
«Բարոյական նամակները Լուցիլիուսին»
Սենեկայի փիլիսոփայական հայացքների ամենաամբողջական շարադրանքն է: Սենեկայի փիլիսոփայության
նպատակն է սովորեցնել ապրել և մեռնել, տալ ներքին անկախություն և հոգու հանգստություն:
Փիլիսոփայությունը հոգու դեղամիջոց է, ընդ որում տեսական փիլիսոփայությունը հետաքրքրում
է նրան զուտ որպես կրոնաբարոյական փիլիսոփայության բաղադրիչ: «Ի՞նչ է աստված: Տիեզերքի
հոգի»:
Դասելով իրեն ստոիկյան դպրոցին՝
Սենեկան անհրաժեշտ չի համարում խստորեն հետևել որևէ ուղղության սկզբունքներին և շատ
բաներ փոխառում է Ստոայի հակառակորդ Էպիկուրից: Էպիկուրեիզմը գրավում է փիլիսոփային
մասնավոր կյանքի անկախության տեսական հիմնավորմամբ:
Ուշագրավ է Սենեկայի վերաբերմունքը
հարստությանը: Հարկ է քամահրել հարստությունը, սակայն այդ քամահրանքը ոչ թե հարստությունից
հրաժարվելն է, այլ հրաժարվելու պատրաստակամությունը, երբ բաժանումը չի պատճառում ոչ
մի տառապանք: Իմաստունը չի սիրում հարստությունը, սակայն նախընտրում է այն: Չի տալիս
հարստությանը իր հոգին, սակայն ընդունում է իր տուն: Տիրում է հարստությանը, սակայն
չի դառնում դրա ստրուկը:
Մարդու բնությունը թույլ է:
Պասիվ պայքարի վերջին ապաստանը մարդու մեջ մահն է: Իդեալական կարող է համարվել Կատոն
Կրտսերի կերպարը, ով հանրապետության կործանման օրերին կամավոր նախընտրեց մահը: Ողջ
կյանքը պիտի լինի մահվան նախապատրաստություն: Հանուն դրա անհրաժեշտ է սովորել տանել
դժվարությունները, զրկանքները, պայքարել սեփական կրքերի հետ: Գլադիատորի հերոսական
կեցվածքը Սենեկայի համար կյանքի փիլիսոփայական իդեալի նմուշ է:
«Հներն արդեն գտել են հոգու
հիմնական դեղամիջոցները: Մեզ մնում է որոշել, թե երբ և ինչպես կընդունենք դրանք»: Անհատական
խղճով առաջնորդվելու պահը մեծ կարևորություն է ներկայացնում Սենեկայի համար: Խիղճը
ծնվում է հոգու ներքին երկխոսությունից:
Լուցիլիուսին ուղղված նամակները
յուրօրինակ օրագիր են: Բարոյական հարցերը այստեղ բացվում են որպես կատարելության ձգտող
հասցեատիրոջը ուղղված խորհուրդներ: Գեղարվեստական ձիրքով օժտված հեղինակը սիրում է
վառ գույներ և կարողանում է հրաշալի պատկերավոր նկարագրություն տալ մարդկային արատներին,
աֆեկտներին և շեղումներին: Հակիրճ և սուր նախադասություններում, որոնք լի են պատկերավոր
հակադրություններով, հռոմեական «նոր ոճը» ստանում է իր ավարտուն տեսքը, և դա է պայմանավորում
Սենեկայի մեծ ժողովրդականությունը: Եվ այդուհանդերձ, փիլիսոփային չի շրջանցել նաև ծաղրը
և քննադատությունը: Կայսր Կալիգուլան կոչել է նրա ոճը «անկիր ավազ»:
Իմացաբանության հարցում Սենեկան
պաշտպանում է էրիստիկ սկզբունքը: Մնայուն ինչ-որ բան իմանալու տենչը ստիպում է մարդուն
լինել այն մտածողի կողքին, ով կարող է սնել
ու դաստիարակել իր հոգին: «Նա, ով ամենուր է, ոչ մի տեղ է: Նա, ով ապրում է կյանքը
անհասցե դեգերումների մեջ, կունենա շատ հյուրասիրողներ, բայց սակավ բարեկամներ: Նույն
վիճակում կհայտնվի նաև նա, ով չի ընդունի մեծ մտածողների խորհուրդները և կմնա լոկ բառերի
մակերեսին: Սնունդը չի կարող օգտակար լինել մարմնի համար և մարսողության նյութ դառնալ
նախքան այն կուլ տալը: Ոչինչ այդքան չի վնասում առողջությանը, որքան դեղամիջոցների հաճախակի փոփոխությունը»: Այսպես
էլ մնայուն գիտելիքը կարող է յուրացվել հետևողական և համբերատար աշխատանքի միջոցով
միայն:
Տես նաև Պլուտարքոս «Զուգահեռ կենսագրություններ», Վերգիլիուս «Էնեական» և Կիկերոն
Լուցիուս Աննեուս Սենեկա «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 17, 2015
Rating:
