
Գավառակենտրոն NN քաղաք է ժամանում կոլեգիայի խորհրդական
Պավել Իվանովիչ Չիչիկովը՝ ոչ երիտասարդ, բայց ոչ էլ ծեր, ոչ գեր, բայց ոչ էլ նիհար,
ավելի շուտ բարետես, քան տգեղ մի մարդ: Տեղի պանդոկի ծառայից հետաքրքրվում է քաղաքի
հարուստ կալվածատերերի մասին, ինչպես նաև վերջերս գավառին պատուհասած հիվանդությունների,
որոնք շատ մարդկանց մահվան պատճառ են դարձել: Հետո առանձին-առանձին այցելում է քաղաքի
բոլոր նշանակալի մարդկանց և արագ նվաճում է նրանց բարյացակամությունը, քանի որ յուրաքանչյուրին
գիտի ասել հաճելին: Իր մասին ասում է աղոտ բաներ, մասնավորապես, որ տուժել է ծառայության
գծով, չնայած անբասիր ծառությանը: Հիմա փնտրում է բնակության վայր: Գավառապետի մոտ
ընթրիքի ժամանակ կարողանում է շահել բոլորի հիացմունքը և ծանոթանալ կալվածատերեր Սոբակևիչի
և Մանիլովի հետ: Հետագա երեկոները հերթով այցելում է նաև պոլիցմայստերին, որի տանը
ծանոթանում է կալվածատեր Նոզդրյովի հետ, պալատի նախագահին և փոխգավառապետին, նաև դատախազին:
Հետո Չիչիկովն այցելում է Մանիլովի կալվածք, որի այգում տաղավարի
վրա գրված է՝ «Մեկուսի խորհրդածության տաճար»: Տանտիրոջ, նրա կնոջ և երկու տղա զավակների՝
Թեմիստոկլյուսի և Ալկիդեսի հետ ճաշելուց հետո Չիչիկովը հայտնում է իր այցի պատճառը:
Կուզեր գնել գյուղացիներին, որոնք մեռել են, սակայն շարունակում են կենդանի համարվել
գրանցման տեղեկագրում: Առուվաճառքի պայմանագրում նրանք կնշվեն որպես ողջեր: Տանտիրոջ
սկզբնական զարմանքը փոխվում է բարյացակամության և կատարելով գործարքը՝ Չիչիկովը մեկնում
է Սաբակևիչի մոտ: Սակայն ճանապարհին Չիչիկովի կառապանը բաց է թողնում ճիշտ շրջադարձը
և շուռ է տալիս կառքը ցեխի մեջ: Մութն ընկնում է, և նրանք իջևանում են Նաստասյա Ֆիլիպովնա
Կորոբոչկայի մոտ՝ կալվածատիրուհու, որին առավոտյան Չիչիկովն անում է նույն առաջարկությունը:
Պատրաստ է գնել ռևիզիայում կենդանի համարվող, բայց արդեն մեռած գյուղացիներին: Կորոբոչկան
վաճառում է նրան մեռած հոգիները տասնհինգ ռուբլով և երբ Չիչիկովը հեռանում է, ընկնում
է կասկածների մեջ: Նրան թվում է, որ էժան է վաճառել:
Չիչիկովը ճանապարհին որոշում է ճաշել պանդոկում, և հեղինակը
մանրամասնորեն նկարագրում է միջին ձեռքի մարդկանց ախորժակը: Այստեղ նրան հանդիպում
է Նոզդրյովը, որը վերադառնում է տոնավաճառից աներոջ հետ: Տոնավաճառում թղթախաղում տանուլ
է տվել ամեն բան, նույնիսկ ժամացույցի շղթան: Առաջարկում է Չիչիկովին իրենից շան թուլա
գնել… Չիչիկովն ընդունում է նրա հրավերը և այցելում է Նոզդրյովի կալվածք՝ հույս ունենալով
այստեղ էլ ձեռք բերել մեռած հոգիներ: Սակայն ո´չ գնել, ո´չ էլ նվեր ստանալ հոգիները
նրան չի հաջողվում: Նոզդրյովն առաջարկում է փոխել դրանք կամ հաղթել թղթախաղում: Ի վերջո,
բարկանում է, սկսում է հայհոյել և վռնդում է Չիչիկովին առանձին սենյակ քնելու: Առավոտյան
նորից սկսում է համոզել շահել մեռած հոգիները, և Չիչիկովը համաձայնում է շաշկի խաղալ:
Սակայն շուտով նկատում է, որ Նոզդրյովն անօրինական հնարքների է դիմում և հրաժարվում
է խաղալ: Չիչիկովը, որին Նոզդրյովն իր մարդկանց հետ արդեն պատրաստվում էր ծեծել, կարողանում
է փախչել այն բանից հետո, երբ ներս է մտնում կատարածու-կապիտանը, որը հայտարարում է,
որ Նոզդրյովին դատի են տվել: Ճանապարհին Չիչիկովը բախվում է դիմացից եկող կառքի մեջ
նստած տասնվեցամյա օրիորդին և ընկնում է ընտանեկան երազանքների գիրկը: Սոբակևիչի մոտ
հիմնավոր ճաշից հետո Չիչիկովն առաջարկում է իր տարօրինակ գործարքը: Տանտերը չի զարմանում,
բայց սկսում է համառորեն սակարկել և գովաբանել մեռած գյուղացիների դրական որակները:
Գործարքը կայանում է:
Այնուհետև Չիչիկովը մեկնում է կալվածատեր Պլյուշկինի մոտ,
որի անունը հիշատակել էր Սոբակևիչը: Սկզբում նա ընդունում է Պլյուշկինին պառավի և անգամ
չքավորի տեղ: Սա այնպիսի ծայրահեղ աստիճանի է հասցրել տնտեսման իր արվեստը, որ ունի
մուրացկանի տեսք, իսկ Չիչիկովը, բացատրելով մեռած ոգիներին վաճառելու օգուտը, կարողանում
է բավականաչափ հոգիներ ձեռք բերել:
Առավոտյան զարթնելով հյուրանոցում՝ գոհ Չիչիկովն ուսումնասիրում
է գնած գյուղացիների ցուցակները, հետո գնում է քաղաքացիական պալատ՝ գործն ավարտին հասցնելու
համար: Այստեղ քաղաքի բարձր պաշտոնյաները քննարկում են այն հարցը, թե որտեղ է Չիչիկովը
տեղափոխելու իր գյուղացիներին: Պարզելով, որ տեղափոխելու է Խերսոնի գավառ, գնում են
Պոլիցմայստերի մոտ, որտեղ խմում են Խերսոնի նոր կալվածատիրոջ կենացը և անգամ խոստանում
են անպատճառ ամուսնացնել նրան:
Չիչիկովի ձեռքբերումները մեծ աղմուկ են հանում քաղաքում:
Լուրեր են պտտվում, որ նա միլիոնատեր է: Տիկնայք խելքահան են լինում նրա համար: Չիչիկովը
գավառապետի մոտ տոնահանդեսի նախօրյակին անգամ սիրային անանուն նամակ է ստանում: Տոնահանդեսին
նրան սպասում են գրկախառնություններ, հաճոյախոսություններ… Տիկնայք, որոնց մեջ փորձում
է գուշակել նամակի հեղինակին, վիճում են՝ որոշելով, թե իրենցից ում նկատմամբ է նա ավելի
ուշադիր: Հանկարծ նրան է մոտենում գավառապետի կինը իր տասնվեցամյա դստեր հետ: Չիչիկովն
իսկույն կորցնում է տիկնանց բարյացամակամությունը, քանի որ սկսում է զրուցել տասնվեցամյա
գեղեցկուհու հետ՝ արհամարհելով մյուսներին: Ներս է խուժում Նոզդրյովը և բարձրաձայն
հարցնում է, թե շատ է արդյոք Չիչիկովը մեռած հոգիներ գնել: Եվ թեպետ Նոզդրյովը ակնհայտորեն
հարբած է, պարահանդեսից հեռանում է տրտում:
Այդ նույն ժամանակ քաղաքով է շրջում Կորոբոչկան և փորձում
է ճշտել, թե ինչ արժեն մեռած հոգիները: Առավոտյան այս լուրն ընկնում է մի հաճելի տիկնոջ
ականջը, իսկ սա շտապում է կիսել այն ընկերուհու՝ բոլոր առումներով հաճելի տիկնոջ հետ,
որի հավելումները և բուռն երևակայության կռահումները լսելուց հետո ողջ քաղաքով մեկ
տարածում է լուրն այն մասին, որ Չիչիկովը գիշերով զինված եկել է Կորոբոչկայի մոտ և
պահանջում է հոգիներ: Մեռած հոգիներ: Երկու ընկերուհիները տարածում են նաև վարկածն
ըստ որի այդ ամենը Չիչիկովն արել է գավառապետի դստերն առևանգելու համար, իսկ նրա օգնականը
հավանաբար պիտի որ եղած լիներ Նոզդրյովը: Քաղաքում սկսում են շրջել տարբեր ասեկոսեներ՝
կեղծ թղթադրամների, նոր գավառապետի, օրինական դատաստանից փախած ավազակի մասին: Փորձելով
հասկանալ, թե ով է Չիչիկովը՝ հիշում են, որ նա բավականին աղոտ էր ներկայացել: Անգամ
վարկած են առաջ քաշում, որ Չիչիկովը Նապոլեոնն է: Բոլոր այս քննարկումները լուրջ ազդեցություն
են ունենում դատախազի վրա: Նա ապրումներից կաթված է ստանում և մահանում է:
Ինքը Չիչիկովը հյուրանոցում է: Մի փոքր մրսել է և փողոց չի
դուրս գալիս: Զարմանում է, որ չինովնիկներից ոչ ոք չի գալիս իրեն տեսակցելու: Գնում
է գավառապետի տուն և պարզում, որ իրեն արգելված է ընդունել: Մյուս տեղերում նույնպես:
Նրան է այցելում Նոզդրյովը և պարզաբանում է իրավիճակը: Չիչիկովին կասկածում են գավառապետի
աղջկան առևանգելու փորձ կազմակերպելու մեջ:
Հաջորդ առավոտյան Չիչիկովը մեկնում է քաղաքից և նախքան դա
հասցնում է տարածության վրա հետևել գավառապետի թաղման արարողությանը:
Հեղինակը վերջապես ներկայացնում է Պավել Իվանովիչ Չիչիկովի
կյանքի պատմությունը: Ուսումը դպրոցում, որտեղ տղան ցուցաբերում է պրակտիկ խելամտություն
և դասընկերներին է վաճառում ամեն տեսակ իրեր և ուտելիք, ապա ծառայությունը պետական
պալատում, հետո մաքսատանը, որտեղ նա սկզբում ձևացնում է անմատույց մի անկաշառի, իսկ
հետո սկսում է մեծ փողեր շինել մաքսանենգների հետ: Նրան բռնում են, և նա ստիպված է
թողնել ծառայությունը: Շրջելով ողջ Ռուսաստանով մեկ որպես գյուղացիների գրավադրման
գործով կատարածու՝ որոշում է գնել մեռած հոգիներ՝ նրանց հետագայում գրավադրելու, վաճառելու
և գյուղակ գնելու նպատակով:
Հեղինակն ավարտում է վեպը՝ խոսելով կառքին լծված ձիերի եռյակի
մասին և համեմատելով նրանց հետ առաջ սլացող Ռուսիան:
Տես նաև Շինել, Ռևիզոր, Քիթը և Տարաս Բուլբա
Նիկոլայ Գոգոլ | Մեռած հոգիներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 26, 2015
Rating:
