.jpg)
Դիանան՝ կոմսուհի դը Բելֆորը, ուշ երեկոյան մտնելով Նեապոլի
իր դղյակի սրահը՝ տեսնում է թիկնոցներով ծածկված երկու տղամարդկանց, որոնք իսկույն
փախչում են: Գալիս է ծառաներից մեկը՝ Ֆաբիոն, որին Դիանան ուղարկել էր անծանոթների
ետևից և ասում է, որ փախչողներից մեկը գլխարկով կոտրել է լապտերը: Դիանան կասկածում
է, որ այցելուն իր երկրպագուներից մեկն է: Հավաքում է իր ապարանքի բոլոր կանանց և բծախնդիր
քննությունից հետո պարզում է, որ խորհրդավոր այցելուն իր քարտուղար Թեոդորոն է, որը
սիրահարված է սենեկապահուհի Մարսելլային: Թեպետ Մարսելլան վախենում է կոմսուհու բարկությունից,
սակայն խոստովանում է, որ սիրում է Թեոդորոյին: Իմանալով, որ սրանք պատրաստվում են
ամուսնանալ՝ Դիանան որոշում է օգնել նրանց: Սակայն մնալով մենակ՝ նկատում է, որ ինքն
էլ անտարբեր չէ Թեոդորոյին հանդեպ և եթե վերջինս լիներ ազնվական, Դիանան ինքը կարող
էր երջանիկ լինել նրա հետ:
Թեոդորոն և իր ծառա Տրիստանը քննարկում են գիշերվա իրադարձությունները:
Թեոդորոն վախենում է, որ իրեն կվռնդեն, և Տրիստանը խորհուրդ է տալիս նրան մոռանալ Մարսելլային:
Ներս է մտնում Դիանան և կարգադրում է նամակ գրել իր ընկերուհիներից մեկին՝ ցույց տալով
իր ձեռքով գրված մի քանի տողերի օրինակներ: Տողերի միտքը հետևյալն է. կարելի է բռնկվել
կրքով՝ տեսնելով ուրիշի կիրքը և խանդել դեռևս սիրահարված չլինելով: Կոմսուհին պատմում
է Թեոդորոյին իր ընկերուհու դեպքը, որի մեջ հեշտությամբ ընթերցվում են իր զգացմունքները
Թեոդորոյի հանդեպ: Գալիս է մարկիզ Ռիկարդոն՝ կոմսուհու երկրպագուն, խնդրելու Դիանայի
ձեռքը: Դիանան այս անգամ տալիս է անորոշ պատասխան և նշում է, որ չգիտի, թե ում ընտրել՝
մարկիզի՞ն, թե՞ կոմս Ֆեդերիկոյին՝ իր մյուս երկրպագուին: Այդ ընթացքում Թեոդորոն ավարտում
է նամակը, որը դուր է գալիս Դիանային: Թեոդորոն նկատում է, որ տիրուհին սիրահարված
է իրեն: Քիչ անց հանդիպում է Մարսելլայի հետ, որը հաղորդում է կոմսուհու իրենց ամուսնացնելու
որոշման մասին: Թեոդորոյի պատրանքները հօդս են ցնդում: Ներս է մտնում Դիանան և տեսնելով
գրկախառնված զույգին՝ հրամայում է Մարսելլային փակվել իր սենյակում և մինչև ամուսնությունը
դուրս չգալ՝ մյուս սենեկապահուհիներին վատ օրինակ չծառայելու համար: Թեոդորոյի հետ
միայնակ մնալով՝ Դիանան իմանում է, որ երիտասարդը իրականում անտարբեր է Մարսելլայի
նկատմամբ և սոսկ կատարում է իր տիրուհու կամքը: Դիանան հստակ հասկացնում է Թեոդորոյին,
որ կուզեր նրա հետ կապել իր կյանքը. խանգարում
է Թեոդորոյի ոչ բարձրատոհմիկ ծագումը:
Թեոդորոն երազանքների գրկում է: Արդեն պատկերացնում է իրեն
կոմսուհու ամուսին: Սառնասրտորեն է կարդում Մարսելլայի նամակը և անգամ վիճում է իր
«բանտախուցը» լքած աղջկա հետ: Մարսելլան ի նշան վրեժի, սիրաբանում է Ֆաբիոյի հետ:
Դիանայի հեռավոր ազգական կոմս Ֆեդերիկոն նույնպես Դիանայի
ձեռքը խնդրելու փորձ է անում: Երկու երկրպագուները տաճարում հարցնում են Դիանային,
թե ում է տալիս իր գերապատվությունը: Վերջինս խուսափող պատասխան է տալիս: Հետո խորհուրդ
է հարցնում Թեոդորոյից, թե ինչպես վարվի: Տեսնելով իր քարտուղարի անորոշությունը և
վիրավորվելով դրանից՝ Դիանան հրամայում է նրան հայտարարել, որ ինքն ընտրում է մարկիզ
Ռիկարդոյին: Թեոդորոն վազում է Մարսելլայի մոտ՝ հաշտվելու վերջինիս հետ: Սակայն աղջիկը
շատ է վիրավորված: Այդուհանդերձ, Տրիստանի օգնությամբ երիտասարդները հաշտվում են: Դիանան
գաղտնի հետևում է այդ տեսարանին: Դուրս է գալիս իր թաքստոցից և թելադրում է նոր նամակ,
որի իմաստը պարզ է. հիմար ծառան չի կարողացել գնահատել իր տիրուհու զգացմունքը: Թեոդորոն
նորից առիթ է ստանում հրաժարվելու Մարսելլայի սիրուց:
Գալիս է մարկիզ Ռիկարդոն, որը երջանիկ է, որ շուտով իր կինը կլինի Դիանան, սակայն կոմսուհին բացատրում է, որ ծառաները սխալ են մեկնաբանել իր
ջերմ խոսքերը: Նորից թյուրըմբռնումներով լի Դիանայի և Թեոդորոյի զրույցի տեսարան, որի
ընթացքում կոմսուհին մատնանշում է իրենց բաժանող վիհը՝ ազնվատոհմիկությունը: Թեոդորոն
բացականչում է, որ սիրում է Մարսելլային, ինչի համար ապտակ է ստանում: Տեսարանի վկա է կոմս Ֆեդերիկոն, որը հասկանում է, որ Դիանայի
ցասման տակ թաքնված է բոլորովին այլ զգացմունք: Ռիկարդոյի հետ որոշում են դիմել վարձու
մարդասպանի օգնությանը և սպանել Թեոդորոյին: Այնպես է ստացվում, որ ընտրում են Տրիստանին՝
Թեոդորոյի ծառային: Իմանալով այս ամենը՝ Թեոդորոն որոշում է մեկնել Իսպանիա: Կոմսուհին
հավանություն է տալիս այդ որոշմանը՝ անիծելով իր բախտը: Ստեղծված իրադրությունից ելքը
գտնում է Տրիստանը: Իմանալով, որ Նեապոլի նշանավոր մարդկանցից մեկի՝ կոմս Լուդովիկոյի
որդին՝ Թեոդորոն, քսան տարի առաջ կորել է ծովում՝ խորամանկ ծառան որոշում է իր տիրոջը
ներկայացնել որպես կոմսի կորած որդի: Հույն վաճառականի շորեր հագած այցելում է ծեր
Լուդովիկոյին և երջանկացնում նրան: Ծերուկը շտապում է Դիանայի դղյակ, որտեղ գրկում
է իր «որդուն»: Դիանան իսկույն բոլորին հայտարարում է իր սիրո մասին: Թեոդորոն խոստովանում
է Դիանային, որ իր տիտղոսով պարտական է Տրիստանի մեքենայություններին, սակայն Դիանան
անհողդողդ է իր որոշման մեջ: Լուդովիկոն երջանիկ է. գտել է ոչ միայն որդի, այլև դուստր:
Մարսելլան ստանալով հարուստ օժիտ՝ ամուսնանում է Ֆաբիոյի հետ: Տրիստանին Դիանան խոստանում
է իր ընկերությունը և հովանավորությունը, եթե սա գաղտնի պահի Թեոդորոյի բարձրացման
ճշմարիտ պատճառները, ինչպես նաև խոստանում է, որ այլևս երբեք չի լինի պարտիզպանի շուն:
Տես նաև Լոպե դե Վեգա Ֆուենտե Օվեխունա, Կալդերոն Կյանքը երազ է և Տիրսո դե Մոլինա Սևիլիայի չարաճճին
Լոպե դե Վեգա | Պարտիզպանի շունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 03, 2015
Rating:
.jpg)