
Հին գերմանական էպոսի մեծ մասշտաբի
միակ նմուշն է անգլոսաքսոնական «Պոեմը Բեովուլֆի մասին»: Այս ստեղծագործության հիմքում
հավանաբար ընկած են հին էպիկական երգերը: Համեմատաբար ամբողջական ձեռագիրը (շուրջ
3000 տող) թվագրվում է տասներորդ դարով: Պոեմը բաղկացած է երկու մասից, որոնք միմյանց
հետ կապում է գլխավոր հերոսի՝ Բեովուլֆի անձը:
Ներածության փոխարեն պատմվում
է դանիական թագավորների առասպելական նախնու՝ Սկիլդ Սկեֆինգի մասին, որը տակավին մանուկ
մոտեցել է դանիական ափին մակույկով, որը լի էր գանձերով: Նա մեծանում է, դառնում է
թագավոր և երկար ու երջանիկ կառավարում է երկիրը: Բարեհաջող է եղել նաև նրա հետնորդների
կառավարումը: Սկիլդի ծոռը՝ Հրոթգար թագավորը, հաջող պատերազմներ է մղում և մեծ հարստություն
կուտակում: Նա կառուցում է մեծ ու գեղեցիկ պալատ իր ջոկատի խնջույքների համար, որը
կոչում է Հեորոտ, այսինքն՝ եղջերուի պալատ, քանի որ այն հավանաբար զարդարված էր եղջերուի
եղջյուրներով: Սակայն ուրախությունն ու խրախճանքն այդ պալատում երկար չի տևում: Շուտով
պալատում է սկսում ամեն գիշեր հայտնվել Գրենդելը՝ սոսկալի հրեշը, որն ապրում է հարևանությամբ
գտնվող ծովափնյա ճահճում:
Նա տանում է իր հետ և խժռում
է Հրոթգարի տասնյակ կտրիճ զինվորների: Ոչ ոք չի կարողանում հեռացնել այս աղետը: Պալատը
դատարկվում է, խաղերը դադարում են, դանիացիներին համակում է մեծ վիշտ: Լսելով այդ մասին՝
շվեդական հողերը բնակեցնող ցեղերից մեկի՝ գաուտների թագավոր Հիգելակի ամենաքաջ դյուցազնը՝
Բեովուլֆը, գալիս է օգնելու դանիացիներին: Նրա հետ են տասնչորս լավագույն գաուտ զինվորները:
Պալատում նրանց օթևանելու հենց առաջին գիշերը տեղի է ունենում սարսափելի կռիվը Բեովուլֆի
և Գրենդելի միջև: Գրենդելը գալիս է Հեորոտ կեսգիշերին, պատռում է գաուտներից մեկի մարմինը
և սկսում է խժռել այն ու ծծել արյունը: Երկրորդին խժռել չի կարողանում, քանզի նրան
կանգնեցնում է Բեովուլֆի ձեռքը: Զուր է փորձում Գրենդելը փախչել: Նրա ջլերը կտրվում
են, մաշկը պայթում է, ոսկորները կոտրվում են: Գրենդելի ձեռքը պոկվում-մնում է Բեովուլֆի
ձեռքին: Մահացու վիրավոր հրեշը փախչում է իր ճահիճը մահանալու: Հաջորդ օրը Հրոթգարը
մեծ ճաշկերույթ-խրախճանք է կազմակերպում և առատ ընծաներ է տալիս Բեովուլֆին:
Սակայն նույն գիշերը Գրենդելի
վրեժը լուծելու է գալիս նրա մայրը: Սա հարձակվում է Հրոթգարի զինվորների վրա և շատերին
կոտորում, քանի դեռ Բեովուլֆն ընկերների հետ քնած է հարևան սրահում:
Առավոտյան Բեովուլֆը մեկնում
է գործելու հաջորդ սխրանքը: Նա իջնում է ահարկու անդունդը և այնտեղ սպանում է Գրենդելի
մորը կախարդական թրով, որը կախ էր տված վհուկի ջրային ապարանքում: Բեովուլֆն այդ թրով
կտրում է Գրենդելի գլուխը և ուզում է իր հետ տանել զենքը, սակայն թուրը հալչում է նրա
ձեռքում ու անհետանում:
Հրոթգարը նոր խնջույք է կազմակերպում
ու ավելի առատաձեռն նվերներ է տալիս Բեովուլֆին: Փառքով պսակված հերոսը վերադառնում
է Հիգելակ թագավորի մոտ:
Պոեմի երկրորդ մասում Բեովուլֆն
արդեն ծերունի է: Կռվում զոհված Հիգելակի և նրա որդու փոխարեն նա է նստած գահին և հիսուն
ձմեռ բարեհաջող կառավարում է գաուտներին: Սակայն հայտնվում է հուր արտաշնչող սարսափելի
վիշապը, և Բեովուլֆը որոշում է հաղթել նրան մենամարտում: Բեովուլֆին հաջողվում է խոցել
վիշապին, բայց նա էլ մեռնում է թունավոր խայթոցներից: Մահից առաջ նա հրաժեշտ է տալիս
իր զինվորներին և կարգադրություններ է անում իր թաղումների վերաբերյալ: Նրա մարմինը
հանդիսավոր կիզում են խարույկի վրա, իսկ մոխրի վրա կառուցում են մեծ բլուր, որի շուրջ
կանգնած տասներկու դյուցազներ երգում են զոհված քաջի փառքը:
Պոեմի առաջին մասի կենտրոնական
դրվագը Բեովուլֆի պայքարն է Գրենդելի, իսկ հետո նրա մոր հետ, որը բազմաթիվ զուգորդություններ
ունի իսլանդական սագաներում («Էդդա»), իսկ երկրորդ մասը, որտեղ նա կռվում է վիշապի
հետ՝ գերմանական ասքերում («Նիբելունգների երգը»): Էական է, որ Բեովուլֆն անգլոսաքսոնական
հերոս չէ: Մեզ հասած ձևով պոեմը վկայում է, որ անցել է մշակման ոչ մեկ փուլ: Պոեմի
արդեն քրիստոնյա խմբագիրներից մեկը կոչում է Գրենդելին Կայենի սերունդ, ջրային հրեշներին՝
Դժոխքի վիժվածքներ և տարբեր առնչություններով հիշատակում է Աբելին, Նոյին և Մեծ ջրհեղեղը:
Բեովուլֆ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 02, 2015
Rating:
