
Աշխատությունը նվիրված է մարդկության պատմության ընթացքում
կնոջ ստորադաս դիրքի և իրավունքների խաթարվածության
պատճառների լուսաբանմանը: Գիրքը համարվել է ֆեմինիստական շարժման մանիֆեստ: Գիրքը երկհատոր
է: Վատիկանը ներառել է այն արգելված գրքերի ցուցակում:
Առաջին մասը, որ կոչվում է «Ճակատագիր», նախ նկարագրում է
կենսաբանության որոշ տվյալներ: Կինը էականորեն թույլ է տղամարդուց: Դիտարկելով Զիգմունդ Ֆրոյդի և Ալֆրեդ Ադլերի հոգեվերլուծական տեսությունները՝ հեղինակը մերժում է դրանք,
քանի որ ըստ նրա էրոտիզմի ուսումնասիրությունը ընկալման համատեքստում դուրս է գալիս
հոգեվերլուծության շրջանակներից: Էնգելսի պատմական մատերիալիզմը նույնպես քննադատության
է ենթարկվում, քանի որ մատերիալիզմի «տնտեսական մարդը» վերացականություն է և չի ներկայացնում
ամբողջ մարդուն:
Գրքի երկրորդ մասը կոչվում է «Պատմություն»: Բովուարը պնդում
է, որ գոյություն ունեն միայն երկու գործոններ, որոնք կարող են բացատրել կնոջ դրության
լավացումը: Առաջին գործոնը կնոջ ներգրավվածությունն է արտադրական պրոցեսներում, իսկ
երկրորդը՝ ազատությունը վերարտադրողական ստրկությունից: Մայրությունը շղթայում է կնոջը
իր մարմնին և թույլ է տալիս տղամարդուն իշխել նրան: Նկարագրվում է կնոջ դիրքի վատթարացման
պատմական ընթացքը, մինչև Պյութագորաս, որը նույնացնում է կնոջը քաոսի և խավարի հետ:
Տղամարդը տրանսցենդենտ է, կինը իմմանենտ: Քրիստոնեությունը նույնպես գործել է ի շահ
կանանց ստրկացման: Բովուարը հիշատակում է Սուրբ Պողոսի և Հովհաննես Ոսկեբերանի ասույթները:
Կինը չարիք է: Նկարագրվում է պոռնկությունը և այն փոփոխությունները, որոնք կապված են
ասպետական դարաշրջանի և կուրտուազության հետ: Նոր ժամանակներում իրավիճակը չի փոխվել,
թեպետ կարելի է հիշել առանձին կանանց (Մարգարիտ Նավարացի), որոնք կարողացան պահպանել
անկախություն և նվիրվել արվեստին: Բովուարը քննադատում է Նապոլեոնի կոդեքսը, ինչպես
նաև Օնորե դը Բալզակին և Օգյուստ Կոնտին, որոնք իրենց գաղափարներով դանդաղեցրել են
կնոջ զարգացումը: 19-րդ դարում արդյունաբերական հեղափոխությունը ազատագրեց կնոջը, քանի
որ կինը կարողացավ դուրս գալ տանից: Բայց նա քիչ էր վարձատրվում: «Միայն երբ կինը այս
երկրի վրա զգում է իրեն ինչպես տանը, կարող են ի հայտ գալ Մարի Կյուրիի և Ռոզա Լյուքսեմբուրգի
նման կանայք»:
Ֆրոյդի առաջարկած «կաստրացիայի կոմպլեքսը», որը հանդիպում
է կանանց մոտ, Բովուարը մերժում է: Աղջիկներն միայն սովորում են նախանձել հատուկ օրգանի
միջոցով միզելու տղաների կարողությանը: Որպես կոմպենսացում աղջիկները ստանում են տիկնիկ,
որը դառնում է նրանց ալտեր էգոն:
Սեքսի բացահայտումը կնոջ կյանքում նույնքան ցավագին է, որքան
կտրվելը մորական կրծքից: Իմանալով, որ տղամարդիկ են աշխարհի տերը՝ նրանք փոխում են
իրենց գիտակցությունը և գտնում են, որ սեռականությունը գարշելի է: Առաջին սեռական փորձառությունը
ազդում է կնոջ ամբողջ կյանքի վրա: Լեսբիական սերը համարվում է ամոթալի այլասերվածություն,
սակայն իրականում «այն ոչ գիտակցված այլասերություն է, ոչ էլ ճակատագրական անեծք»:
Ամուսնությունը կնոջ համար սեփական անազատությունը բացահայտելու
ծանր ուղի է: Կինը կտրվում է իր ընտանիքից և տեղափոխվում է կատարելապես օտար միջավայր:
Հղիությունը, ինչպես երանություն է, այնպես էլ պատուհաս: Մոր սադոմազոխիստական դրսևորումները
փոխանցվում են դստերը որպես մեղքի զգացում: Հետերաները, անառակ կանայք և կուրտիզանուհիները
սոսկ փախուստի օրինակներ են: Նրանք կրում են իրենց պարտությունը:
Մեջբերելով Ստենդալին՝ Բովուարն ասում է, որ կինը գիտի օգտվել
տրամաբանությունից: Սակայն նրանից խլել են օգտակար լինելու ինքնազգացումը: Սադիզմից
և մազոխիզմից կարելի է խուսափել, եթե սեռերի միջև հաստատվի հավասարություն: Կին գրողներից
նա առանձնացնում է Էմիլի Բրոնտեին և Վիրջինիա Վուլֆին: Սակայն կանայք չեն կարող ստեղագործել
այնպես, ինչպես դա անում էին Վինսենտ Վան Գոգը կամ Ֆրանց Կաֆկան: Այդուհանդերձ, կնոջը
հարկ է տրամադրել ինքնաիրագործման հնարավորություն: Դրա համար կինը և տղամարդը պիտի
վեր բարձրանան իրենց բնական տարբերություններից և կնքեն եղբայրական դաշինք:
Սիմոնա դը Բովուար | Ուրիշ սեռ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 30, 2015
Rating:
