
Ժողովածուն (1912) բաղկացած է 3 բաժնից՝ «Հեթանոս երգեր»,
«Հարճը» և «Գողգոթայի ծաղիկներ»:
1910-ականներին Վարուժանի մեջ ամրապնդվում է հեթանոսական
կողմնորոշումը: Վարուժանը դառնում է հեթանոսական շարժման պարագլուխ: Շարժման իմաստն
այն է, որ քրիստոնեության ընդունումից հետո հայ ժողովուրդը թուլացել է ոգով, մինչդեռ
հեթանոսական շրջանում ավելի կորովի ու հաղթական էր: Պետք է վերադառնալ հին աստվածներին:
Վարուժանի հեթանոսական կողմնորոշումը նաև հակադրվում էր ժամանակի
ֆուտուրիզմին, որին որպես այլընտրանք նա ստեղծեց անցյալապաշտ ուղղություն՝ ապավինելով
անցյալի դասականներին՝ Խորենացուն և հռոմեացի Վերգիլիուսին: Այդ ծրագիրը նա պիտի իրագործեր
գեղարվեստական ստեղծագործությամբ և «Նավասարդ» տարեգրքով, որի նպատակն էր արթնացնել
«ցեղին հանճարը»:
«Հեթանոս երգեր» շարքը բացվում է «Գեղեցկության արձանին»
սոնետով, որի մեջ ասվում է. «Կուզեմ ըլլա քու մարմարիո՛նդ պեղված»:
Հին աստվածներից ոգեկոչում է նախ Վանատուրին, որը հայ դիցաբանության
մեջ եղել է այգեգործության, պտղաբերության և հյուրընկալության աստվածը: Հաջորդում են
երեք քույրերի խորհրդանշական կերպարները, որոնք խոսք են ուղղում երեք աստվածների՝ կայծակի
աստծուն, որը Վահագնն էր, սիրո աստվածուհի Աստղիկին և հունական դիցաբանության մեջ ամուսնության
աստված Հիմենեսին: Անվանական բանաստեղծություններ է ձոնում Անահիտին, Սադուռնին, մեռած
աստվածներին: «Մեռած աստվածներուն» բանաստեղծության մեջ բացատրում է իր հեթանոսական
դարձի իմաստը.
Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմության կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտված, Արվեստիս դառը սրտեն
Կողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:
Մեռա՛վ խորհուրդն. և Բնությունն է արյունե՛ր
Օրենքներու կարկինին սուր սլաքով:
Ձանձրույթը մնաց, պչնված փուշ պսակով:
Մարդն է ինկած գարշապարին տակ հսկա
Խուլ Աստուծո մը հրեա:
Բանաստեղծը ողբում է հին աստվածների մահը, ափսոսում է մարդկության
հին արժեքների կորուստը: Այսքանից առաջ և հետո բացվում է հեթանոսական տեսարանը, որտեղ
նա իրեն զգում է արքա. «Ես արքա մեմ այս գիշեր Արևելքի ճոխությանց»: Նա երանության
մեջ է, նրա առաջ պարում է չերքեզուհին («Հեթանոսական»): Վարուժանը հրաշալի է նկարագրում
տեսարանը, որը պիտի մարմնավորվեր նրա «Հարճը» պոեմում:
Ահա Կլեոպատրան («Կլեոպատրա»)՝ հին աշխարհի առեղծվածային
գեղեցկուհին, Եգիպտոսի թագուհին (Ք. ա. 68-30), որը նավակի մեջ լողում է Նեղոսի ջրերի
վրա: Այստեղ ևս բանաստեղծը խոսում է քնարի լարերը փոխելու մասին. «Պետք է փոխեմ լարերս
հին…», որպեսզի կարողանա ամբողջական երգել հին աշխարհի գեղեցկությունների գովքը: Հին
աստվածներին և աստվածների սերը վայելող թագուհիներին հաջորդում են առօրյա տարերքի մեջ
նետված գեղեցկուհիները՝ հեթանոսորեն, բաց և հուռթի, կենսականորեն անհրաժեշտ ու գրավիչ:
Այս տրամադրությամբ են գրված «Ո՜ Տալիթա», «Գրգանք», «…Ո՛վ Լալագե» և մի քանի այլ բանաստեղծություններ:
Թանձր ու ճոխ պատկերների մարմնացում է «Արևելյան բաղանիք» քերթվածը: Շարքն ամփոփվում
է բանաստեղծների ներշնչանքի աղբյուր թևավոր ձիու Պեգասի պատկերով («Բեգաս»), որը մեռնող
կյանքից թռչում է դեպի վեր, դեպի բարձրունքներ, որտեղ աճում է լեռնային գեղեցկուհին՝
Էտըլվայս ծաղիկը, որին այլ կերպ ասում են նաև ալպիական մանուշակ.
Հոս, ձյուներուն ու լույսին
Մեջ թաթախված՝ խաղաղորեն կը ծաղկին
Էտըլվայսներն երազին:
«Հեթանոս երգեր» շարքում Վարուժանը երգում է հոգու ազատության
երգը, Մարդու երգը. Մարդու, որն ավելի ազատ, ամբողջական և ինքն իրեն նման էր հին աստվածների
ժամանակ:
Տես նաև Հարճը և Ցեղին սիրտը
Դանիել Վարուժան | Հեթանոս երգեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 10, 2017
Rating:
