
Վեպը ծնվել է որպես կարբոնարական դավադրությունների շրջանի
Իտալիայի հանդեպ Ստենդալի հետաքրքրության արգասիք: Դեռևս 1829-ին Ստենդալը ստեղծել
է հայրենասեր կարբոնարի սիրո և մահվան մասին պատմող իր «Վանինա Վանինի» նովելը: Նրա
գրչի շնորհիվ վերակենդանանում է երկրի շիկացած առօրյան, որտեղ քաղաքացիական սահմանազատումները
դարձել են ամեն ինչի ուղն ու ծուծը, թափանցել ամենանվիրական ոլորտներ: Գյուղական բուժակի
որդի Պյետրո Միսիրիլին շատ կողմերով «Կարմիրն ու սևը» վեպի հերոս Սորելի իտալական եղբայրակիցն է: Նպատակասլաց արիությունը,
կրքերին անձնուրաց տրվելու ունակությունը, պարտքի զգացումը, պատանեկան ավյունը, - այս
ամենը մերձեցնում են նրանց: Սակայն երջանկության մասին նրա պատկերացումներն այլ են:
Նա ժողովրդի բարօրության, հայրենիքը օտարերկրյա զավթիչներից ազատագրելու, նրա մասնատված
հողերը միավորելու համար մղվող պայքարի մարտիկ է: Այդ պատճառով նրան հատուկ չէ ներքին
երկփեղկվածությունը, նա զարմանալի ամբողջական, հստակ, հերոսական անձնավորություն է,
հեղափոխական՝ իր բարոյական կերպարով:
Ստենդալին հատուկ հոգեկան տատանումների և բարդ կռահումների
լուսաբանությունը այս կերպարում փոխարինվում է զարգացող գործողության լարվածությամբ:
Ելակետային իրադրության պայմաններում անգամ հակադրությունները չափազանց սրված են: Պյետրոն
պատկանում է այն անձանց թվին, որոնց Ռուսաստանում նախկինում անվանում
էին ռազնոչինցիներ: Իսկ նրա սիրուհին՝ Վանինան, ինքնակամ, ազնվական գեղեցկուհի է, որի
կարծիքով քաղաքացիականությունը խորթ է երջանկությանը: Այսուհանդերձ, իրենց ձգտումներում
երկուսն էլ անհողդողդ և պոռթկուն զգացմունքների տեր անձնավորություններ են: Կյանքի
իմաստը և իրենց բարոյական պարտքը տարբեր ձևով գիտակցող այս երկու երիտասարդների վտանգավոր
պահին բռնկված բուռն կիրքը պետք է որ ճակատագրական վախճան ունենար: Պյետրոյի համար
սիրո և ընդհատակյա հայրենասեր գործչի կոչման միջև ընտրությունը թեև ծանր է, բայց՝ շատ
որոշակի: Իր իրավացիության մեջ համոզված, Վանինան, որպեսզի վերադարձնի դավադրությամբ
իրենից խլված սիրեցյալին, առանց տատանվելու մատնում է նրա համախոհներին: Սակայն նա
պարտվում է՝ Պյետրոյի սերը վերածվում է բուռն ատելության:
Իր կուռ կառուցվածքով, ողբերգական հերոսականությամբ, որ այնքան
էլ հաճախակի երևույթ չէ 19-րդ դարի քննադատական ռեալիզմի երկերում, հագեցած «Վանինա
Վանինին» դարձավ 19-րդ դարի նովելի ժանրի շատ ճանաչված գործերից մեկը: Այստեղ ռոմանտիկական
ոգևորությունը ընթանում է ռեալիստական վարպետ շարադրանքի հունով: Հայրենասիրական պարտքի
ստենդալյան պատանի ջատագովը բացում է հեղափոխական կերպարների շարքը Հյուգոյի («Թշվառները»),
Բալզակի («Կորուսյալ անուրջներ»), Ժորժ Սանդի («Օրաս»), Զոլայի («Ժերմինալ») երկերում:
Ստենդալ | Վանինա Վանինի | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 16, 2016
Rating:
