
Ինչպես նշում է հեղինակը, իր վրա մեծ է առաջին հերթին Ռոման
Յակոբսոնի և Նիկոլայ Տրուբեցկոյի ազդեցությունը: «Հնչույթաբանության ծնունդը սոսկ լեզվաբանական
հեռանկարի թարմացում չէր… Սոցիալական գիտությունների համար հնչյույթաբանությունն ունի
նույն նշանակությունը, ինչ միջուկային ֆիզիկան՝ բոլոր ճշգրիտ գիտությունների համար»:
Հնչույթաբանությունը գիտակցված լեզվական երևույթներից քայլ կատարեց դեպի ենթագիտակցական
ինֆրակառուցվածք՝ որպես հիմք ընդունելով տերմինների միջև եղած կապերի վերլուծությունը
և ներմուծելով համակարգի հասկացությունը, իսկ լեզվաբանությունը հնարավոր դարձրեց մարդկային
երևույթների խիստ հետազոտությունը:
Թողնելով այս կամ այն մշակույթի մասնավոր համակարգերի ազգակցության
հետազոտությունը, Լևի Ստրոսը փնտրում է ավելի համընդհանուր օրենքներ: Օգտվելով լեզվաբանական
և տրամաբանամաթեմատիկական մոդելներից՝ գիտնականը եկավ այն եզրակացության, որ ազգակցության
հարաբերություններն ուսումնասիրելիս սոցիոլոգը նույն իրավիճակում է, ինչ հնչույթաբանը:
Ինչպես հնչույթները, ազգակցության տերմինները ևս իմաստային տարրեր են: Իմաստը գոյանում
է, երբ դրանք ինտեգրվում են համակարգի մեջ: Ազգակցության համակարգերը, ինչպես և հնչույթաբանական
համակարգերը, ձևավորվում են մտածողության զարգացման նախառեֆլեքսիվ փուլում: Միմյանցից
բոլորովին տարբեր տարածքներում գտնվող հասարակությունների, ազգակցությունների ձևերի
և ամուսնության կանոնների դիտարկումը բերում են այն համոզման, որ դիտարկվող երևույթները
բխում են ընդհանուր, սակայն ոչ ակնառու կանոնների խաղից:
Հետևաբար գոյություն ունի թաքնված հիմք, որը ուղղորդում և
կառուցում է մարդկային քաոտիկ երևույթները: Ազգակցության համակարգերը կարելի է մեկնաբանել
որպես լեզվի տեսակ և գործողությունների համակցություն, որոնք երաշխավորում են հաղորդակցությունը
խմբի ներսում:
Նույնիսկ այնպիսի անփոփոխ ու կայուն տաբուները, ինչպիսին
է օրինակ ինցեստը, Լևի Ստրոսը հրաժարվում է բացատրել կենսաբանական կամ բարոյական դիրքերից:
Դրանք անգիտակից կառույցների հետևանք են: «Ինցեստի արգելքը ոչ այնքան կանոն է, որն
արգելում է ամուսնությունը մոր, քրոջ և դստեր հետ, որքան կանոն, որը հարկադրում է ուրիշին
տալ մորը, քրոջը և դստերը: Դա բացառիկ շնորհի կանոն է»: Համընկնում են ոչ միայն լեզվաբանության
և սոցիոլոգիայի մեթոդները, այլև հետազոտության առարկան՝ հաղորդակցությունը և սոցիալական
ինտեգրումը:
Մերձավոր կանանց «ուրիշներին տալը» ընդլայնվող խմբի մոդելն
է: Ինչպես նկատել է Պոլ Ռիկյորը, Լևի Ստրոսի կառուցվածքաբանությունը «կանտականություն
է, առանց տրանսցենդենտալ սուբյեկտի»: Անգիտակցականը (կանտական, այլ ոչ ֆրոյդյան տիպի),
որը ձևավորվում է կատեգորիաներից, մատրիքս է բոլոր մնացյալ կառուցվածքների համար: Պատմությունը
զուրկ է որևէ իմաստից և նպատակից: Նրա մեջ իշխում են ոչ թե մարդիկ, այլ անգիտակցական
կառուցվածքները: Խոսել մարդկության պատմությունը ուղղորդող առաջընթացի մասին անիմաստ
է, քանզի ամեն «պատմական գոտի» ունի իր ուղին, որը տարբեր է մյուսների ուղուց: Պատմության
նորոգման պրոցեսները բավականին կասկածելի են: Չէ՞ որ կան նաև «սառը հասարակություններ»,
որոնք անտարբեր են էվոլյուցիայի հանդեպ:
Լևի Ստրոսի համակրանքը հենց այդպիսի պրիմիտիվ հասարակությունների
կողմն է, քանի որ նրանք չեն խախտում բնության հետ իրենց կապի ներդաշնակությունը:
Պատմությունը հիշեցնում է շախմատի խաղ: Չիմացողին ֆիգուրների
դասավորվածությունը կարող է թվալ կամայական: Ֆրանսիացի փիլիսոփան ոչ թե կամայականություն,
այլ խիստ տրամաբանություն է տեսնում միֆերում: Պարզելով դրանց շարահյուսական կազմավորումը
և բաժանելով բինարային խմբերի (հերոս-զոհ, բարեկամ-թշնամի, հայր-մայր, կոպիտ-փափուկ),
նա խմբավորում է միֆերը ոչ թե ըստ բովանդակության, այլ ըստ աքսիոմների համակարգերի:
Միֆերի տրամաբանությունը հենց դիցաբանության մեջ է: Էական
է ոչ թե այն, թե ինչ ենք մենք մտածում միֆերի մասին, այլ այն, թե ինչ են միֆերը մտածում
մեր մասին:
Տես նաև Ֆերդինանդ դը Սոսյուր
«Լեզվաբանության ընդհանուր դասընթաց», Էմիլ Բենվենիստ «Ընդհանուր լեզվաբանություն»
և Առնոլդ Թոյնբի «Պատմության հետազոտություն»
Կլոդ Լևի Ստրոս «Կառուցվածքային մարդաբանություն» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 03, 2015
Rating:
