
Հեղինակը պատմում է իր Արթին պապու և Նազու տատու մասին:
Իրենք ութը-տասը տարեկան երեխաներ են: Պապը առավոտ ծեգին ամենից կանուխ է վեր կենում,
արթնացնում թոռներին: Իրիկնապահին նստում է դարպասի մոտ, դիմավորելու արոտից եկող կովերին,
վարից՝ հոգնած ու դանդաղ քայլերով եզներին: Բացի այդ գյուղի մեծ փողոցը իրենց տան առջևով
է անցնում և նա զրուցում է բոլոր անցնող-դարձողների հետ: Նազու տատի ականջի մեկը խուլ
է: Զրուցելիս հաճախ չի լսում պապու ասածը և նորից է հարցնում: Պապը հյուրերի հետ միշտ
նստում է մինչև աքլորականչը, պատմում անցած օրերից, վերհիշում մեռած մարդկանց, վաղուց
եղած դեպքեր: Եվ թվում է, թե նրանց ընտանիքում ոչինչ չի պատահել, և տան գլխին չի ծանրացել
ոչ մի հոգս: Սակայն նրանք ունեն մի քեռի՝ Եգոր անունով, որին տարիներ առաջ աքսորել
են: Երեխաները նրան չեն տեսել, բայց նրա մասին շատ տարբեր բաներ են պատմում, լուրեր
հասնում, թե իբր կենդանի է և ապրում է այսինչ քաղաքում, և պապն ամեն անգամ գնում է
լուրը ստուգելու, մինչդեռ հուսահատ վերադառնում է: Մի երեկո պապու և տատու զրույցից
երեխաները հասկանում են, որ կա մի մարդ, որ եթե մտքում դնի, ստույգ լուր կբերի Եգոր
քեռուց: Նաև հայտնի է, որ գզիր Իբիշը իրենց տնից յուղ ու պանիր է տանում նրա համար:
Եվ մի անգամ պապը ուրախ-ուրախ գալիս է ու հայտնում, որ տանուտերից տեղեկություն է,
թե քեռին ողջ է և գտնվում է այսինչ քաղաքում: Ինքը պետք է խնդիր ուղարկի ամենաբարձր
տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին: Նրա պատմածը հեքիաթ է թվում: Քյոխվան ասել է, որ
պիտի լավ թղթի վրա գրել, գրիչն էլ ոսկի պիտի լինի, թե չէ չի ընդունի: Առավոտ կանուխ
պապին պոչը երինջի հետ և տատու ջոկած յուղոտ պանրի կտորներով գնում է Միրզա Դավիթի
մոտ, գրել տալիս իր խնդիրքը և տանուտերի միջոցով հանձնում փոստ: Թե´ պոչը ծաղիկ երինջը,
թե´ յուղն ու պանիրը գնացել է, փոխարենը պապը բերել է թղթի մի կտոր, որ նրան տվել են
նամակն ընդունելուց հետո, իբրև թե դրանով պիտի ստանա պատասխանը: Տատը թուղթը պահում
է սնդուկի մեջ, և դա դառնում է նրանց ամենաթանկ իրը: Սակայն պատասխանը չի գալիս: Մի
օր էլ գզիրը հայտնում է, թե պապուն կանչում է նոր պրիստավը, հրամանը ստացել է Մուքելանց
Առստամից: Կարծում են, պատասխանն է եկել: Լուսաբացին պապը թոռան՝ հեղինակի հետ, ձի
են նստում և գնում պրիստավի մոտ: Ճանապարհին ուրախ-ուրախ զրուցում են՝ մտածելով քեռի
Եգորի վերադարձի մասին: Հասնում են սպիտակ շենքին, կարդում են պապու անունը, և նա գնում
է ներս: Այս ընթացքում տղան խոսում է մի գյուղացու հետ, որի գլխին փաթաթված կեղտոտ
շորի վրա տեսնում է արյան չորացած կաթիլներ: Հետո երևում է պապը: Նրան ծեծելով դուրս
են հանում: Վերևից մեկը ոտքով շպրտում է նրա սև փափախը, բերանից արյուն է գալիս: Դռները
փակվում են: Պապ ու թոռ լուռ նստում են ձին ու վերադառնում տուն: Տղան պինդ փաթաթվում
է նրա մեջքին. երկուսն էլ լաց են լինում: Շատ տարիներ են անցել: Ծերունին մահացել է,
և մինչև վերջին րոպեն հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է և տատուն էլ պատվիրել
էր գալու դեպքում գալ և գերեզմանին իմաց տալ, բայց տատին մահացավ նրանից մեկ տարի հետո
և նրա հետ թաղեցին նաև այն փոքրիկ թղթի կտորը: Այդպես էլ չիմացան, թե ինչ եղավ քեռի
Եգոր Ադամովը: Հեղինակը հաճախ է հիշում իր պապուն, նրա կապույտ աչքերն ու խեղճ ժպիտը,
իսկ հետո ժպիտը դառնում է ցավ, և ծերունու ջարդված ատամից նրա արխալուղի վրա ծորում
է արյունը:
Ակսել Բակունց | Նամակ ռուսաց թագավորին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 10, 2015
Rating:
