Պարմենիդես
(համառոտ)

Էլեացի Պարմենիդեսը (Ք.ա. VI
- V) եղել է պյութագորյան փիլիսոփա Ամինիասի աշակերտը: Նրա «Բնության մասին» պոեմից
պահպանվել է մուտքը, առաջին մասը գրեթե ամբողջությամբ և երկրորդ մասի որոշ դրվագներ:
Պարմենիդեսը հանդես է գալիս
որպես խոշոր նորարար: Տիեզերաբանության նրա ուսմունքը մասամբ վերափոխվում է գոյաբանության:
Իր մտքերը Պարմենիդեսը վերագրում է աստվածուհուն, որը տանում է իր ետևից փիլիսոփայի
կառքը: Այսպես, Արդարության (Դիկե), Գիշերվա և Ցերեկվա ուղեկցությամբ փիլիսոփան հասնում
է իր նպատակին: Ճշմարտության դիցուհին հայտնում է նրան, որ նախ հարկ է ճանաչել մեկը:
Մեկի ճանաչողության ուղիները երեքն են՝ բացարձակ ճշմարտության ուղին, փոփոխական կարծիքների,
կեղծիքի և սխալների ուղին և գովեստի արժանի կարծիքների ուղին:
Ամենից առաջ հարկ է հասկանալ,
որ գոյությունը կա և չի կարող չլինել: Հետևաբար գոյությունը և չգոյությունն ունեն ինտեգրալ
նշանակություն. գոյությունը դրական է, իսկ չգոյությունը՝ բացասական: Փաստարկումը պարզ
է: Այն ամենը, ինչի մասին խոսվում և մտածվում է, գոյություն ունի: Մտածողությունը մշտապես
ինչ-որ բանի մասին է: Ոչինչն անմտածելի և անարտահայտելի է: Հետևաբար մտածելը և գոյություն
ունենալը համընկնում են: Այս կետը որոշիչ կդառնա Պլատոնի գոյաբանական և տրամաբանական
մի շարք թեզերի համար:
Գոյությունը չունի սկիզբ և
անկործան է: Քանզի եթե այն ունենար սկիզբ, պիտի որ գոյացած լիներ չգոյությունից, իսկ
դա անհնար է: Բացի այդ գոյությունը չի ճանաչում ժամանակ: Այն չունի անցյալ և ապագա,
քանի որ սրանք չգոյության մոդուսներ են, իսկ գոյությունը հավերժական ներկա է: Գոյությունն
անփոփոխ, անշարժ և հավասարաչափ է, այն չի լինում ավել կամ պակաս:
Միլետացիներ Թալեսի, Անաքսիմանդրոսի
և Անաքսիմենեսի տիեզերաբանությունը հիմնվում էր ընդդիմությունների դինամիկայի վրա,
որտեղ մի սկզբունքը մտածվում էր որպես դրական, իսկ մյուսը որպես բացասական: Սակայն
ըստ Պարմենիդեսի ինքն ընդդիմությունը կարող է հասկացվել լոկ գոյության բարձրագույն
միասնության մեջ ներառվելու դեպքում:
Հասկանալի է, որ աշխարհում,
որտեղ չգոյությունը բացակայում է, չկա մահ: Հայտնի է, որ Պարմենիդեսը զգայականություն
էր վերագրում դիակներին:
Պարմենիդեսի գոյությունը չունի
դիֆերենցումներ՝ ոչ որակական, ոչ քանակական: Ահա ինչու նրա աշակերտները ուշ թե շուտ
ստիպված էին բացատրել ֆենոմենալ աշխարհի անցողիկության և փոփոխականության համառ փաստը:
Պարմենիդես համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 13, 2015
Rating:
