
Բախվելով առաջին կնոջ անհավատարմությանը՝ խալիֆ Շահրիզամոնը
մահապատժի է ենթարկում նրան և մեկնում է իր եղբոր՝ Շահրեարի մոտ՝ կիսվելու իր դժբախտությամբ:
Սակայն եղբոր կինը ավելի անառակ մեկն է: Եղբայրները հանդիպում են մի կնոջ, ով կրում
է 570 մատանուց վզնոց: Մատանիների թիվը նշում է նրա դավաճանությունների քանակը: Եղբայրները
մահապատժի են ենթարկում Շահրեարի կնոջը և հարճերին: Որոշելով, որ բոլոր կանայք անհավատարիմ
են՝ Շահրեարը ամեն օր կնության է վերցնում անմեղ մի աղջկա և տիրելով նրան առավոտյան
մահապատժի է ենթարկում: Այս դաժան կարգը խախտվում է, երբ հերթը հասնում է Շահրազադային՝ Շահրեարի իմաստուն վեզիրի դստերը: Ամեն գիշեր Շահրազադան
պատմում է հետաքրքրական պատմություն և առավոտյան կիսատ է թողնում այն: Խալիֆը հետաձգում է մահապատիժը՝ պատմության ավարտը լսելու
համար: Այդպես է շարունակվում հազար ու մի գիշեր: Ի վերջո
խալիֆը գթում է Շահրազադային և վերացնում դաժան
սովորույթը:
Շահրազադայի հեքիաթները պայմանականորեն կարելի է բաժանել
3 խմբերի՝ հերոսական, արկածային և պիկարոյական:
Հերոսական հեքիաթներին են դասվում ֆանտաստիկական պատումները,
որոնք «Հազար ու մի գիշերի» հնագույն միջուկն են և գալիս են «Հեզար աֆսանե» կոչվող
պարսկական նախատիպից: Այդ պատումների
գլխավոր հերոսները թագավորներն ու ազնվականներն են: Շատ դեպքերում, ինչպես օրինակ Տակկադուլ
անունով իմաստուն օրիորդի մասին պատմության մեջ, հստակ երևում է դիդակտիկական գիծը:
Պալատական հեքիաթներին են դասվում «Կամար-ազ-Զամանը և Բուդուրը», «Բադր Բասիմը և Ջաուհարը», «Արքա Օմար իբն ան Նումանի պատմությունը»,
«Աջիբ և Ղարիբ» և այլք:
Արկածային պատումները ծնվել են արհեստավորական միջավայրում:
Թագավորներն ու սուլթանները բարձրագույն կարգի էակներ չեն, այլ սովորական մարդիկ են, իսկ տիրակալի ամենասիրված տիպը
Հարուն ար Ռաշիդն է: Իրենց բովանդակությամբ
արկածային հեքիաթների մեծ մասը քաղաքային ֆաբլիոներ են: Դրանք հաճախ սիրային պատմություններ
են, որոնց հերոսներն են հարուստ առևտրականները, որոնք դատապարտված են պասիվորեն կատարել
իրենք սիրելիների խորամանկ նախագծերը: Այս խմբի տիպիկ հեքիաթներից են «Օմանցի Աբու ալ հասանի պատմությունը»,
«Խորասանցի Աբու ալ Հասանը»,
«Նիմը և Նումը», «Սիրողը և սիրվածը», «Ալադինը և կախարդական լամպը», «Ալի Բաբան և 40 ավազակները»:
Պիկարոյական հեքիաթները նկարագրում են աղքատների աշխարհը: Հերոսներն են
ճարպիկ խաբեբաները, ինչպես օրինակ Ալի Զիբակը և Դալիլա Խաբեբան: Այստեղ շատ են բարձր
դասի և հոգևորականների հասցեին ծաղրական ակնարկները և քննադատությունը: Հերոսները գործունյա,
ճարպիկ և սրամիտ են: Այս խմբից կարելի է առանձնացնել Մարուֆ կոշկագործի հեքիաթը և Խալիֆ անունով ձկնորսի մասին
հեքիաթը:
Հազար ու մի գիշեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 25, 2015
Rating:
