
Շարքն ընդգրկում է 41 բանաստեղծություն, գրվել է
1908-1911 թթ: Սկսվում է կյանքում իր տեղը գտնելու անորոշության դատապարտվածությամբ:
Մուտքը հիշեցնում է Դանտե Ալիգիերիի «Դժողքը»: Այնպես, ինչպես մեծ իտալացին էր մոլորված
մութ անտառում և ելքի ու փրկության ճանապարհ էր որոնում, նույն կերպ մոլորության է
մատնվել կյանքում իր տեղը գտնել փորձող բանաստեղծը:
Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում…
…Չգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում.-
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ:
Նա հիշում է հեռու դղյակի քնքուշ դիցուհուն, դյութական ժամանակն
անցել է, և կորել լուսե ուղին: Հաջորդում են աշնան պատկերները, և ակնհայտ է դառնում,
որ այն, ինչը կար «Մթնշաղի անուրջների» մեջ, այստեղ այլևս չկա, երազներն ու անուրջները
դարձել են սոսկ հուշեր.
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած.
Խնդություն հեռացած և անցած, անդարձ,-
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր…
… Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշեր, և հուշեր, և հուշեր ընդունայն,
Երազներ իմ անդարձ – ծաղիկներ իմ գարնան.
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպե՞ս լավ ձեզ համար:
Ավելանում են անձրևի նման լացող դաշնամուրի երգը, ջութակի
հեկեկանքը, որոնք արցունքներով են ողողում բանաստեղծի ուղին:
«Օտարուհին» բանաստեղծության մեջ բացահայտում է իրեն տառապանքի
մատնած ցնորքի էությունը. «Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ…»:
Այս հոգետանջ վիճակների մեջ կան նաև սթափության պահեր, երբ
բանաստեղծը ազատագրվում է երազներից ու անուրջներից:
Ես գիտեմ հիմա.- ամենքի նման
Մի սովորական աղջիկ էիր դու.
Ես էի պճնել փայլով դյութական
Գորշ պատկերը քո մտքի և հոգու…
Ես էի լցրել տխրությամբ սիրուն
Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,
Լուսավառել իմ ըղձերը հեռուն
Չնչին օրերի մանրահոգ կյանքում…
Սակայն այս իրականությունը կործանարար է, ավերվում է երազը,
և բանաստեղծը երազում է կրկին կույր ու անգետ լինել, միայն թե ցնորքը չցնդի:
Ամեն ինչի մեջ հեկեկանք է, ցավ, տանջանք է, հոգու մշուշը
չի ցրվում, գիշերով մղկտում է քամին, հուշերը խեղդում են, աղջկա տեսիլքը է՛լ առաջվանը
չէ, անրջային չէ, այլ նա երևում է որպես մութ գիշերապահի լուռ այցելու: Օրերն ապականված
են, կյանքի խնջույքը՝ անարգ, թախիծը՝ հիվանդ: Եվ անգամ կասկածանքն է տարածվում իր երգերի
հանդեպ՝ ո՞ւմ համար են հնչում նրա սգավոր մեղեդիները («Իմ երգերին»): Եվ այսքանով հանդերձ
բանաստեղծն իր հոգում փրկության ուժ է գտնում և ելք որոնում գալիք օրվա մեջ, և այն
էլ՝ «Թախիծ» վերնագրված բանաստեղծությամբ.
Մահից չեմ վախենում, գալիքին
Նայում եմ հավատով,-
Կարոտ է սիրտս քո հմայքին
Մաքուր ու հոգեթով…
Տես նաև Հոգևոր Հայաստան և Մթնշաղի անուրջներ
Վահան Տերյան | Գիշեր և հուշեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 16, 2017
Rating:
