
Թագավորն ունի տասնմեկ որդի և մեկ դուստր, որի անունն է Էլիզա:
Բոլորը երջանիկ էին, քանի դեռ չէր հայտնվել կախարդ խորթ մայրը: Նա գյուղ է ուղարկում
Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում է սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են:
Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին:
Երբ նա վերադառնում է դղյակ, խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ
դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների:
Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան
չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից:
Գիշերը Էլիզան անցկացնում է անտառում և երազում տեսնում է
եղբայրներին: Առավոտյան նա լվացվում է լճակում և նորից դառնում է գեղեցկուհի: Ճանապարհին
հանդիպած ծեր կինը տալիս է նրան հատապտուղներ և ցույց է տալիս գետը, որտեղ տեսել է
ոսկե թագերով տասնմեկ կարապների: Հաջորդ օրը Էլիզան այստեղ գտնում է իր եղբայրներին
և նրանք կողովով տանում են քրոջն իրենց հետ: Երազում Էլիզան տեսնում է, որ մի փերի սովորեցնում
է իրեն, թե ինչպես կարելի է եղբայրներին վերադարձնել իրենց մարդկային կերպարանքը: Էլիզան պիտի գերեզմանոցում
աճող եղինջից տասնմեկ շապիկ կարի իր եղբայրների
համար: Բայց ողջ աշխատանքի ընթացքում նա չպիտի արտասանի ոչ մի բառ, այլապես եղբայրները
կմեռնեն:
Երբ Էլիզան գործում է արդեն երկրորդ շապիկը, նրան գտնում
և սիրահարվում է այդ երկրի թագավորը: Նա ամուսնանում է անտառային գեղեցկուհու հետ և
տանում է իր դղյակը: Անգամ հատուկ սենյակ է տեղափոխում աղջկա հավաքած ողջ եղինջը: Սակայն
արքեպիսկոպոսը պնդում է, որ Էլիզան վհուկ է, և մի գիշեր տեսնում է, թե ինչպես է աղջիկը
գերեզմանոցում եղինջ քաղում: Ժողովուրդը պահանջում է, որ նրան հրի մատնեն:
Բանտում Էլիզան գործում է վերջին՝ տասնմեկերորդ շապիկը: Եղբայրները
գալիս են թագավորի մոտ, որպեսզի պաշտպանեն իրենց քրոջը, սակայն չեն հասցնում և լուսաբացին
նորից վերածվում են կարապների:
Առավոտյան, երբ Էլիզային տանում են դեպի խարույկը, ամբոխն
ուզում է խլել նրանից եղնջե շապիկները: Սակայն թռչելով գալիս են եղբայրները և նա հասցնում
է հագցնել նրանց շապիկները: Կարապները վերածվում են մարդկանց և ամեն բան պատմում են:
Խարույկի համար պատրաստված գերանները վերածվում են վարդի թփի, որի վրա աճում է մեկ
սպիտակ վարդ: Այդ վարդը թագավորը դնում է ուշակորույս եղած Էլիզայի կրծքին, և նա ուշքի
է գալիս: Նրա սրտում հանգստություն և երջանկություն է:
Հանս Քրիստիան Անդերսեն | Վայրի կարապներ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 26, 2015
Rating:
