
«Խոտի տերևներ» ժողովածուի
առաջին հրատարակությունը պատրաստել է ինքը հեղինակը 1955 թ.՝ տպագրելով այն իր հաշվին
և անանուն: Գիրքը բաղկացած էր տասներկու բանաստեղծությունից և պոեմից, որոնք չունեին
վերնագրեր. կազմը ուներ կանաչ գույն: Հետագայում Ուիթմենը անդադար ավելացրել է ժողովածուին
նոր բանաստեղծություններ՝ անփոփոխ թողնելով խորհրդանշական վերնագիրը: Երրորդ հրատարակությունը
(1860) արդեն հաշվում էր շուրջ հարյուր բանաստեղծություն: Վերջին հրատարակությունը
(1891) համարվում է «մահվան մահճի» հրատարակություն:
Եվ այսպես «Խոտի տերևներ» ժողովածուն
գրվել է շուրջ քառասուն տարի:
Ժողովածուն ընկալվում է որպես
մեկ ամբողջական ստեղծագործություն, որն ունի ինքնատիպ կառուցվածք և բաղկացած է շարքերից:
Համարվում է, որ գրքի թեման ինքը Ուոլթ Ուիթմենն է («Կամերադո, նա ով դիպչում է այս
գրքին, դիպչում է ինձ»), սյուժեն է մարդը և Տիեզերքը, իսկ գաղափարն է մարդու հավերժական
և անխուսափելի հաղթանակումը:
Ուիթմենը խոսում է համաշխարհային
դեմոկրատիայի, ժողովուրդների, աշխատանքի մարդկանց եղբայրության, գիտության և տեխնիկայի
առաջընթացի, մարմնի, հոգու, կյանքի ու մահվան, մարդու և բնության, տղամարդկանց և կանանց,
Ամերիկայի և ամերիկացիների, պատերազմի և խաղաղության, պոետների և պոեզիայի մասին:
Այս պոեզիան երգում է մարդու
նախնական և խորքային կապը բնության հետ և տիեզերական Համայնի փոխկապակցվածությունը:
Ուիթմենը մտադիր էր ստեղծել ազգային էպոս, որը կտար իրականության սպառիչ պատկեր: Նրա
քնարական Ես-ը պրոյեկտված է մյուս մարդկանց, երկրների և Տիեզերքի վրա:
Հատուկ տեղ է գրավում գրքում
Ամերիկայի համահավաք պատկերը: Բանաստեղծը նախաշոշափում է «ամերիկյան երազանքի» գաղափարը,
ներուժավորում է հավատը դրա նկատմամբ և ինքը հավատում է Ամերիկայի բացառիկ պատմական
առաքելությանը:
Քրեստոմատիական են համարվում
նախագահ Աբրահամ Լինկոլնին նվիրված բանաստեղծությունները, ով բանաստեղծի համար դեմոկրատիայի
խորհրդանիշ էր:
«Խոտի տերևներ» ժողովածուն
համարվում է նորարարական: Բանաստեղծություններն արդեն արտաքուստ ոչ մի ընդհանուր բան
չունեին ավանդական բանաստեղծության հետ: Ուիթմենը ազատ է վարվում ձևի, հանգի և ռիթմի
հետ:
Ազատ բանաստեղծությունը (վերլիբր)
զարմացնում էր ժամանակակիցներին, սակայն հենց այդ ազատ ոճն էլ հետագայում ազդակ է դառնում
բանաստեղծության նոր ձևերի և պոեզիայում ազատ էքսպերիմենտի հնարավորության համար:
Ուոլթ Ուիթմենի բանաստեղծական
տիեզերքում հաղթում է ներդաշնակությունը և բնականությունը: Նրա պատկերները պարզ են,
սակայն բազմաշերտ: Անձը և ողջ աշխարհը միահյուսվում են: Այսպես, «Իմ մասին» պոեմը հեղինակը
նվիրում է ոչ թե ինքն իրեն, այլ ողջ մարդկությանը:
Որովհետև յուրաքանչյուր ատոմ,
որ իմն է, պատկանում է նաև ձեզ:
Կյանքի, մահվան և տիեզերական
միասնության հարցերը Ուիթմենի մոտ չունեն փիլիսոփայական վերացականություն և կաղապարվածություն,
թեպետ դրանք խորապես փիլիսոփայական են. նա նայում է աշխարհին, ինչպես մանուկը («Կար
մի մանուկ, որ աճում էր»):
Եթե անգլիական ռոմանտիզմի շրջանակներում՝
ի դեմս Ուիլյամ Բլեյքի կամ Ջոն Քիթսի վսեմ կերպարը կառուցվում է իրականության հետ հակադրության
մեջ, ապա Ուիթմենի բանաստեղծություններում այդպիսի կերպարը զարգանում է ներսից. «Հողը
զգում եմ մարմնիս շնորհիվ, իսկ մարմինս՝ հողի»:
«Խոտի տերևներ» ժողովածուն
ոգեշնչում է հատկապես 20 –րդ դարի բանաստեղծներին՝ Էզրա Փաունդին, Ալեն Գինզբերգին,
Ռոբերտ Ֆրոստին: Հայտնի է, որ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը թարգմանել է Ուիթմենի «Եվրոպա»
բանաստեղծությունը:
Տես նաև Էդգար Պո Ագռավը, Հենրի Լոնգֆելո Հայավաթի երգը և Թոմաս Ս. Էլիոթ Մեռյալ երկիր
Ուոլթ Ուիթմեն | Խոտի տերևներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 01, 2015
Rating:
