
«Երազ օրերի» հերոսը պատանի Երվանդն է, որն իր ամառային արձակուրդի
օրերն անցկացնում է Դիլիջանում, հորեղբոր տանը: Իր հետ կատարվող դեպքերը գրեթե ամեն
օր արձանագրում է օրագրում: Դիլիջանում առաջին անգամ սիրահարվում է և օրագրի հիմնական
նյութը դառնում է պատանեկան սերը, որը գնալով խորոնում և զարգանում է:
Իր էությամբ Երվանդը գերզգայուն հոգի է, շատ տպավորվող է
և բնավ ապահովագրված չէ հակասական ու իրարամերժ մտքերից: Սիրում է կարդալ և մտածել:
Նա ոգևորված է Շիլլերի մարկիզ Պոզայի հայրենասիրությամբ, հիանում է Տուրգենևի գաղափարական
հերոսներով: Իր կյանքը և ապագան դիտում է որպես ժողովրդին ծառայելու միջոց և նվիրման
առարկա: Պետք է ունենալ սկզբունք և անձնազոհություն: Սրանք են ազգանվերի առաջին անհրաժեշտ
հատկանիշները: Կյանքի հիմնական արժեքներն են՝ մաքառումը, նվիրումը և աշխատանքը: Հանդերձյալ
գոյության սպասումներն անարժեք են: Հերոսի մտորումների հիմնական հոգսը ժողովրդի լուսավորության
հարցն է: Երվանդի խոր համոզմամբ իսկական բախտավորությունը նվիրման մեջ է, և սեր կոչվածն
էլ նվիրում է: Այդ նվիրմամբ էլ նա հոգով կապվում է Վարդուհուն՝ երազելով նրա մեջ տեսնել
Տուրգենևի Ելենային: Վարդուհին գիմնազիայի առաջին դասարանի ուսանողուհի է: Նա ավելի
նախաձեռնող է, քան Երվանդը: Այդքան ամաչկոտ ու անվճռական չէ: Երվանդին ճնշում է աղջկա
անբռնազբոս ու տիրական պահվածքը: Օտարանալու հակված Վարդուհին որոշում է հայերեն սովորել
և դա կապում է նրանց: Վարդուհուն ոգեշնչում է Երվանդի սերը հայ պատմության, հայ հերոսների
հանդեպ: Երվանդի մտապատրանքներում իրականությունը հյուսվում է անուրջին, և նա երևակայում
է իրեն Սյունյաց սեպուհ, իսկ Վարդուհուն՝ Գուգարաց բդեշխի դուստր: Ներքին հոգեխռովք
ապրող Երվանդը մի քանի օր խուսափում է հանդիպել Վարդուհուն: Վերջինս վիրավորվում է
դրանից: Լուծելով եռօրյա բացակայության վրեժը, Վարդուհին սառն է դիմավորում տղային:
Բուռն խոստովանությունը տեղի է ունենում Սևանա կղզում: Զույգն առանձնանում է ժայռախոռոչներից
մեկում: Այստեղ նրանք առաջին անգամ համբուրվում են:
Սակայն «երազ օրերը» ավարտվում են: Բաժանման անխուսափելիությունը
թախիծով է լցնում երիտասարդ սրտերը: Եվ թեպետ խոստանում են միշտ սիրել իրար և երբեք
չբաժանվել իրարից, տխրությունը մեծ է: Վարդուհու տունը նրա մեկնելուց հետո Երվանդի
համար դառնում է օտար:
«Հետգրություն» կոչվող վերջաբանում խոսվում է շարունակվող
սիրո մասին:
Լևոն Շանթ | Երազ օրեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 14, 2016
Rating:
