
Հերոսը՝ Հենրին, երկրորդ տարին
է, ինչ ապրում է Փարիզում: Եվրոպա է տեղափոխվել՝ փրկվելու համար ամերիկյան կենցաղի
«իդեալներից»: Ամերիկայի հետ նրան կապում են միայն մտքերը հայրենիք վերադարձած կնոջ՝
Մոնայի և դրամական փոխանցման մասին, որը ուր որ է, տեղ պիտի հասնի: Ապրելով տարագիր
գրող Բորիսի հետ՝ Հենրին անվերջ փող հայթայթելու մտահոգության մեջ է: Երբեմն նրան համակում
են էրոտիկ կարիքները, որոնք նա բավարարում է հնագույն մասնագիտության ներկայացուցիչների
հետ: Փարիզի փողոցները վխտում են նրանցով:
Իր մասին հերոսն ասում է, որ
առողջ է, չունի ոչ վիշտ, ոչ ափսոսանք, ոչ անցյալ, ոչ ապագա: Նրան բավական է ներկան:
Նա համեմատում է Փարիզը անկողնում պառկած հիվանդի հետ: Հենրին (ընկերները կոչում են
նրան «Ջո») օրգանապես է ներհյուսվում փարիզյան հատակի կյանքին: Արհամարհելով հայրենի
Ամերիկան որպես բուրժուական դժոխքի պատվար, նա ապրում է միայն գիրք ստեղծելու գաղափարով:
Այդ գրքով նա կուզեր քացի հասցնել Աստծուն, Գեղեցիկին, Ճակատագրին, Ժամանակին… Սակայն
բախվում է մարդկության կուտակած մշակույթի հաստ պատին: Նույն պատին բախվում են նաև
նրա ընկերները՝ գրողներ Բորիսը, Կառլը, Վան Նորդենը և նկարիչներ Կրյուգերը, Սվիֆտը…
«Հիլլա Բորգեզեից» արտաքսված
Հենրին ապրում է դրամատուրգ Սիլվեստրի և նրա ընկերուհու՝ Տանյայի մոտ: Հետո մարգարիտներ
վաճառող հնդիկի մոտ: Սրբագրիչ է աշխատում մի հրատարակչությունում: Կորցնում է աշխատանքը:
Ապրում է ընկերոջ՝ էրոտիկ մոլուցքով տառապող Վան Նորդենի և սրա հարբեցող ընկերուհու՝
Մաշայի մոտ: Հոգնելով նրանց ընկերակցությունից, հեռանում է Դիժոն, որտեղ դասավանդում
է Լիցեյում: Դա երկար չի տևում: Շուտով նա դարձյալ գործազուրկ է և ստիպված է վերադառնալ
Փարիզ: Դա ավելի է ամրապնդում նրա այն համոզմունքը, որ աշխարհը գլորվում է գրողի ծոցը…
Բայց նա սիրում է Սակրե Կյորի եկեղեցու գեղեցկությունը, Մատիսին և Ուիթմենի պոեզիան:
Ուիթմենը առաջին և վերջին բանաստեղծն է:
Հենրին չի կարողանում լուծել
իր համար կարևոր մի հանելուկ: Դա մարդկանց հասարակության էնտրոպիայի և բնության շարունակական
հեռացումն է: Ինչպե՞ս կարող է իրականությունը այսքան դեֆորմացվել անթև ու անթռիչք ունայնության
մեջ խրված հասարակության և նորից ու նորից վեր խոյացող ստեղծագործական ոգու դիսոնանսի
մեջ:
Հենրի Միլլերի խոստովանական
կենսապատումը շարունակվում է: «Խեցգետնի արևադարձ» վեպին հետևում են նորերը՝ «Սև գարունը»,
ապա «Այծեղջյուրի արևադարձը»…
Տես նաև Ռիչարդ Բախ Լիվինգսթոն անունով ճայը, Ջոն Սթեյնբեք
Մեր հոգսերի ձմեռը և Թենեսի Ուիլյամս Տրամվայ Ցանկություն
Հենրի Միլլեր | Խեցգետնի արևադարձը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 14, 2015
Rating:
