
Քսենոփոնի պատմափիլիսոփայական հայացքները պարզաբանելու և
հասկանալու տեսակետից, առանձնահատուկ նշանակություն ունի հեղինակի «Կյուրոպեդիա» (Կյուրոսի
դաստիարակությունը) երկը՝ բաղկացած 8 գրքից:
Այս երկի հիմնական բովանդակությունը պարսկական հզոր միապետության
հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունն է (Ք. ա. 600-530 թթ.): Այստեղ Քսենոփոնը
գովաբանում է բարոյական այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում էր Կյուրոսի թագավորական
իշխանությունը: Այս երկում նկատելի է Քսենոփոնի կողմնորոշումը հօգուտ միապետության,
որը նա գերադասում է դեմոկրատիայից, օլիգարխիայից և բռնատիրությունից՝ տիրանիայից,
վերջիններիս հակադրելով միապետական կայունությունը:
Պարսից բնակչության թիվն ըստ Քսենոփոնի հասնում է 120 հազարի,
որոնք բաժանվում են 12 ցեղերի: Բարձր խավի քաղաքացիներ են համարվում նրանք, ովքեր ստացել
են պատշաճ դաստիարակություն: Դաստիարակության և կրթության պրոցեսը հիշեցնում է Սպարտայի
ավանդույթները: Կյուրոսը մանկուց աչքի է ընկնում բազմապիսի ձիրքերով: Նրա սիրած զբաղմունքը
որսորդությունն է: Առաջին մարտական փորձառությունը սահմանամերձ տարածքում ասորեստանցիների
ջոկատի ջախջախումն է: Հետագայում նա կարողանում է ճնշել նաև մարերի վասալ հայոց Տիգրան թագավորին,
որը հրաժարվում է տուրք վճարել: Նա խորամանկությամբ գերում է թագավորին և հարցնում,
թե ինչպես կվարվեր, եթե լիներ իր տեղում: Հայոց թագավորն ասում է, որ մահվան կդատապարտեր
դավաճանին: Կյուրոսը խնայում է նրան, ինչից հետո հայոց թագավորը դառնում է նրա հավատարիմ
դաշնակիցը:
Ասորեստանցի Կրեսոս թագավորը մեծ զորքով շարժվում է Կյուրոսի
դեմ: Կյուրոսը ջարդում է Կրեսոսի զորքը և գրավում է Լիդիայի մայրաքաղաք Սարդեսը: Այնուհետև
պարսից արքան կարողանում է գրավել նաև Բաբելոնը: Հպանցիկորեն հիշատակվում է նաև Եգիպտոսի
գրավման մասին:
Ցանկանալով պատկերել բարի և առաքինի կառավարչի իդեալական
կերպարը՝ Քսենոփոնը միշտ չէ, որ հավատարիմ է մնում պատմական իրական փաստերին: Այսպես,
Հերոդոտոսի պատմությունից հայտնի է, որ Կյուրոսը սպանվել է մասսագետների (հայկական
աղբյուրներում՝ մաքսութներ) դեմ պատերազմելիս, մինչդեռ «Կյուրոպեդիայում» նա խաղաղ
պայմաններում երանության մեջ մահանալուց առաջ, զոհեր է մատուցում իր աստվածներին, բարոյախրատական
երկար ճառով հրաժեշտ է տալիս իր որդիներին ու բարեկամներին և դատողություններ անում
հոգու անմահության մասին փիլիսոփայական մեծ վերացականությամբ: Այս հատվածում շատ բան
հիշեցնում է Պլատոնի փիլիսոփայությունը:
Ըստ էության, «Կյուրոպեդիան» բարոյախրատական-քաղաքական վեպ
է, որի էջերում հանդես է գալիս, որպես գլխավոր հերոս, իդեալական միապետի կերպարը՝ դաստիարակված
փիլիսոփա Սոկրատեսի սկզբունքներով այնպես, ինչպես դրանք հասկանում է ինքը՝ Քսենոփոնը:
Դա առաջին վեպն է, ավելի ճիշտ՝ առաջին պատմավեպը համաշխարհային գրականության պատմության
մեջ, որի հիմքում, այնուամենայնիվ, ընկած են պատմական հավաստի դեպքեր:
Պատմագիտության մեջ այս երկի նկատմամբ կա երկու մոտեցում:
Ոմանք, կասկածի տակ առնելով դրա արժանահավատությունը, լիովին ժխտում են դրա պատմագիտական
արժեքը: Ուսումնասիրողների մեկ ուրիշ խումբ, սակայն, նշում է, որ «Կյուրոպեդիայի» մի
շարք հատվածներ, հատկապես Հայկական լեռնաշխարհի բնակիչներին և քաղաքական դեպքերին վերաբերող
մասերը, հիմնված են պատմական ստույգ տվյալների վրա և միանգամայն արժանահավատ են: Անկասկած,
Քսենոփոնը Հայաստանին վերաբերող տեղեկությունները քաղում է բյուրի (տասը հազարի) հետ
Պարսկաստանից նահանջելիս:
«Կյուրոպեդիայի» տվյալները Ք. ա. վեցերորդ դարի կեսերի Հայաստանի
մասին շատ դեպքերում համահունչ են Մովսես Խորենացու «Պատմությանը»: Այս երկու սկզբնաղբյուրները
փոխադարձաբար լրացնում են իրար և ուսումնասիրողներին հնարավորություն տալիս վերականգնելու
Հայկական լեռնաշխարհի պատմությունը այդ հեռավոր ժամանակաշրջանում, երբ Ուրարտական (Վանի)
թագավորության անկումից անմիջապես հետո հայկական անդրանիկ պետությունը կատարում է իր
առաջին քայլերը:
«Կյուրոպեդիան» լայն տարածում է ունեցել հունա-հռոմեական
աշխարհում: Այն հատկապես ընթերցանության սիրելի գիրքն է եղել հռոմեական արիստոկրատիայի
այնպիսի ներկայացուցիչների համար, ինչպիսիք էին Սկիպիոն Աֆրիկացին, Կիկերոնը և ուրիշներ:
Քսենոփոն | Կյուրոպեդիա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 14, 2015
Rating:
