
«Արիստոտելի Կատեգորիաների մեկնությունը» երկար ժամանակ վերագրվել
է Ալեքսանդրյան փիլիսոփայական դպրոցի մեկ այլ ներկայացուցչի՝ Էլիաս իմաստասերի գրչին:
Իրականում, սակայն, այդ երկը պատկանում է Դավթին, ինչպես նշված է տվյալ աշխատության
բոլոր հունարեն ձեռագրերում:
Հայերեն տարբերակը պահպանվել է միայն մեկ ընդօրինակմամբ,
այն էլ թերի վիճակում: Հայերեն եզակի ձեռագիրը (N 1930), որը պահվում է Մեսրոպ Մաշտոցի
անվան Մատենադարանում և ժամանակին հիմք է հանդիսացել երկի հրատարակության համար, պակասավոր
է. չկան աշխատության սկիզբը և վերջը, որտեղ պետք է նշված լիներ կապը Դավթի մյուս աշխատությունների
հետ: Այդ աշխատություններում արված ուղղակի ցուցումները և հղումները, ի վերջո, հունարեն
ձեռագրերի պարզորոշ, անհերքելի տվյալները հնարավորություն են տվել երկարատև օտարումից
հետո Դավիթ Անհաղթին վերադարձնել իր երկը և լրացնել նրա փիլիսոփայական ժառանգությունը
(հայերեն բնագրի առաջին հրատարակիչ Հ. Մանանդյանը, հետևելով Ա. Բուսսեի վարկածին, հրապարակել
է այն Էլիասի անունով):
«Արիստոտելի Կատեգորիաների մեկնության» մեջ Դավիթ Անհաղթը
կրկին անդրադառնում է հասկացությունների հարցին և գլուխ առ գլուխ վերլուծում է արիստոտելյան
տասը կատեգորիաները (ստորոգությունները), տրամաբանական բարձրագույն հասկացությունները՝
գոյությունը, քանակը, որակը, հարաբերությունը, տեղը, ժամանակը, դրությունը, տիրապետումը,
գործողությունը և կրավորությունը: Հայերեն պահպանված բնագրում քննության են առնված
միայն գոյությունը և քանակը. մյուս կատեգորիաներին նվիրված գլուխները չեն պահպանվել:
Պահպանված 38 գլուխներում Դավիթը հանգամանորեն քննում է միջնադարյան
փիլիսոփայության համար շատ կարևոր ընդհանուրի և եզակիի փոխհարաբերության խնդիրը՝ համարելով
ընդհանուրը՝ սեռն ու տեսակը երկրորդային, իսկ եզակին՝ անհատը առաջնային գոյություն:
Անհատ, եզակի իրերի առկայությամբ է, ըստ Դավթի, պայմանավորված սեռի և տեսակի հասկացության
գոյությունը: Այստեղ նա հստակ զատորոշում է խնդրի տրամաիմացաբանական և գոյաբանական
ասպեկտները և տալիս է իրարամերժ նոմինալիստական և ռեալիստական լուծումներ: Ինչպես և
«Սահմանք իմաստասիրության» գրքում, Դավիթն այստեղ դրսևորում է իր լայն փիլիսոփայական
իմացությունները՝ քաջ ծանոթությունը հին հունական գիտական ժառանգությանը, տարբեր փիլիսոփայական
դպրոցների հանդեպ իր քննադատական վերաբերմունքն է ցույց տալիս, որպես արիստոտելականության
հետևորդ: «Արիստոտելի կատեգորիաների մեկնությունը» լայն տարածում է ունեցել միջնադարյան
հայկական փիլիսոփայական դպրոցներում և մեծ ազդեցություն է ունեցել տրամաբանության
ուսումնասիրության ավանդույթի վրա:
Տես նաև Դավիթ Անհաղթ Պորփյուրի Ներածության մեկնություն, Եզնիկ Կողբացի Եղծ աղանդոց և Մխիթար Հերացի Ջերմանց մխիթարություն
Դավիթ Անհաղթ | Արիստոտելի Կատեգորիաների մեկնություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 05, 2015
Rating:
