![]() |
Վոլֆգանգ Բորխերտ |
– Ես
մտածեցի՝ այստեղ ինչ-որ բան
կա,- ասաց ամուսինը՝
զննելով խոհանոցը և
նայելով չորս կողմը:
– Ես
էլ ինչ-որ
բան լսեցի,- պատասխանեց
կինը՝ կարծես նոր
նկատելով, որ ամուսինը
այդ գիշերաշապիկով՝ բավական
ծեր տեսք ունի:
Ինչպե՜ս էր նա
ծերացել: Վաթսուներեք տարեկան
էր արդեն: Օրվա
ընթացքում նա հիմնականում
ավելի երիտասարդ էր
երևում: Ամուսնու մտքով
ևս այդ պահին
անցավ, թե կինը
ինչքան ծեր տեսք
ունի: Գիշերազգեստը, որ
այդ պահին կինը
կրում էր, նրան
մեծացնում էր: Բայց
կարող էր այդպես
թվալ նաև անխնամ
մազերի պատճառով: Դրանք
ավելի էին ծերացնում:
– Դու
պետք է կոշիկներդ
հագնես: Այսպես բոբիկ՝
սառը հատակին: Կմրսես:
Կինը
չնայեց ամուսնուն, որովհետև
տանել չէր կարողանում,
երբ նա ստում
էր: Իսկ նա
ստեց, չնայած նրանք
արդեն երեսունինը տարի
ամուսնացած էին:
– Մտածեցի՝
այստեղ ինչ-որ
բան կա,- կրկնեց
ամուսինը և հայացքը
դարձյալ անտեղի ուղղեց
խոհանոցի մյուս անկյունին,-
այստեղից ինչ-որ
ձայն լսեցի: Մտածեցի՝
այստեղ ինչ-որ
բան կա:
– Ես
էլ ինչ-որ
բան լսեցի: Բայց
ոչինչ էլ չկա:
Կինը
հացամանը վերցրեց սեղանի
վրայից և հավաքեց
սփռոցի վրայի փշրանքները:
– Չէ՛,
բան չկա,- անվստահ
արձագանքեց ամուսինը:
Կինը
փորձեց թուլացնել լարված
իրադրությունը.
– Գնանք:
Ձայնը հավանաբար դրսից
էր: Գնանք քնելու:
Դու հաստատ կմրսես:
Սառը հատակին ես:
Ամուսինը
պատուհանից դուրս նայեց.
– Հա՛,
պետք է, որ
դրսից լիներ: Ես
մտածեցի՝ այստեղից է:
Կինը
ձեռքը մեկնեց անջատիչին:
«Պետք է լույսը
հիմա անջատեմ, այլապես
կնայեմ հացամանին: Ես
չպետք է այդ
կողմ նայեմ»,- մտածում
էր կինը:
– Գնանք,-
ասաց նա՝ հանգցնելով
լույսը,- ձայնը հավանաբար
դրսից էր: Անձրևաջրի
խողովակը քամու ժամանակ
միշտ պատին է
բախվում: Հաստատ խողովակն
է եղել:
Քամու ժամանակ այն
միշտ չխկոց է
հանում:
Նրանք
երկուսն էլ դանդաղ
ու ծանր քայլերով՝
մութ միջանցքով քայլեցին
դեպի ննջասենյակ: Նրանց
բոբիկ ոտքերը կափկափում
էին հատակին:
– Քամին
է, այո՛,-
ասաց ամուսինը,- քամին
է, արդեն
ամբողջ գիշեր:
Երբ
նրանք արդեն պառկել
էին, կինը ասաց.
– Հա՛,
ամբողջ գիշեր քամի
է: Հավանաբար
անձրևաջրի խողովակն է
եղել:
– Ես
էլ եմ մտածում,
որ խոհանոցից հավանաբար
խողովակի չխկոցն է
լսվել,- ասաց ամուսինը
քնատ:
Բայց
կինը նկատեց՝ ինչքան
կեղծ հնչեց նրա
ձայնը խաբելիս:
– Ցուրտ
է,- ասաց
կինը՝ դանդաղ հորանջելով,-
ես մտնում եմ
վերմակի տակ: Բարի
գիշեր:
– Բարի
գիշեր: Հա՛, արդեն
շատ ցուրտ է:
Ապա
լռեց: Րոպեներ անց
կինը լսեց, թե
ինչպես է ամուսինը
կամացուկ ու զգույշ
ծամում: Կինը դիտավորյալ
դանդաղ ու համաչափ
էր շնչում. ամուսինը
չպիտի նկատեր, որ
ինքը դեռ արթուն
էր: Ամուսնու ծամելը
սակայն այնքան կանոնավոր
էր, որ կինը
դանդաղ քուն մտավ:
Երբ
հաջորդ երեկոյան ամուսինը
տուն եկավ, կինը
նրա առջև դրեց
հացի չորս կտոր,
չնայած, որ նա
միշտ երեք կտոր
էր միայն կարողանում
ուտել:
– Դու
կարող ես հանգիստ
չորսն էլ ուտել,-
ասաց կինը՝ հեռանալով
սեղանին դրված լամպի
մոտից,- ես այս
հացը տանել չեմ
կարողանում: Մի կտոր
ավել կե՛ր: Ես
սրանից չեմ սիրում:
Կինը
տեսավ՝ ինչպես է
ամուսինը խոնարհվում ափսեի
վրա: Նա հայացքը
չբարձրացրեց: Այդ ակնթարթը
կնոջը ցավ պատճառեց:
– Դու
չե՞ս կարող երեք
կտոր ուտել,- ակնարկեց
ամուսինը:
– Չէ՛:
Այս հացը, հատկապես
երեկոյան, տանել չեմ
կարողանում: Կե՛ր: Հանգի՛ստ
կեր:
Մի
քանի րոպե միայն
կինը նստած մնաց
սեղանի մոտ՝ լամպի
լույսի տակ:
Գերմաներենից
թարգմանությւունը՝ Սիրանուշ Փարսադանյան
Աղբյուրը՝
gretert.com
Տես
նաև Վոլֆգանգ Բորխերտ
Պատմվածքներ
