
«Պորփյուրի Ներածության վերլուծությունը» հիմնականում նվիրված
է տրամաբանության հարցերին, հատկապես ընդհանուր հասկացությունների, ըդհանուրի և եզակիի
փոխհարաբերության, տրամաբանական ստորոգյալի սեռերի քննարկմանը: Դրանք են սեռի, տեսակի,
տարբերության, սեփական և պատահական հատկանիշներ արտահայտող հասկացությունները, որոնց
քննությունը Պորփյուր Փյունիկեցու «Ներածության» հիմնական բովանդակությունն է: Դավիթը
հանգամանորեն վերլուծում է դրանք և մեկնաբանում Պորփյուրի «պրեդիկաբիլիաները», այսպես
կոչված «հինգ ձայները», արիստոտելյան ոգով: Այդ տեսակետից շատ հատկանշական է, որ Դավիթը
զննում է Պորփյուրի «Ներածությունը» որպես Արիստոտելի «Կատեգորիաների» ներածություն:
Քննելով Պորփյուրի պրեդիկաբիլիաները՝ «հինգ ձայները», Դավիթը
հատուկ կանգ է առնում ընդհանուր և մասնավոր հասկացությունների առնչակցության խնդրի
վրա: Նրան քաջ հայտնի են նշված հարցի շուրջ դեռ անտիկ փիլիսոփայության մեջ ծագած բուռն
վեճերը, հին հույն «ռեալիստների» (Պլատոն) և ծայրահեղ նոմինալիստների (Անտիսթենես)
տարաձայնությունները, ինչպես նաև Արիստոտելի հաշտարարական բանաձևը («ընդհանուրը գտնվում
է իրերի բազմության մեջ»), որից հետագայում օգտվում էին միջնադարյան չափավոր ռեալիստները
և չափավոր նոմինալիստները: Դավիթը նշում է, որ Պլատոնի տեսակետը («Ընդհանուրը գոյություն
ունի իրերի բազմությունից առաջ») չի հակասում Արիստոտելի տեսակետին, որովհետև իբր Արիստոտելն
էլ է ընդունում իրերից առաջ ընդհանուր գաղափարների գոյությունը՝ աստվածային բանականության
մեջ: Այդ իսկ պատճառով Դավիթը ևս մշակում է իր հաշտարարական բանաձևը, ըստ որի ընդհանուրը,
ընդհանուր հասկացությունները, նախ գոյություն ունեն իրերից առաջ, կամ, ինչպես ինքն
է ասում, «բազմությունից առաջ», այնուհետև «բազմության մեջ», իրերի բազմության աշխարհում,
և «բազմությունից հետո», մարդկային մտքում, որն իրերի բազմության մեջ ճանաչում է նրանց
ընդհանուր հատկանիշները և իր համար կազմում հասկացություններ և գաղափարներ: Այսպիսին
է Դավթի հաշտարարական գիծը, որը գալիս է ինչպես Արիստոտելի, այնպես էլ Ալեքսանդրյան
դպրոցի բռնած դիրքից:
Չնայած այն բանին, որ Դավիթը եզակիի և ընդհանուրի, անհատ
իրերի և ընդհանուր հասկացությունների փոխհարաբերության հարցում գոյաբանական առումով
ամեն կերպ ձգտում է հաշտեցնել Արիստոտելի և Պլատոնի տեսակետները, այդուհանդերձ, իմացաբանության
մեջ նա հակվում է դեպի Արիստոտելի լուծումը, առաջնությունը տալով անհատ իրերին: Անհատ
իրը և դրա հասկացությունը նախորդում են տեսակին և սեռին, որովհետև արտաքին աշխարհը
ճանաչելիս ընդհանուրը գոյանում է մեր մտածողության մեջ: Ինչ վերաբերում է նույն խնդրի
գոյաբանական ասպեկտին, ապա այստեղ նա լուծում է այն օբյեկտիվ իդեալիզմի դիքերից:
«Պորփյուրի Ներածության վերլուծության» մեջ Դավիթը, բացի
«հինգ ձայների» մանրամասն քննությունից, շարադրում է նաև իր տեսակետները բաժանման,
ենթակայի և ստորոգյալի, դատողության և մտահանգման, ապացուցման, դեդուկտիվ և ինդուկտիվ
եղանակների և այլ հարցերի վերաբերյալ:
Դավիթ Անհաղթ | Պորփյուրի Ներածության վերլուծություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 03, 2015
Rating:
