
Գործողությունը տեղի է ունենում հեռավոր ապագայում: Խաղի
անթերի Մագիստրոս Յոզեֆ Կնեխտը, հասնելով Ոգու խաղի ֆորմալ և բովանդակային կատարելությանը,
զգում է անբավարարություն, իսկ այնուհետև հիասթափություն և հեռանում է Կաստալիայից,
որտեղ ուսում էր ստացել: Կաստալիայի ուխտը, որին պատկանում է հերոսը, համարվում է ճշմարտության
պահապանների միաբանություն: Անդամները հրաժարվում են ընտանիք կազմելուց, սեփականությունից,
քաղաքականությունից, որպեսզի ոչ մի շահախնդիր նկրտում չազդի Ուլունքախաղի վրա: Դա մշակութային
արժեքների և իմաստների խաղ է: Երկրի անվանումը ծագում է միֆական Կաստալյան աղբյուրի
անունից, որը գտնվում է Պարնասի հարևանությամբ և որտեղ Ապոլոնը պար է գալիս արվեստի
տեսակները խորհրդանշող ինը մուսաների հետ:
Վեպը բաժանվում է երեք մասերի: Առաջինում նկարագրվում է Կաստալիայի
պատմությունը, և ուլունքախաղը, երկրորդը՝ հերոսի կյանքի պատմությունը, իսկ երրորդը`
Յոզեֆ Կնեխտի բանաստեղծություները և երեք կենսապատումները: Կաստալիայի նախապատմությունը
շարադրվում է որպես 20-րդ դարի մշակութային ճգնաժամի սուր քննադատություն: Այդ մշակույթը
բնորոշվում է որպես ֆելյետոնային: Ամեն բան լրագրողական տիրաժավորման և արժեզրկման
մեջ է: Որքան ավելի տափակ է գրականությունը, այնքան ավելի լրագրողային է այն և այնքան
ավելի պահանջված է: Ամենասիրված հոդվածները կրում են անեկդոտիկ բնույթ և կապված են
նշանավոր մարդկանց հետ: Այսպես օրինակ՝ «Ֆրիդրիխ Նիցշեն և կանանց նորաձևությունը…»
կամ «Կոմպոզիտոր Ռոսսինիի սիրելի ճաշատեսակները»: Լայնորեն շրջանառում են խաչբառերը:
Մարդիկ խաչբառերի և մակերեսային ֆելյետոնների աշխարհ են սուզվում՝ փախչելու համար տնտեսական
և քաղաքական լարված իրավիճակի հետ կապված վախերից: Այդ քաղաքակրթությունը կանգնած է
փլուզման եզրին:
Սակայն հասարակության մեծամասնությանը կլանած այսպիսի շփոթմունքի
ժամանակ գտնվում են մարդիկ, որոնք ստեղծում են Կաստալիան՝ պետությունը
պետության մեջ. որտեղ պիտի պահպանեն մշակույթը, որտեղ ընտրյալները տրվում են ուլունքախաղին: Կաստալիան
դառնում է հայեցողական ոգեղինության կենտրոն, որը ստեղծված է տեխնոկրատ հասարակության
թույլտվությամբ: Ուլունքախաղի մրցույթները հեռարձակվում են ողջ երկրով մեկ: Նպատակը
դաստիարակչական է: Պետք է կրթել ու դաստիարակել մտավորականների ազատ սերունդ, որոնք
զերծ կլինեն բուրժուական պրակտիցիզմից: Որոշ իմաստով Կաստալիան Պլատոնի պետության հակադրությունն
է, որտեղ իշխանությունը պատկանում է գիտնականներին: Կաստալիայում հակառակն է, փիլիսոփաները
և գիտնականները ազատ են, սակայն դա ձեռք է բերվում իրականությունից կտրվելու գնով:
Կաստալիայի ուխտն ունի միջնադարյան կառուցվածք: Այն գլխավորում են 12 մագիստրոսներ,
կա նաև Դաստիարակչարան և ուրիշ կոլեգիաներ: Կաստալիականները ողջ երկրով մեկ հավաքում
են տաղանդավոր տղաների և սովորեցնում են նրանց երաժշտություն, արվեստ, մաթեմատիկա և
փիլիսոփայություն: Հետո պատանիները ընդունվում են համասարաններ և դառնում են դասախոսներ
կամ տրվում են ուլունքախաղին: Սա կրոնի, արվեստի և փիլիսոփայության համադրություն է:
2200 թ. Յոզեֆ Կնեխտը դառնում է մագիստրոս: Նրա ազգանունը
նշանակում է «ծառա», և նա պատրաստ է ծառայել Կաստալիային: Սակայն ուլունքախաղը միայն
որոշ ժամանակով է բավարարում նրա հոգևոր պահանջմունքները: Նա սկսում է հասկանալ կաստալիական
կյանքի սահմանափակությունները: Նա հեռու է Տեգուլյարիուսի տիպի գիտնականներից, որոնք
խաղում են միայնակ հանճար, մեկուսանում են իրականությունից: Բենեդիկտինցիների Մարիաֆելս
մենաստանում անցկացրած ժամանակը և ծանոթությունը հայր Յակոբի հետ մեծ ազդեցություն
են թողնում Կնեխտի վրա: Նա հասկանում է Կաստալիայի ոչ պատմական գոյության սահմանափակությունը:
Այն գնալով ավելի է հեռանում հասարակությունից, որն ի վերջո կարող է անպետք ճանաչել
այն: Հարկ է դաստիարակել երիտասարդներին ոչ թե գրադարաններում, այլ դաժան աշխարհի մեջ:
Կնեխտը լքում է Կաստալիան և դառնում է իր ընկերոջ՝ Դեզինյորիի որդու ուսուցիչը: Լեռնային
լճում իր հերոսի հետ լողալիս հերոսը խեղդվում է. այդպես է հաղորդում նրա կենսագիրը:
Պարզ չէ, թե որքանով նա կարող էր հաջողության հասնել իր առաջ դրված նպատակների իրագործման
մեջ: Պարզ է, որ չի կարելի թաքնվել իրականությունից գրքերի աշխարհում:
Այս միտքը կրկնում են վեպն ամփոփող երեք կենսապատումները:
Առաջին պատումի հերոսը զոհաբերում է իրեն հանուն իր ցեղախմբի: Երկրորդ պատումի հերոսը
վաղ քրիստոնյա ճգնավոր է: Նրա անունն է Հովսեփ Ֆլամուլուս (լատիներեն նշանակում է «ծառա»):
Հիասթափվում է ուրիշների մեղքերը լսողի իր կարգավիճակից, սակայն հանդիպելով իրենից
ծեր մի խոստովանահոր, շարունակում է իր գործը: Երրորդ պատումի հերոսն է Դասան («Ծառա»).
նա չի զոհաբերում իրեն, չի շարունակում ծառայությունը, այլ հեռանում է անտառ, ծեր յոգի
մոտ: Հերման Հեսսեի հերոսը՝ Յոզեֆ Կնեխտը, իր մեջ ուժեր գտավ հրաժարվելու հենց այս
վերջին ճանապարհից, թեպետև դա նրան կյանք արժեցավ:
Տես նաև Հերման Հեսսե Տափաստանի գայլ, Թոմաս Ման Կախարդական լեռը և Վոլֆգանգ Գյոթե Վիլհելմ Մայստերի ուսումնառության տարիները
Հերման Հեսսե | Ուլունքախաղ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 23, 2015
Rating:
