
Ֆրանսուա Վիյոնի (1431-1463-ից հետո) բանաստեղծությունների մեծ մասը գրված է պահի օրհասականության բացարձակ
զգացողությամբ: Այդպիսին է «Կտակը», որը ներկայացնում է նրա ստեղծագործության բոլոր
տարրերի համադրությունը: Այդ տարրերից են նախ և առաջ հակասականությունը և հեգնանքը,
քնարական սուբյեկտիվիզմը և ծայրահեղ սենսուալիզմը՝ ձգտումը դեպի կյանքի զգայական վայեքները:
Վիյոնը պատկանել է Փարիզի ուսանողական
բոհեմին: 1456 թ. ավազակային հերթական հարձակմանը մասնակից բանաստեղծը լքում է Փարիզը
և գրում է իր «Փոքր կտակը», որտեղ ընկերներին և թշնամիներին է թողնում գինետան ցուցանակը,
գարեջրի գավաթը, դատարկ քսակը և այլն: Ներում ստանալով և վերադառնալով Փարիզ՝ նա գրում
է «Մեծ կտակը», որի մեջ ներառում է նաև թափառման տարիներին գրված բանաստեղծությունները:
Հարուստ խառնվածքի և բարձր
ինքնագիտակցության տեր Վիյոնը բացառիկ անկեղծությամբ պատմում է իր նախասիրությունների,
անօրենությունների, տառապանքի, արատների և իր սիրելիի անսրտության մասին, որը սիրում
է իրեն միայն վճարի դիմաց: Պատմում է, թե ինչպես է իր մյուս սիրելիի հրամանով ենթարկվել
դաժան ծեծի, ինչպես է կավատի կարգավիճակում ապրել «չաղլիկ Մարգոյի» հետ, տրվել նրա
հետ հարբեցողության, ծեծել նրան, ինչպես է շրջել երկրով մեկ՝ ընկերակցելով գողերին
ու ավազակներին, ինչպես է տառապել բանտում և ինչպես է մահապատժի նախօրեին ծածկվել սառը
քրտինքով:
Վիյոնն անձնական զգացողության
տակավին նոր սրություն է հաղորդում իր խոստովանություններին՝ միաժամանակ վեր խոյանալով դրանցից
շնորհիվ հեգնանքի և քննադատական վերաբերմունքի: Խոսելով իր մասին՝ Վիյոնը նկատի ունի
գլխավորապես իր ժամանակը: Ճակատագիրը դես ու դեն է նետում Փարիզի համալսարանի շրջանավարտին,
որը չի կարողանում կողմնորոշվել սխոլաստիկական բանաձևերի և հումանիստական մտքի առաջին
ցոլքերի մեջ: Թաթախվելով արկածախնդիր և անօրեն գոյության մեջ՝ նա այդկերպ բավարարում
է իր բուռն կրքերը և ըմբոստ մտքերի ծարավը:
Վիյոնը միստիկայի և միջնադարյան մետաֆիզիկայի մոլեգին թշնամի
է: Նա բացահայտում է մարմնավոր սիրո և կրքի թեման՝ պսակազերծ անելով նրբին զգացմուքների
կուրտուազ իդեալականացումը: Նա երգում է գինին, փառաբանում է անցյալի մեծ հարբեցողներին՝
Նոյին և Ղովտին: Դրա հետ մեկտեղ նրա պոեզիան լավ գիտի ամենայն գեղեցիկի անցողիկության
մասին: Այս թեմայի վրա է կառուցված «Անցյալի տիկնանց մասին բալլադը»:
«Կախաղան հանվածների մասին բալլադում» Վիյոնը դիտում է մահվան
ճշմարտությունը ներսից՝ մահացածների աչքերով, այն աչքերով, որոնք «հանել են ագռավները»:
Վիյոնի պոեզիան կառուցվում է հակասությունների վրա: Սա միջնադարի
մայրամուտն է և Վերածնության նախաշեմը: Վիյոնի մեջ ծնվում է նոր մարդը, որը փորձում
է գտնել իրեն և չի կարողանում, փնտրում է ուղիներ և չի գտնում:
Ֆրանսուա Վիյոն | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 02, 2015
Rating:
