
«Ի՞նչ է խաչագողը» առաջաբանում ներկայացվում է խաչագողության
սոցիալական և բարոյական բովանդակությունը: Լինելով ավերված, փչացած անբարոյական հասարակության
հրեշավոր ծնունդ՝ խաչագողը տիպիկ հայկական երևույթ է:
Ոստիկանության հետապնդումներից խուսափող Մուրադը պատսպարվում
է մոտակա անտառում, որտեղ հանդիպում է դպրոցական իր երբեմնի ընկերներին՝ Ասլանին, Կարոյին,
Սագոյին, որոնք համոզում են նրան անդամակցել իրեն գաղտնի ընկերությանը: Առաջնորդն էր
որսորդ Ավոն: Սակայն, որքան էլ հրապուրիչ է ընկերների խորհրդավոր միջավայրը, այդուհանդերձ
հաղթում է Քավոր Պետրոսի «մոգական ազդեցությունը», և Մուրադը, հնազանդվելով նշանավոր
խաչագողի համոզումներին, իր ճակատագիրը կապում է հեռավոր պանդխտության և թափառ կյանքի
հետ:
Մեկը մյուսին են գումարվում հանցանքները, և հերոսը կատարելագործում
է ոճրագործի իր արվեստը: Յոթ տարիները, որ նա անցկացնում է որպես խաչագող, կատարելապես
արբեցնում են նրան և նա չի հասկանում անգամ, թե երբ է տեղի ունեցել իր հոգում վճռական
բեկումը: Քավոր Պետրոսի կենսական փիլիսոփայությունը հետևյալն է. «Մարդ չէ կարող խղճմտանք
և ազնվություն ունենալ այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ մթնոլորտը, որի մեջ ապրում
է նա, վարակված է անբարոյականությամբ»:
Մուրադը ձգտում է ազատվել իրեն կլանող միջավայրի ապական ճահճից:
Դա հաջողվում է երկու ճակատագրական հանդիպումների շնորհիվ:
Առաջինը հանդիպումն է գնչուհի Նենեի հետ, որին Մուրադը փրկում
է և որին սիրահարվում է: Բացի այդ, անակնկալ կերպով վերգտնում է վաղուց կորցրած հորը,
որն իսկույն պաղատում է նրան ետ կանգնել մոլոր ճանապարհից: Բայց քանի դեռ Մուրադը մտովի
փայփայում է իր դարձի գաղափարը, ցարական ոստիկանությունը ձերբակալում է մաքսանենգ խաչագողերի
խմբին, և, Մուրադը, որը խոստովանում է իր հանցավորությունը, ցմահ տաժանակրության է
աքսորվում Սիբիր:
Տաժանակրության սարսափները Մուրադը տանում է հնազանդությամբ:
Փախուստի առաջարկությունից հրաժարվում է: Նոր միջավայրն ունի իր խորհուրդները, որոնք
խորացնում են Մուրադի աշխարհիմացությունը: Կալանավորների տարբեր կյանքերի պատմությունները
բաց են թողնում այն հարցը, թե ինչպիսին է մարդու բնությունը՝ բարի, թե չար:
Այդ հարցի պատասխանները Մուրադը լսում է Համրից. «Քննեցեք
դրանց յուրաքանչյուրի կյանքի պատմությունը և դուք կտեսնեք, որ դրանց գործած հանցանքների
արմատը դրված է եղել այն հողի մեջ, որից դրանք բուսել, աճել և զարգացել են: Յուրաքանչյուրի
հանցանքի ձևը, տեսակը, որպիսությունը տեղային բնավորություն ունի… այդ թշվառներից ամեն
մեկի կյանքի պատմությունը նույն հասարակությունների մտավոր, բարոյական և հոգեկան հիվանդության
պատմությունն է…»:
Մուրադին, այդուհանդերձ, հաջողվում է ստանալ կայսերական ատյանի
ներման թուղթը, և Մուրադն ու Նենեն սուրբ պսակով վերադառնում են հայրենի երկիր:
Տես նաև Սամվել, Դավիթ Բեկ, Սալբի, Հարեմ, Մինն այսպես, մյուսը այնպես, Կայծեր, Խենթը, Զահրումար և Ոսկի աքաղաղ
Րաֆֆի | Խաչագողի հիշատակարանը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 20, 2015
Rating:
