.jpg)
Պյոտր Նիկոլաևիչ Սորինի ամառանոցը: Նրա քույրը՝ դերասանուհի Իրինա Նիկոլաևնա Արկադինան, հյուր է
նրա մոտ իր որդու՝ Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլևի և գրող Բորիս Ալեկսեևիչ Տրիգորինի
հետ: Տրեպլևը ասել է այս Տրիգորինի մասին, որ սա տաղանդավոր է, բայց Զոլա և Տոլստոյ
կարդալուց հետո, չես ուզի կարդալ Տրիգորինին:
Տրեպլևը նույնպես գրական փորձեր է անում: Ժամանակակից թատրոնը
համարելով նախապաշարված՝ նա փնտրում է նոր ձևեր: Կալվածքում հավաքվածները գալիս են
դիտելու նրա պիեսը, որը բեմադրվում է բացօթյա, բնական դեկորացիաների մեջ: Միակ դերը
խաղում է Նինա Միխայլովնա Զարեչնայան՝ հարուստ կալվածատիրոջ դուստրը, որին սիրահարված
է Տրեպլևը: Ծնողները դեմ են Նինայի թատերական նախասիրություններին, ահա ինչու նա կալվածք
է գալիս գաղտնի:
Կոնստանտինը համոզված է, որ նրա մայրը դեմ է բեմադրությանը:
Նրան թվում է նաև, որ մայրը չի սիրում իրեն, որովհետև նա՝ քսանհինգամյա երիտասարդը,
հիշեցնում է մորը իր տարիքը: Նրան դուր չի գալիս, որ մայրը հայտնի դերասանուհի է, որ
բացահայտ ապրում է Տրիգորինի հետ, որ իրեն հասարակության մեջ ճանաչում են մոր միջոցով,
որ մայրը ժլատ է…
Զարեչնայային և ներկայացման սկիզբը սպասողների թվում են՝
Իլյա Շամրաևը՝ Սորինի կալվածքի կառավարիչը, նրա կինը՝ Պոլինա Անդրեևնան և դուստրը՝
Մաշան, Եվգենի Դորնը՝ բժիշկ, Սեմյոն Մեդվեդենկոն՝ ուսուցիչ: Սա անպատասխան սիրահարված
է Մաշային, իսկ Մաշան՝ Տրեպլևին:
Գալիս է Զարեչնայան: Եկել է միայն կես ժամով: Զարեչնայան
դուրս է գալիս բեմ: Սկսում է արտասանել բանաստեղծական տեքստ: Հանդիսատեսները զրուցում
են միմյանց հետ: Տրեպլևը նրանց դիտողություններ է անում, իսկ հետո ընդհատում է ներկայացումը
և հեռանում է: Մաշան շտապում է նրա ետևից, իսկ Արկադինան Տրիգորինին է ներկայացնում
Զարեչնայային:
Պիեսը հավանել են միայն Մաշան և Դորնը:
Մի քանի օր անց: Գործողությունը տեղի է ունենում կրոկետի
դաշտում: Նինայի հայրն ու մայրը մեկնել են գործերով, և դա նրան թույլ է տալիս երկար
մնալ Սորինի կալվածքում: Արկադինայի և Շամրաևի միջև տեղի է ունենում վեճ, քանի որ վերջինս
չի տրամադրում ձիեր և կառք քաղաք մեկնել ցանկացող դերսանուհուն: Պոլինա Անդրեևնան այդ
ընթացքում սեր է խոստովանում Դորնին: Սակայն Նինայի հետ հանդիպումը ցույց է տալիս,
որ Դորնը սիրահարված է Զարեչնայային:
Նինան զբոսնում է այգում և զարմանում է, որ նշանավոր գրողների
և դերասանների կյանքը սովորական մարդկանց կյանքի նման է: Գալիս է Տրեպլևը և ցույց է
տալիս Նինային սպանված մի ճայ՝ համեմատելով ինքն իրեն այդ ճայի հետ: Նինան ասում է,
որ չի հասկանում նրա սիմվոլները և որ վերջերս առհասարակ դադարել է հասկանալ տղային:
Կոնստանտինը ուզում է բացատրվել, բայց տեսնում է մոտեցող Տրիգորինին և հեռանում է:
Նինան և Տրիգորինը մնում են միայնակ: Տրիգորինը անվերջ գրառումներ
է անում նոթատետրում: Նինան իր հիացմունքն է արտահայտում այն աշխարհին, որում ապրում
են Տրիգորինը և Արկադինան: Տրիգորինը արտահայտվում է իր կյանքի մասին որպես տառապալից
ընթացքի: Տեսնելով Տրեպլևի բերած ճային՝ գրանցում է նոր սյուժե աղջկա մասին, որի կյանքում
հայտնվում է մարդ, որը չիմանալով, թե ինչ կարելի է անել նրա հետ, կործանում է այդ աղջկան:
Անցնում է մի շաբաթ: Սորինի տան սրահում Մաշան պատմում է
Տրիգորինին, որ սիրում է Տրեպլևին և այդ սերը արմատախիլ անելու համար ամուսնանում է
Մեդվեդենկոյի հետ: Տրիգորինը պատրաստվում է հեռանալ Մոսկվա Արկադինայի հետ: Արկադինան
հեռանում է, որովհետև որդին ինքնասպանության փորձ է արել, իսկ հիմա մենամարտի է ուզում
հրավիրել Տրիգորինին: Նինան ևս երազում է մեկնել, որովհետև ուզում է դերասանուհի դառնալ:
Աղջիկը գալիս է հրաժեշտ տալու: Առաջին հերթին Տրիգորինին: Նվիրում է գրողին մեդալյոն,
որի վրա փորագրված է տող նրա գրքից: Տրիգորինը ուզում է հետևել աղջկան՝ մտածելով, որ
գուցե սա այն զգացմունքն է, որը նա փնտրել է ողջ կյանքում: Արկադինան իմանալով այս
մասին՝ ծնրադիր խնդրում է չլքել իրեն: Տրիգորինը խոստանում է չանել դա, բայց գիշերով
հանդիպում է նշանակում Նինային:
Անցնում է 2 տարի: Սորինն արդեն 62 տարեկան է: Հիվանդ է,
բայց կենսառատ: Մաշան և Մեդվեդենկոն ամուսնացած են, ունեն երեխա, բայց Մաշան ատում
է և´ ամուսնուն, և´ դստերը:
Տրեպլևը պատմում է Դորնին Նինա Զարեչնայայի ճակատագիրը: Փախել
է տնից, միացել է Տրիգորինի հետ: Երեխա են ունենում, որը շուտով մահանում է: Տրիգորինը
վերադարձել է Արկադինայի մոտ: Որպես դերասանուհի Նինան ևս չի կայացել: Միշտ նամակներ
է գրել Տրեպլևին, բայց երբեք չի գանգատվել: Նամակները ստորագրում էր «Ճայ» մականունով:
Հիմա քաղաքում է և խոստացել է գալ:
Նինան հայտնվում է շատ անսպասելի: Կոնստանտինը որերորդ անգամ
նրան սեր է խոստովանում: Պատրաստ է ամեն բան ներել և կյանքը նվիրել Նինային: Բայց Նինան
նրա առաջարկը չի ընդունում: Դեռ սիրում է Տրիգորինին: Պիտի մեկնի գավառական մի քաղաք՝
տեղի թատրոնում խաղալու: Երբ հանրահռչակ դերասանուհի դառնա, կհրավիրի Տրեպլևին դիտելու
իր խաղը:
Նրա հեռանալուց հետո Տրեպլևը ոչնչացնում է բոլոր իր ձեռագրերը
և գնում է իր սենյակը: Սրահում հավաքվում են Սորինը, Արկադինը, Դորնը, Տրիգորինը: Լսվում
է կրակոց: Դորնը ասում է, որ հավանաբար պայթել է իր դեղորայքով անոթներից մեկը: Վերադառնալով՝
պատվիրում է Տրիգորինին հեռացնել Արկադինային, որովհետև նրա որդին՝ Կոնստանտին Տրեպլևը,
ինքնասպանություն է գործել:
Տես նաև Բալենու այգին, Երեք քույր, Չինովնիկի մահը, Քեռի Վանյա և Շնիկով տիկինը
Անտոն Չեխով | Ճայը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 07, 2015
Rating:
.jpg)