվարճությունը: Պալատում դրված է Ալտիսիդորայի մարմնով կատաֆալկը, որն իբր
թե մահացել է Դոն Կիխոտի հանդեպ անպատասխան սիրուց: Աղջկան վերակենդանացնելու
համար Սանչոն պիտի ենթարկվեր չորս քթի հարվածի, տասներկու կսմթոցի և վեց
ասեղնագնդի ծակոցի: Սանչոն իմանալով, որ տերը նրան կվճարի, համաձայնում է:
Վերադառնալով հարազատ գյուղ՝ Դոն Կիխոտը որոշում է մեկ տարով դառնալ հովիվ և
խորհուրդ է տալիս Սանչոյին, քահանային և բակալավրին հետևել իր օրինակին: Դոն
Կիխոտի առողջությունը, սակայն, վատթարանում է: Մահից առաջ նրա գլուխը պայծառանում
է, և նա իրեն կոչում է ոչ թե Դոն Կիխոտ, այլ Ալոնսո Կիխանա: Անիծում է ասպետական
վեպերը և մահանում է քրիստոնեաբար, ինչպես չի մահացել ոչ մի շրջիկ ասպետ:
Տես նաև Լոպե դե Վեգա Պարտիզպանի շունը, Կալդերոն Կյանքը երազ է և Տիրսո դի Մոլինա Սևիլիայի չարաճճին կամ քարե հյուրը
Սերվանտես | Դոն Կիխոտ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 07, 2015
Rating:
.jpg)