
Ըստ Հեգելի փիլիսոփայելու պահը համընկնում է բանականության
ինքնավերացարկման հետ, երբ առանձին բանականությունը բարձրանում է Ոգու աստիճանի: Դա
չի կարող տեղի ունենալ իսկույն: Դեկարտի և Կանտի ex abrupto մեթոդները այս իմաստով
մերժվում են: Փիլիսոփայության ներածություն չի կարող լինել այն, ինչն իր հերթին արդեն
փիլիսոփայություն չէ: Ոգու ֆենոմենոլոգիան կոչված է ցույց տալու էմպիրիկ գիտակցության
վերաճելը բացարձակ իմացության: Ուստի այդ գիտության ներածությունը արդեն իսկ գիտություն
է:
Բացարձակը ճանաչվում է երկակի՝ որպես օբյեկտ և որպես սուբյեկտ:
Փիլիսոփայությունը ինքն իրեն ճանաչող Բացարձակն է: Ֆենոմենոլոգիան այն ճանապարհն է,
որը դուրս է բերում վերջավոր գիտակցությունը անվերջ գիտակցության մակարդակի: Մեթոդը
անխուսափելիորեն պիտի լինի դիալեկտիկական: Ոգին անցնում է ինքնաճանաչման պատմական շրջափուլեր,
որոնց ընթացքում ինքնաիրագործվում է. նույն ճանապարհը անցնում է նաև առանձին էմպիրիկ
անհատը:
Ինքնաորոշարկման և դրսևորման մեջ գիտակցությունը պահանջում
է Այլ-ի ճանաչողություն: Անհրաժեշտ է սուբյեկտ և օբյեկտ: Այս հակադրությունը ամեն գիտակցության
կերպն է: Ֆենոմենոլոգիական ճանապարհը ենթադրում է հետևյալ փուլերը՝ Գիտակցություն (նեղ
իմաստով), Ինքնագիտակցություն, Բանականություն, Ոգի, Կրոն, Բացարձակ իմացություն: Սրանցից
յուրաքանչյուրն իր առանձին որոշարկվածության մեջ անհամարժեք է և ստիպում է դիմել իր
հակադրությանը: Զգայական հայեցողությունը տալիս է առանձին եզակիի իմացություն, որը
թվում է ճշմարիտ: Սակայն շուտով այդ ճշմարտության մեջ առաջ է գալիս հակասություն և
հարկ է լինում դիմել ավելի ընդհանուր ճշմարտության: Այս փուլում դատողականությունը
հայտնաբերում է, որ օբյեկտը կախված է նաև իրենից: Երկրորդ փուլը ինքնագիտակցությունն
է, որտեղ գիտակցությունը բացահայտում է իր ցանկությունները: Սկզբնապես ինքնագիտակցությունը
դուրս է մղում իրենից ամեն օտար բան: Սակայն շուտով ստիպված է հրաժարվել այդ դիրքորոշումից,
կապի մեջ է մտնում ուրիշ ինքնագիտակցությունների հետ և դուրս է գալիս վերացականությունից:
Մի գիտակցությունը ունի ուրիշ գիտակցության կարիք, քանի որ խնդիր ունի իրեն ենթարկելու
այն: Այսպես է ծնվում «տիրոջ և ստրուկի» հարաբերությունը: Տերը ենթարկելով իրեն մահվան
վտանգի, դառնում է դրության տերը: Նա հաղթում է: Ստրուկը վախենալով մահից և փրկելու
համար կյանքը ընդունում է ստրուկի իր կարգավիճակը: Նա վերածվում է իրի: Սակայն դիալեկտիկական
շարժումը կատարում է վերադասավորումներ, քանի որ իր ստրուկի գործունեությունից կախված
տերն ինքն է ստրկանում և նրանց տեղերը փոխվում են: Տերը ստրուկի մեջ բախվում է այն
կետին, որը ինքնագիտակցության մաս չէ, իսկ ստրուկը տիրոջ մեջ գտնում է գիտակցություն.
նա կատարում է տիրոջ կամքը: Ինքնագիտակցությունը անցնում է երեք փուլեր՝ ստոիցիզմի,
սկեպտիցիզմի և դժբախտ գիտակցության:
Բանականությունը ծնվում է, երբ գիտակցությունը բացահայտում
է ամեն իրականություն լինելու հավաստիությունը: Սա իդեալիզմի էությունն է: Բանականություն
ամենայն իրն է: Բանականությունը անցնում է երեք փուլեր՝ բնությունը հայեցող բանականություն,
գործող բանականություն և գիտակցությունը Ոգի դարձնող բանականություն:
Բնությունը հայող բանականությունը բնության մասին գիտությունների
ոլորտում է: Իրերի մեջ այն փնտրում է իրենից տարբերը՝ լավ իմանալով, որ կգտնի սեփական
անվերջությունը:
Գործող բանականությունը առավել բարձր մակարդակում կրկնում
է ինքնագիտակցության շարժումը: Նախ անհատը ձգտում է երջանկության. սա Գյոթեի Ֆաուստի
տիպն է: Նրան թվում է, թե նա տիրում է կյանքին, սակայն ճանաչում է լոկ մահը: Երկրորդ
փուլում բանականությունը հայտնաբերում է սրտի օրենքը: Հավանաբար սա Ժան Ժակ Ռուսոյի
դեպքն է: Սակայն սիրտը շտապում է: Այն չի հասցնում միջնորդավորվել և ցուցաբերում է
Ոգու հետ սուբյեկտիվ անհամաձայնության պահ: Երրորդ փուլը համապարփակ առաքինության բանականությունն
է, որը դեռ աբստրակտ է: Այսպիսի տիպը ցանականում է փոխել պատմության ընթացքը. մենք
գործ ունենք Դոն Կիխոտի կամ Ռոբեսպիերի հետ:
Բանականությունը, որը բարձրանում է Ոգու աստիճանի, համադրում
է հայող և գործող բանականության փուլերը:
Բանականությունը, որն իրագործված է ազատ ժողովրդի կողմից,
Ոգի է: Ոգին անցնում է երեք փուլ: Առաջինում նա ինքնին էթիկականություն է, երկրորդում
օտարված է իրենից, իսկ երրորդում հասել է սեփական հավաստիությանը:
Առաջին պահը համընկնում է հունական պոլիսի բարձր էթիկական
կյանքի հետ: Այստեղ կա բախում գրված և չգրված օրենքների միջև: Սոփոկլեսի Անտիգոնեն
դրա վառ օրինակն է: Մարդկանց օրենքի համաձայն նա չպիտի թաղի եղբորը, իսկ աստվածային
օրենքը պատվիրում է նրան թաղել եղբորը: Կրեոնը պատժում է Անտիգոնեին, որը խախտել է
մարդկային օրենքը, իսկ ճակատագիրը պատժում է նրանց երկուսին: Այս կոնֆլիկտներից ծնվում
է ընդհանրությունը՝ «իրավաբանական անձը», որը առաջ է գալիս Հռոմեական կայսրության
մեջ: Սակայն իրավահավասարությունը առաջ է բերում վերացականություն: Կեսարը օրինակն
է մարդու, որը աշխարհի տիրակալն է և անջատված է էթիկական սուբստանցից: Այդ տրոհման
բարձրակետը երկրորդ փուլն է, որը մարմնավորվում է նոր Եվրոպայում: Այստեղ հավատին հակադրվում
է մերկ ինտելեկտուալացումը: Լուսավորիչների հավատը բանականության նկատմամբ և հավասարապաշտությունը
դարարկ են: Դրանց ուղիղ հետևանքը տեռորն է: Ինքն իր հետ հաշտվող Ոգին, որը երրորդ փուլում
է, նախ կանտական տիպի է, որից սերում է ռոմանտիկների «հրաշալի ոգին»: Այն այնքան գիտակցական
է, որ չի ցանկանում իջնել գործունեության աստիճանի և չի հանդուրժում ոչ մի իրականություն.
ավարտում է խելագարությամբ կամ թոքախտով (Նովալիս, Հյոլդեռլին…):
Բացարձակ գիտելիքը կրոնն է, որտեղ Բացարձակը գալիս է ինքնագիտակցության:
«Ոգու ֆենոմենոլոգիան» իմաստային դաշտում այնքան բազմարժեք է, որ այն կարելի է համեմատել
դաստիարակչական վեպի հետ (Գյոթեի «Վիլհելմ Մայստերի», Ռուսոյի «Էմիլի» և Նովալիսի «Հայնրիխ
ֆոն Օֆթերդինգենի»): Հերոսները հաղթահարում են հիասթափության և ինքնաճանաչման բազմաթիվ
փուլեր և հասնում են ճշմարտությանը:
Տես նաև Բենեդիկտ Սպինոզա
Էթիկա և Ֆրիդրիխ Նիցշե Այսպես խոսեց Զրադաշտը և Իմմանուել Կանտ Զուտ բանականության քննադատություն
Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել | Ոգու ֆենոմենոլոգիա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 22, 2015
Rating:
