
Խամբուրենց Հաջի աղան մի առավոտ, տնից դուրս գալով, փոխանակ քայլելու Մեմեդ Փաշայի պարտեզի առջևով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատի տակով՝ դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլ, իր
խանութը, ինչպես արել էր 35 տարի,- Մեմեդ Փաշայի պարտեզի առաջից ծռվում է դեպի Բոշայենց փողոցը, հետո՝ Զինանոցի առաջով իջնում է Մեծ հրապարակը և այնտեղից էլ իր խանութը։ Բոշայենց փողոցում Հաջի աղան մեջքն ուղղում է,
գլուխը վեր առնում, նայում է մի լուսամուտի
և անցնում, դարձյալ գլուխը կախ, մինչև հասնում է խանութը։ Ինքն
է զարմանում իր
արածի անսովորության վրա՝ ինչո՞ւ Բոշայենց փողոցից եկավ և ոչ թե ամեն օրվա ճանապարհով։ Նրա անսովոր ճանապարհով գնալը և անհայտ մի լուսամուտի նայելը
նկատում է մի կին՝ Էլմաս խաթուն անունով: Նա շուտով լուր է տարածում, թե Հաջի աղան
նայել է Աղքատենց հարսին։ Աղքատենց Տիգրանը ոսկերիչ
էր, ամուսնացել էր ծնողներին կորցրած Փայլունի հետ, որին այդկերպ փրկել էր չքավորությունից:
Ապրում էին սիրով: Երբ Հաջի աղան նայել էր նրանց տան պատուհանին, տանը ոչ ոք չկար,
բայց Էլմաս խաթունին թվում է, թե ստվեր է տեսել պատուհանի մեջ: Մինչև երեկո լուրը տարածվում
է և ստանում է հավելում: Իբրև թե տեսել են, ինչպես է Հաջի աղան դուրս գալիս Աղքատենց
տնից, իսկ Փայլունը նրա ետևից փակում է դուռը: Լուրը հասնում է Հաջի աղայի կնոջը՝ Մեմիկ
խաթունին: Լուրը հասնում է նաև ոսկերիչ Տիգրանին: Տիգրանը սկզբում փորձում է տրամաբանել՝
կասկածելով պատմության իսկությանը: Սակայն հետո գիտակցությունը մթագնում է: Սկսում
է իր Փայլունի և Հաջի աղայի հանդիպման պատկերներ երևակայել: Ապարանջան է շինում և արհեստանոցից
մի տղայի հետ ուղարկում կնոջը: Պատվիրում է չասել, թե ումից է: Փայլունը կարծում է,
որ Տիգրանն է ուղարկել: Ապարանջանը դնում է թևին: Երեկոյան կասկածների մեջ տառապող Տիգրանը
կնոջը կարգադրում է զարդը ուղարկել Հաջի աղային: Հաջորդ օրը Հաջի աղան զարդը գրպանն
է դնում և գնում է Տիգրանին տեսնելու: Տիգրանը տանը չի լինում և Փայլունը նրան ասում
է, որ չգիտի, թե երբ կգա ամուսինը: Տիգրանը տան ճամփին լսում է, թե ինչպես են անցորդները
խոսում այն մասին, որ իր բացակայությամբ Հաջի աղան Փայլունին հյուր է եկել: Տուն գալով
հարձակվում է կնոջ վրա և խեղդամահ է անում նրան: Այս մասին մարդկանցից լսած Մեմիկ խաթունը
շտապում է տուն և սկսում է մեղադրել ու անիծել ամուսնուն: Հաջի աղան մնում է իր սենյակում:
Դրսում մարդկանց բազմություն է հավաքվում: Փողոցի բազմությունը դեռ ամբողջովին չէր
հեռացել, երբ Մեմիկ խաթունը որոշում է վեր բարձրանալ, խոսել ամուսնու հետ, թքել նրա
երեսին և պահանջել, որ մի բան անի՝ բազմությունը հեռացնելու։ Բայց նա գտնում է ամուսնուն
ինքնասպան եղած: Հաջի աղան ինքն իրեն կախել է իր սենյակում:
Վահան Թոթովենց | Գավառական ողբերգություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 21, 2016
Rating:
