
Վեպ-հակաուտոպիայի գործողությունները տեղի են ունենում մտացածին
Համաշխարհային Պետության մեջ: Ստաբիլության 632-րդ դարաշրջանն է: Այն կոչվում է Հենրի
Ֆորդի դարաշրջան: Ֆորդին կոչում են «Մեր Տեր»: Իշխում է տեխնոկրատիան: Երեխաները ոչ
թե ծնվում են, այլ աճեցվում ինկուբատորներում: Ինկուբատորները տարբեր են և նրանցից
դուրս են գալիս տարբեր տիպի երեխաներ՝ ալֆա, բետա, գամմա… Ալֆաները բարձրագույն ցեղից
են, իսկ մյուսները նվազման կարգով պատկանում են ավելի ցածրակարգ կաստաների և ստեղծված
են ֆիզիկական աշխատանքի համար: Յուրաքանչյուր կաստայի ներկայացուցիչ կրում է որոշակի
գույնի զգեստ:
Հասարակական ստանդարտացումը ամենակարևորն է Համաշխարհային
Պետության մեջ: Ամեն բան ենթարկված է քաղաքակրթության բարօրությանը: Երեխաներին ենթագիտակցության
մեջ քնած ժամանակ ճշմարտություններ են ներարկում: Պատմությունը ցնորք է, բոլորն ապրում
են այսօրվա օրով: Կրքերը և հույզերը ավելորդ են և վնասակար են համարվում մարդու համար:
Սերը դատարկ զգացմունք է, որը միայն դժբախտացնում է մարդկանց: Երեխաներին փոքրուց սովորեցնում
են էրոտիկ խաղեր խաղալ, որպեսզի նրանք հակառակ սեռի մեջ սովորեն տեսնել բացառապես հաճույքի
առարկա: Ցանկալի է, որ զուգընկերները հաճախ
փոխվեն, քանզի բոլորը բոլորի համար են: Արվեստ չկա, այլ կա միայն զվարճանքների արդյունաբերություն:
Եվ եթե որևէ մեկի տրամադրությունը ինչ-ինչ պատճառով փչացել է, բավական է ընդունել մի
քանի գրամ սոմա (թույլ թմրանյութ):
Բերնարդ Մարքսը ալֆա կաստայից է: Սակայն տարբերվում է իր
խմբակիցներից: Շատ մտազբաղ է, մելամաղձոտ և անգամ ռոմանտիկ: Չի սիրում սպորտային խաղեր:
Ասում են, որ ինկուբատորում արյան փոխարեն նրա մեջ ներարկել են սպիրտ: Լինայնա Քրաունը
բետա տեսակի աղջիկ է: Գեղեցիկ և սեռական է: Նրան դուր է գալիս Բերնարդը: Պատրաստվում
են միասին մեկնել Նյու Մեխիկոյի արգելոցը: Արգելոցում ապրում են վայրի մարդիկ: Նրանք
ապրում են այնպես, ինչպես ապրում էին մարդիկ մինչև Ֆորդի դարաշրջանը: Ծնվում են բնական
եղանակով, սիրում են, տառապում են… Մալպարաիսո հնդկացիական ավանում Բերնարդը և Լինայնան
հանդիպում են տարօրինակ հնդկացու, որը խոսում է հին անգլերեն: Պարզվում է, որ այդ հնդկացին՝
Ջոնը, գտել է ավանում Շեքսպիրի գիրքը և դրանով սովորել է հին անգլերեն: Ջոնի մայրը
սպիտակ կին է, որը եկել էր արգելոց իր սիրեցյալի հետ: Նա հղի էր և չէր ցանկացել վերադառնալ
քաղաքակիրթ աշխարհ, որտեղ մայրանալը ամենամեծ ամոթն է: Այդպես լույս աշխարհ եկավ Ջոնը:
Բերնարդը որոշում է քաղաքակիրթ աշխարհ տանել Ջոնին և նրա
մորը: Լինդան բոլորին սարսափ է ազդում, իսկ Ջոնը, կամ, ինչպես նրան հիմա կոչում են՝
Վայրենին, դառնում է հետաքրքրաշարժ նորություն: Նրան չեն զարմացնում քաղաքակրթության
բարիքները: Անվերջ մեջբերումներ է անում Շեքսպիրից և սիրահարվում է Լինայնային, որի
մեջ տեսնում է շեքսպիրյան Ջուլյետային: Լինայնան չի հասկանում, թե ինչու է նա հրաժարվում
իր հետ սեռական կապի մեջ մտնել և ինչու է իրեն կոչում «անառակ»:
Քաղաքակիրթ աշխարհում մահվանը վերաբերվում են որպես ֆիզիոլոգիական
պրոցեսի: Երեխաներին փոքրուց տանում են հիվանդանոցներ և ցույց են տալիս մեռնողներին,
որպեսզի նրանք սովորեն մահին: Ջոնի մայրը՝ Լինդան, մահանում է և դա մեծ ցնցում է լինում
Ջոնի համար:
Ջոնը գալիս է սոմայի բաժանման կրպակի մոտ և սկսում է համոզել
հերթ կանգնած մարդկանց հրաժարվել թմրանյութից: Նրան և իր ընկեր Հելմհոլցին բերում են
պետության տասը կառավարիչներից մեկի՝ Մուստաֆա Մոնդի մոտ: Նրան բացատրում են, որ քաղաքակրթությունը
հենց դրա համար էլ ստեղծված է, որպեսզի մարդիկ հրաժարվեն կրքերից, գիտությունից և արվեստից:
Որպեսզի ապրեն հանգիստ: Վայրենին ասում է, որ ուզում է արվեստ, Աստված, մեղքեր, բարիք
և ազատություն:
Վայրենին հեռանում է քաղաքակրթությունից և բնակվում է լքված
փարոսի մոտ: Վերցնում է իր հետ միայն ամենաանհրաժեշտ իրերը: Ապրում է՝ հաց աճեցնելով
և աղոթելով:
Մի օր փարոսի կողքով անցնող մարդկանց խումբը տեսնում է բլրի
վրա կիսամերկ վայրենուն, որը խարազանում է ինքն իրեն: Տեսնելով մարդկանց մեջ Լինայնային՝ նա բղավելով «անառակ», մտրակով հարձակվում է աղջկա վրա:
Հաջորդ օրը երկու լոնդոնցի երիտասարդներ գալիս են փարոսի
մոտ և հայտնաբերում են իրեն կախած վայրենուն:
Օլդոս Հաքսլի | Գեղեցիկ նոր աշխարհ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 09, 2015
Rating:
