
Ալիսը խաղում է իր փոքրիկ կատվի հետ: Անսպասելիորեն նա հայտնվում
է հայելուց այն կողմ՝ կախարդական աշխարհում: Սենյակը, որում նա հիմա գտնվում է, արտաքուստ
նման է սովորական սենյակի, սակայն ժամացույցներն այստեղ ժպտում են, իսկ դիմանկարները՝
փսփսում: Ալիսը տեսնում է բազմաթիվ շախմատային ֆիգուրներ: Նրանց թվում են Սև արքան,
Սև թագուհին, Սպիտակ արքան, Սպիտակ թագուհին, նավակները և զինվորները:
Երբ Ալիսը վերցնում է սպիտակ թագավորին, որպեսզի մաքրի նրա
վրայից մուրը, սա այնպես է վախենում անտեսանելի ուժից, որ իր ասելով սառչում է մինչև
այտամորուսի ծայրերը: Իհարկե, թագուհին չի վարանում հիշեցնել նրան, որ նա չունի այտամորուս:
Գրքերն այստեղ կարդում են տարօրինակ եղանակով՝ մոտեցնելով հայելուն: Ասենք, դա նույնպես
չի օգնում հասկանալ գրվածի իմաստը:
Շարժվելով դեպի բլուրը՝ Ալիսն անվերջ հայտնվում է տան մոտ:
Խոսող ծաղիկները խորհուրդ են տալիս նրան շարժվել դեպի տուն: Հաջողվում է հասնել բլուրին:
Հանդիպում է Սև թագուհուն և ասում է, որ շատ կուզեր մասնակցել շախմատային խաղին, թեկուզ
որպես զինվոր: Չէ՞ որ զինվորը այս հրաշալի խաղում կարող է դառնալ թագուհի: Սև թագուհին
բացատրում է Ալիսին, թե ինչպես հասնել 8-րդ գծին:
Այս զարմանալի երկրում օդում թռչում են փղերը, գնացքի մեջ
ուղևորները՝ Նոխազը, Բզեզը և Ձին, ցույց են տալիս հսկիչին իրենց մեծության տոմսեր:
Իսկ Ալիսին հեռադիտակի և մանրադիտակի միջոցով զննող հսկիչը հայտարարում է, որ աղջիկը
գնում է սխալ ուղղությամբ: Հասնելով գետակին՝ գնացքը թռչում է դրա վրայով, իսկ Ալիսը
հասնում է 4-րդ գծին: Ճանապարհին Ալիսը հանդիպում է մի շարք անհավատալի էակների և լսում
է ամենազարմանալի դատողությունները, այնպես որ մի պահ անգամ մոռանում է սեփական անունը:
Ուշագրավ է հանդիպումը թագի համար մենամարտող առյուծի և միաեղջյուրի հետ, որոնք կոչում
են Ալիսին «հրեշ»:
4-րդ գծի վրա Ալիսը ծանոթանում է երկու հաստլիկների հետ,
որոնք մշտապես վիճում են և անգամ մենամարտում: Նրանք տանում են Ալիսին մոտակայքում
ննջող Սև արքայի մոտ և ասում են նրան, որ սա տեսնում է Ալիսին միայն երազում և բավական
է, որ արթնանա, աղջիկն իսկույն կանհետանա: Ալիսը, իհարկե, չի շտապում արթնացնել արքային:
Սպիտակ թագուհին խոստանում է Ալիսին, որ վաղը մուրաբա կհյուրասիրի նրան: Երբ Ալիսը
հրաժարվում է, թագուհին բացատրում է, որ դա անիմաստ է, որովհետև մուրաբան կլինի միայն
վաղը, իսկ վաղը երբեք չի գա, քանի որ վաղը այսօր է: Բացի այդ թագուհին ճչում է ցավից:
Ցավում է մատը, որից միայն մի որոշ ժամանակ հետո է արյուն գալիս: Նախ զգում ես ցավը, իսկ հետո վնասում ես այն: Այնպես որ ցավի պատճառը իր տեղը դնելու համար թագուհին նաև ծակում
է մատը, որից այլևս արյուն չի գալիս: Երբ Ալիսը փորձում է կտրել հայելային կարկանդակը,
նրա մոտ ոչինչ չի ստացվում: Կարկանդակի կտորները նորից իրար են կպնում: Առյուծը բացատրում
է, որ նախ հարկ է բաժանել կարկանդակը, իսկ հետո կտրել այն: Առհասարակ Հայելու աշխարհի
բոլոր բնակիչներին հատուկ է բառերի անսովոր գործածությունը: Անտառում հանդիպած թագավորին
Ալիսը ասել էր, որ ճանապարհին ոչ ոքի չի տեսել: Թագավորը նախանձում է Ալիսին, որովհետև
իրեն երբեք չի հաջողվել տեսնել Ոչ ոքին: Սակայն բառերի և անգամ բանաստեղծությունների
ամենազարմանալի մեկնաբանն է Չամչարախը, որը այնպես է շրջում բառերի սովորական նշանակությունները,
որ Ալիսը հայտնվում է տրամաբանական փակուղու մեջ:
Ի վերջո Ալիսը հասնում է 8-րդ գծին, որտեղ նրա գլխին է հայտնվում
թագը: Սակայն հայտնված Սև և Սպիտակ թագուհիները շարունակում են խճճել նրան ամենատարբեր
տրամաբանական ռեբուսներով: Տարօրինակ է նաև կազմակերպված խնջույքը: Բարկացած Ալիսը
ձեռքն է վերցնում Սև թագուհուն և սկսում է թափ տալ… Հանկարծ նա բացում է աչքերը և տեսնում
է, որ բռնել է իր փոքրիկ սև կատվին: Ուրեմն ամենը երազ էր: Բայց ո՞ւմ երազը: Այս հարցը
սպասում է իր պատասխանին:
Տես նաև Լուիս Քերոլ Ալիսը հրաշքների աշխարհում, Ջոն Տոլկին
Հոբիտ և Մատանիների տիրակալը
Լուիս Քերոլ | Ալիսը հայելու աշխարհում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 13, 2015
Rating:
