
Ֆրանչեսկո Պետրարկան իտալերեն
բանաստեղծություններ է գրել դեռ պատանի հասակում: Իր նախորդների՝ պրովանսացիների և
Դանտեի նման նա մշակել է առավելապես սիրային քնարերգության ժանրը: Իր սիրելիին Պետրարկան
կոչում է Լաուրա և հայտնում է նրա մասին լոկ այն, որ առաջին անգամ հանդիպել է այդ կնոջը
1327 թ. ապրիլի 6-ին և որ 21 տարի անց այդ կինը վախճանվել է: Լաուրայի մահից հետո Պետրարկան
ևս 10 տարի երգում է նրան և հետագայում իր «Կանցոնյերե» կոչվող ժողովածուն բաժանում
է երկու մասի, որոնք կոչում է՝ «Տիկին Լաուրայի կյանքի օրոք» և «Տիկին Լաուրայի մահից
հետո»: «Կանցոնյերեի» կազմն այնքան էլ չի համապատասխանում վերնագրին, քանի որ ժողովածուի
հիմնական մասը կանցոնաներ չեն և իրենց քանակով զգալիորեն զիջում են սոնետներին:
317 սոնետից և 29 կանցոնաներից բացի ժողովածուն ընդգրկում է նաև սեկստիններ, բալլադներ
և մադրիգալներ: Սիրային թեմայով գրված բանաստեղծությունների կողքին կան նաև փիլիսոփայական
և քաղաքական թեմաներով գրված սոնետներ: Դրանց թվում առավել հայտնի են «Իմ Իտալիան»
և «Բարձր ոգին»:
Լաուրա անունը շատ հետազոտողներ
համարում են հորինված: Այն հարմար է «դափնի» (Laura - lauro) բառի հետ համահնչության
պատճառով: Դափնին խորհրդանշում է բանաստեղծական փառքը: Պետրարկան անվերջ խաղարկում
է այս երկու բառերը՝ ասելով, որ Լաուրան փառքի պսակներով է ծածկում իրեն: Մեզ են հասել
Լաուրային նվիրված ոչ բոլոր բանաստեղծությունները, քանի որ բանաստեղծը ոչնչացրել է
իր վաղ փորձերը:
Պետրարկան հեռու է «նոր քաղցր
ոճի» բանաստեղծների սիրո սպիրիտուալիզացումից: Սերը նրա դեպքում զորեղ ուժ է, որն իրեն
դաշնակից է ընտրում իր սիրելիին և զրնգուն դափնու է վերածում պոետին: Նա խոսում է իր
զգացմունքի մասին, առանց փիլիսոփայական վերացականության: Իհարկե, նա չի խուսափում Դանտեի
և նրա դպրոցի ուժեղ ազդեցությունից: Ինչպես Դանտեն, նա էլ առաքինության տիպար է դարձնում
իր սիրելիին: Սակայն Լաուրան ամբողջությամբ չի նույնանում առաքինության հետ, չի կորցնում
իր երկրային-զգայական հմայքը: Առաջին հերթին նա գեղեցիկ կին է: Բանաստեղծը պատկերում
է նրան նավակում, ծառի տակ, ծաղկե անձրևի տակ:
Լաուրայի գեղեցկության պատկերումը
միջոց է՝ արտահայտելու քնարական հերոսի հուզական աշխարհը: Պետրարկայի սերը անհույս
է, այն սնվում է միայն անուրջներով, ստիպում է մահ տենչալ և արտասվել:
«Կանցոնյերեն» բացահայտում
է Պետրարկային տանջող հույզերի հակասականությունը, նրա երկաբնակությունը վսեմ պլատոնիզմի
և զգայական երկրային սիրո մեջ: «Ոչ այո-ն, ոչ էլ ոչ-ը լիարժեք չեն հնչում իմ սրտում»:
Երկրորդ մասում Լաուրայի սառնության
դեմ բողոքը փոխվում է սգի: Լաուրայի պատկերը տեղափոխվում է հուշերի մեջ և այնտեղից
է մարմնավորվում: Նա դառնում է ավելի կենդանի և հուզիչ: Մխիթարում է Պետրարկային, խրատում
է նրան, սրբում է արցունքները, լսում է նրան: Սերը կորցնում է երկրային բնույթը:
Ֆրանչեսկո Պետրարկա | Երգերի գիրք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 07, 2015
Rating:
