
Մեծահասակ մարդու սեռականությունը չի գոյանում անբացատրելիորեն,
ասես մեկ օրում: Այն անցնում է զարգացման երկար ու բարդ ճանապարհ: Զարգացման ընթացքը
կարելի է ուսումնասիրել երեխաների օրինակի վրա կամ այն մեծահասակների, որոնց մոտ սեռական զարգացումը
ինչ-ինչ պատճառնելով կանգ է առել: Զարգացման այդ բարդ ճանապարհը, որի վրա ուշադրություն
է հրավիրում Ֆրոյդը, թույլ է տալիս այլ կերպ հասկանալ և գնահատել մարդու սեռական կյանքի
այն երևույթները, որոնք ուրիշ մոտեցմամբ բնորոշվում են որպես դեգեներատիվ:
Ինքնաէրոտիզմը և սերը օբյեկտի նկատմամբ սեռական զարգացման
տարբեր փուլեր են: Մանկության շրջանում սեռական հակումը համակենտրոնացած չէ: Այն ասես
ցրված է: Այդպիսին է այն նաև մեծահասակ մարդկանց մոտ, ովքեր չեն ապրել զարգացման ընթացքի
ավարտ: Նրանք շարունակում են մնալ ինքնաէրոտիկ փուլում: Զարգացման սկզբում առաջին պլան
է դուրս գալիս օրալ էրոտիկան (կանիբալային փուլ): Մյուս փուլում, որը կոչվում է պրեգենիտալ,
գերակշռում է սադիզմը և անալային էրոտիկան: Միայն զարգացման վերջին փուլում է գերակայություն
ստանում գենիտալային գոտին:
Ֆրոյդի առաջարկած մոտեցումը հերքում է խիստ կենսաբանական
դետերմինիզմը: Ֆրոյդը փորձում է գտնել անհատական սեռական վարքի և մշակութային նորմերի
միջև եղած կապը և փորձում է հասկանալ այնպիսի
տաբուների ներքին տրամաբանությունը, ինչպիսիք են ինցեստի արգելքը կամ կուսության պահպանումը:
Բազմաթիվ սեռական շեղումների հիմքում ըստ էության գործում են սոցիալական պատճառներ:
Իր սեռական տեսությունը հեղինակը հաստատում է ոչ միայն կլինիկական դիտարկումներով,
այլև հայտնի մարդկանց կենսագրական տվյալներով (Միքելանջելո, Լեոնարդո, Գյոթե):
Ֆրոյդը հետևողականորեն մերժում է բնածինության թեզը: Դասական
հոգեվերլուծության մեջ մարմինը և օրգանները առաջ են բերում գրգռման զգացում, որը պատկերացվում
է որպես հակում: Այսինքն՝ հակումը մարմնի մեջ գրգռման մշտական աղբյուրի «հոգեկան ներկայությունն»
է:
Շեղումները և այլասերումները՝ նարցիսականությունը, ֆետիշացումը,
բիսեռականությունը, ըստ Ֆրոյդի պայմանավորված են երկու հիմնական գործոններով: Մի կողմից
դա մշակույթի պահանջներն են, որոնք անցնում են գիտակցության մեջ (ամոթ, կարեկցանկ,
զզվանք, բարոյականության և հեղինակության կառույցներ): Մյուս կողմից դա սեռական օբյեկտի
ընտրությունն է (նորմալ զարգացումը տեղի ունի, երբ օբյեկտ են դառնում հակառակ սեռի
սեռական օրգանները և գործում է ինցեստի սկզբունքը):
«Սերը իր հիմքում հիմա նույնքան կենդանական է, որքան հազարամյակներ
առաջ: Սեռական հակումները դժվար են տրվում դաստիարակության: Դրանց դաստիարակությունը
կամ շատ է, կամ էլ քիչ: Այն, ինչ մշակույթն է ցանկանում անել սեռական հակումների հետ,
անիրագործելի է: Առանց գործադրման մնացող գրգիռները ակտիվ սեռական դրսևորումների ժամանակ
հանդես են գալիս որպես անբավարարվածություն»:
Տես նաև Զիգմունդ Ֆրոյդ Հոգեվերլուծության տեսություն, Երազների մեկնություն և Էրիխ Ֆրոմ Սիրելու արվեստը
Զիգմունդ Ֆրոյդ | Երեք տրակտատ սեռականության տեսության վերաբերյալ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 29, 2015
Rating:
