Հերակլիտոս
(համառոտ)

Միլետացի փիլիսոփաներ Թալեսը,
Անաքսիմանդրոսը և Անաքսիմենեսը առաջինը ուշադրություն դարձրին իրերի համապարփակ դինամիզմին, նկատելով, որ դա սկզբնապատճառ-արքեի էական որակն է: Թեման զարգացնում և
խորացնում է Եփեսոսցի Հերակլիտոսը (Ք. ա. VI - V):
Նա սովորեցնում է, որ ամեն
բան շարժվում և հոսում է, ոչինչ չի մնում անշարժ և հաստատուն: «Հնարավոր չէ նույն գետը
մտնել երկու անգամ, հնարավոր չէ երկու անգամ դիպչել մահկանացուին նույն վիճակում…»:
«… Մենք նույնն ենք և նույնը չենք»: Հերակլիտոսի աշակերտ Կրատիլոսը ավելի է արմատականացնում
ուսուցչի թեզը, պնդում, որ նույնիսկ մեկ անգամ հնարավոր չէ մտնել նույն գետը:
Սակայն Հերակլիտոսի համար ամենից
կարևորը վերոնշված պնդումը չէր: Դա կետ էր, որից մեկնարկելով փիլիսոփան շարժվում է
դեպի ավելի խորն ընդհանրացումները: Սառը իրերը տաքանում են, երիտասարդը տարիք է առնում
և ծերանում է, չոր իրերը խոնավանում են, մահկանացուն ծնում է, ողջը մահանում է և այլն:
Հակադրությունները մշտապես պատերազմի մեջ են: Բայց եթե յուրաքանչյուր իրի իրականությունը
կայացման մեջ է, պատերազմը իրերի էությունն է: «Պատերազմն ամեն ինչի մայրն է և կառավարում
է ամեն բան»: Այս պատերազմի մասին հարկ է ասել, որ այն հանդես է գալիս որպես ներդաշնակություն:
«Տարբերությունների ներդաշնակությունը նման է քնարի և աղեղի ներդաշնակությանը»: «Վերև
տանող ճանապարհը տանում է նաև ներքև»:
Հակադրությունների միասնության
այս ներդաշնակությունը հենց աստված է: «Աստված ցերեկ ու գիշեր է, ամառ ու ձմեռ է, պատերազմ
և խաղաղություն է, քաղց և հագեցում է»:
Հուրը Հերակլիտոսի համար հիմնարար
սկզբունք է: Մնացյալ ամեն բան սոսկ հրի փոխակերպություն է: Հուրը ամենից վառ կերպով
մարմնավորում է հավերժական փոխակերպության որոշարկումները:
Մարդու հոգին հուր է, հետևաբար
հոգին ամենաչոր և իմաստուն մասն է: Իսկ խելահեղությունը խոնավություն է:
Հավանաբար արձագանքելով օրֆիկական
որոշ գաղափարների՝ Հերակլիտոսն ասում է. «Անմահները մահկանացու են, իսկ մահկանացուները՝
անմահ, առաջինները ապրում են երկրորդների կյանքով, իսկ երկրորդները՝ առաջինների»:
Հերակլիտոս համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 11, 2015
Rating:
