
Ստեղծագործությունը գրված է տրամախոսության ձևով: Զրուցում
են պատմողը և Ժան Պիլիպ Ռամոյի՝ ֆրանսիացի մեծ կլասիցիստ կոմպոզիտորի ազգականը: Պատմողը
նախ տալիս է ազգականի բնութագիրը. ապրում է խառնափնթոր կյանք, չի ամաչում իր վատ սովորություններից,
այսօր ցնցոտիներով է, վաղը՝ շքեղ հագնված: Ըստ պատմողի, սակայն, հենց այսպիսի մարդիկ
են պատռում բարձրաշխարհիկ մարդկանց հասարակական դիմակը:
Զրուցում են սրճարանում: Առաջին թեման հանճարն է: Ըստ Ռամոյի
ազգականի հանճարները պետք չեն, քանզի չարիքը հենց հանճարների միջոցով է աշխարհ գալիս:
Պատմողն առարկում է, որ եթե կեղծիքը կարճ ժամանակ կարող է օգտակար լինել, ժամանակի
ընթացքում դառնում է վնասակար, իսկ ճշմարտությունն օգտակար է: Կա երկու օրենք՝ հավերժական
և անցողիկ: Հանճարը կարող է անցողիկ օրենքի զոհ դառնալ, սակայն հավերժական օրենքը կդատապարտի
նրա դատավորներին (Սոկրատեսի օրինակը): Ռամոյի ազգականը գտնում է, որ ավելի լավ է լինել
ազնիվ վաճառական, քան վատ բնավորությամբ հանճար: Պատմողն առարկում է, որ հանճարի վատ
բնավորությունից տառապում են միայն մտերիմները, իսկ դարերի մեջ նրա գործերը լավն են
դարձնում մարդկանց: Ռամոյի ազգականը երազում է լինել հայտնի կոմպոզիտոր և վայելել փառք:
Պատմում է, որ իր հովանավորները վռնդել են իրեն հենց որ սկսել է ասել ճշմարտությունը:
Պատմողը խորհուրդ է տալիս հայցել նրանց ներողամտությունը: Ռամոյի ազգականը հպարտ է
և չի անի դա: Այդ դեպքում, ասում է պատմողը, մնում է աղքատի կյանք վարել: Ռամոյի ազգականն
ասում է, որ ատում է ինքն իրեն, քանի որ կարող էր ճոխ ապրել՝ կատարելով հարուստ մարդկանց
մանր հանձնարարությունները: Խոսում են պատմողի դստեր դաստիարակության մասին: Պատմողն
ասում է, որ քիչ է սովորեցնելու նրան պար, երգեցողություն և երաժշտություն, հիմնական
ուշադրությունը դարձնելու է քերականությանը, դիցաբանությանը, պատմությանը, աշխարհագրությանը
և բարոյագիտությանը: Ռամոյի ազգականը ասում է, որ դժվար կլինի ուսուցիչներ գտնել. այդ
ամենն իմանալու համար կյանք է հարկավոր: Ռամոյի ազգականն ասում է, որ եթե ինքը հարստանար,
ապա կտրվեր զգայական վայելքների և հոգ կտաներ միայն իր մասին. այդպես են մտածում բոլոր
պատկառելի մարդիկ: Պատմողն ասում է, որ ավելի հաճելի է օգնել որևէ դժբախտի լավ գիրք
կարդալ: Ռամոյի ազգականը գտնում է, որ այսպես կոչված առաքինություններն ունայնություն
են: Առաքինությունը ձանձրալի է, իսկ առաքինիները իրականում փափագում են գաղտնի արատներ:
Ավելի լավ է ապրել սեփական արատներին համահունչ, քան զբաղվել երեսպաշտությամբ: Աշխարհի
ուժեղների մոտ հարկ է լինել ինչպես ծաղրածուն: Դա շահեկան է: Եթե առաքինությունը նույնպես
լիներ շահեկան, ինքը կլիներ առաքինի: Անիմաստ է ուղղել բնածին արատները, քանզի ինքը
բնությունը պիտի զբաղվեր դրանով: Պատմողը զարմանում է. ինչու է Ռամոյի ազգականը այդպես
բացահայտ ի ցույց դնում իր ստորությունը: Սա պատասխանում է, որ ավելի լավ է լինել մեծ
հանցագործ, քան մանր սրիկա: Պատմում է մարդու մասին, որը ինկվիզիցիային էր մատնել իր
ծանոթ հրեային, որը անսահման վստահում էր նրան: Խոսում է իտալական երաժշտության գերազանցության
մասին. պնդում է, որ Դունին և Պերգոլեզին ավելի մեծ են, քան Լյուլին և Ռամոն: Իտալական
օպերայում տեքստն ու երաժշտությունը փայլուն ներդաշնակված են, ֆրանսիականում՝ տիրում
է անբնականություն: Պատմողն հարցնում է՝ ինչպես է, որ նա, լինելով այդքան զգայուն երաժշտության
գեղեցիկի հանդեպ, այդքան անզգամ է առաքինության գեղեցկության հանդեպ: Ռամոյի ազգականը
պատասխանում է, որ դա բնածին է: Խոսում են Ռամոյի ազգականի որդու մասին: Պատմողը հարցնում
է՝ չի՞ ուզում արդյոք կանխել արատավորության մոլեկուլի ազդեցությունը: Ռամոյի ազգականը
պատասխանում է, որ դա անօգուտ է: Չի ուզում որդուն երաժշտություն սովորեցնել, քանզի
դա շահավետ չէ: Պատմողը նկատում է, որ Ռամոյի ազգականը բավականին հետևողական և անկեղծ
է: Ամենակարևորն ըստ նրա մանկան մեջ արատները զարգացնելն է, նրանք, որոնք օգտակար են
հարստանալու համար: Պատմողն հարցնում է՝ ինչու նա որևէ արժեքավոր երաժշտական գործ չի
ստեղծել: Սա պատասխանում է, որ այդպես է տնօրինել բնությունը. դժվար է վեր խոյանալ
դատարկ մարդկանց և բամբասանքի միջավայրում: Ռամոյի ազգականը եզրակացնում է, որ կյանքը
տնօրինում են անիծյալ պատահականությունները: Թագավորության մեջ քայլում է միայն թագավորը,
մյուսները լոկ կեցվածք են ընդունում: Պատմողը ավելացնում է, որ անգամ թագավորը ժամանակ
առ ժամանակ ևս կեցվածք է ընդունում: Պանտոմիմին չի տրվում լոկ փիլիսոփան (Դիոգենեսի
օրինակը): Սակայն Ռամոյի ազգականը տենչում է կենցաղային բարիքներ: Նա հանկարծ հիշում
է, որ պիտի շտապի օպերա և տրամախոսությունն ավարտվում է նրա ցանկությամբ ապրել ևս քառասուն
տարի:
Տես նաև Դիդրո Միանձնուհին, Վոլտեր Կանդիդ և Ռուսո Յուլիա, կամ նոր Էլոիզ
Դենի Դիդրո | Ռամոյի ազգականը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 25, 2015
Rating:
