
Իր մասշտաբներով Քսենոփոնի «Անաբասիսի» հաղորդած իրադարձությունն
աննշան է: Մեկ բյուր (տասը հազար) հույն վարձկան զինվորներ մասնակցում են պարսկական
տերության մեջ տեղի ունեցող հերթական ապստամբությանը, արշավում են Պարսկաստան՝ գահի
հավակնորդի առաջնորդությամբ, և նրա վախճանից հետո թշնամի երկրի միջով նահանջում դեպի
հայրենիք:
401 թ. գարնանը դուրս գալով Սարդեսից՝ Լիդիայի, Փռյուգիայի
և Կապադովկիայի սատրապ Կյուրոսը, որը հայտնի է «Կրտսեր» անունով, բազմաքանակ զորքի
գլուխ անցած արշավում է եղբոր՝ պարսից արքա Արտաքսերքսես Երկրորդ Մնեմոնի դեմ: Կտրելով
Փոքր Ասիան՝ արշավող բանակը, որի թվում կար նաև հույն վարձկանների մի մեծ ջոկատ, Կիլիկիայի
և Ասորիքի վրայով մուտք է գործում Միջագետք և Եփրատի ձախ ափով առաջ է շարժվում դեպի
հարավ: Չհասած Բաբելոն քաղաքին, Կունաքսայի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտը,
որի ելքը աղետաբեր է դառնում Կյուրոսի համար: Նա սպանվում է, իսկ բանակը ցաք ու ցրիվ
է լինում: Վարձկան հույներին այլ բան չի մնում, քան ետ վերադառնալու ուղիներ փնտրել:
Այս ոչ շատ մեծ իրադարձությունը հսկայական արձագանք է գտնում
անտիկ աշխարհում և մտնում է օրինակելի սխրանքների շարքը: Ք. ա. 36 թ. հռոմեացի զորավար
Մարկոս Անտոնիոսը, իր պարթևական արշավանքի ձախողումից հետո թշնամի երկրի միջով նահանջելիս
հիշում է հունական Տասը հազարին:
Քսենոփոնը իր գրչին ազատություն և պատմածին ավելի կշիռ տալու
նպատակով «Անաբասիսը» հրապարակել է ուրիշի անվամբ (ոմն Թեմիստոգենես Սիրակուսացու):
Արշավանքի սկզբում Քսենոփոնը ստվերում է: Նա առաջին պլան է դուրս գալիս այն բանից հետո,
երբ Կունաքսայի ճակատամարտից հետո հույներն ընկնում են ծանր վիճակի մեջ: Այդժամ Քսենոփոնը
աստվածների ներշնչմամբ հորդոր է կարդում զինվորներին, վստահություն ներշնչում նրանց
իրենց ուժերի նկատմամբ և ընտրվելով զորավար փաստորեն ստանձնում է բյուրի ղեկավարությունը:
Հետագա ողջ նահանջի ընթացքում զորքի բոլոր հաջողությունները կապվում են Քսենոփոնի նախաձեռնության,
իմաստնության և եռանդի հետ:
Քսենոփոնը իր երկում նշում է ոչ միայն կատարված անցումների
թիվը, այլև յուրաքանչյուրի երկարությունը՝ մասամբ պարսկական փարսախներով, իսկ մասամբ
էլ ասպարեզներով: Քսենոփոնը Կյուրոսի հետ արշավելիս անցնում է ողջ Փոքր Ասիան և Հյուսիսային
Միջագետքը, տեսնում է բազմաթիվ երկրներ, քաղաքներ ու բնակավայրեր, հաղորդում է պարսիկների
վարք ու բարքի մասին: Սակայն եզակի կարևորություն է ձեռք բերում նրա պատմածը այն բանից
հետո, երբ սկսում է Բյուրի նահանջը անծանոթ ու թշնամի երկրների միջով: Հույները կտրում-անցնում
են Հայկական լեռնաշխարհը հարավից հյուսիս-արևմուտք, Վանա լճից հարավ ընկած Կարդուխների
երկրից դեպի Սև ծովի ափերը և այնուհետև ընթանում են հարավային ափի երկայնքով: Ծանոթանում
են տասնյակ ցեղերի ու ժողովուրդների հետ:
Հելլենների հետ են նրանց աստվածները, որոնց հետ ամեն օր շփվում
են զոհաբերությունների և հարցումների ձևով: Մոռացության չեն մատնվում նաև ավանդական
մարմնամարզական մրցությունները:
Քսենոփոնը ներկայացնում է Բյուրի դավադրաբար սպանված երեք
զորահրամանատարների՝ Կլեարքոսի, Պրոքսենոսի և Մենոնի բնութագիր դիմանկարները: Դրանից
առաջ նա տալիս է Կյուրոս Կրտսերի հմայիչ դիմանկարը: Տալիս է նաև բարբարոս Տիսսափեռնեսի,
Արիայոսի և ուրիշների դիմանկարները:
Առատ են արշավանքի տեսարանների, ռազմական գործողությունների,
առանձին ընդհարումների, առօրյա դեպքերի, խնջույքների նկարագրությունները:
Քսենոփոն | Անաբասիս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 10, 2015
Rating:
