
Աստվածային էությունը կրում է նաև մարդը՝ որպես բնության
մասնիկ և Աստծո առավել բարդ ու հրաշակերտ արարած: Այսպիսին են, հատկապես սրբակենցաղ
մարդիկ, սրբերը և, մասնավորապես, սուրբ կույսը՝ Մարիամ Աստվածածինը, որն աշխարհ բերեց
մարդկային կերպարանք առած Աստծո որդուն: Սա է պատճառը, որ քնարերգության մեջ, ինչպես
և կերպարվեստում, ամենից ավելի պատկերվել է ու գովերգվել Աստվածամայրը: «Մեղեդի ծննդյան»
տաղում Աստվածամորը ջերմորեն օրհներգել է նաև Գրիգոր Նարեկացին: Եթե շարականների մեջ
Աստվածածինը պատկերվել էր վերացականորեն, ապա Նարեկացու տաղում նա գծագրված է տեսանելի
մարդու բոլոր հատկանիշներով: Ինչպես բնությունը՝ այնպես էլ մարդը մեծ բանաստեղծի տաղերում
վերածնվել է իր ողջ հմայքով ու կենդանությամբ: Նրա պատկերած Աստվածածինը կրում է երկնային
լույսը, գեղեցկությունը և մաքրությունը, բայց հանդես է գալիս որպես իրական, չքնաղ ու
հմայիչ կին: Նարկացին մանրամասնորեն նկարագրում է այդ գեղեցիկ կնոջ արտաքինը:
Աչքերը ծով են ծիծաղախիտ ծովի մեջ, այտերը նռնենի են ու դափնեվարդ,
հասակը՝ գեղաշիտակ, ձեռքերը քնքուշ են, դաստակները մանուշակի ծիրանագույն փունջ, բերանը
երկթերթ ծաղիկ է, լեզուն՝ տավիղ, վարսերը՝ շողշողուն և այտերի շուրջը բոլորված, ծոցը
լուսափայլ է, կարմիր վարդով լեցուն: Նա բուրում է կնդրուկի պես, զարդարված է գեղեցիկ
պատմուճանով, որ կապույտ, որդան կարմիր ու ծիրանի գույներով է ոսկեշողում: Գոտին նրբակերտ
է, արծաթափայլ ու ոսկեծայր՝ զարդարված անգին ակնեղենով…
Այս գեղեցիկ ու զարդարուն կինը ոչ թե սառն ու անշունչ քանդակ
է, այլ կենդանի, շարժուն, թրթռուն արարած: Խայտում են ծով աչքերը, որոնք ծավալվում
են այգաբացին երկու փայլակնաձև արեգակի նման, և նռնենի այտերից շողն է իջնում լուսացնցուղ
առավոտի: Ահա այդ պատկերը.
Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ
Ծաւալանայր յառավօտուն,
Երկու փայլակնաձեւ արեգական նման.
Շողն ի ժմին իջեալ յառավօտէ լոյս:
Չքնաղ կնոջ ծաղկափթիթ մարմնի սրտից կարկաչում է հուզավարար
կենսատու սեր: Քնքուշ ձեռքերը կանթեղել է կոնքերին և երգում է ախորժալուր ու գեղգեղուն՝
ելևէջները հյուսելով իրար: Անուշաձայն է նա, վարդ է կաթում շուրթերից, քաղցրերգում
է լեզվի տավիղը: Նույն կենսատու և գինեթույր սերն են շողարձակում վարսերը: Քայլում
է հանդարտիկ, ճեմում է թիկնեթեկին, մարմինը շարժվում է մարգարտափայլ գեղեցկությամբ
և ոտնահետքերից լույսի շող է կաթում:
Տես նաև Մատյան ողբերգության և Տաղ Վարդավառի
Գրիգոր Նարեկացի | Մեղեդի ծննդյան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 06, 2017
Rating:
