.jpg)
Վեպը բաղկացած է երկու մասից՝ Վերթերի գրած նամակներից և
հրատարակչի արած հավելումից: Վերթերի նամակները հասցեագրված են ընկերոջը՝ Վիլհելմին:
Վերթերը ոչ հարուստ ընտանիքի զավակ է՝ կիրթ, բարձր գնահատող
պոեզիան և երաժշտությունը: Տեղափոխվում է փոքրիկ քաղաք, այնտեղ մենության և ամենատարբեր խոհերին տրվելու համար: Վայելում է
բնության տեսարանները, շփվում է հասարակ մարդկանց հետ, կարդում է իր սիրած Հոմերոսին, նկարում է: Մի պարահանդեսի ժամանակ ծանոթանում է Շարլոտտե Ս.-ի հետ և սիրահարվում
է նրան: Լոտտեն, ինչպես աղջկան կոչում են մտերիմները, քաղաքային ամտմանի դուստրն է՝
ինը զավակներից մեկը: Մայրը մահացել է և Շարլոտտեն, չնայած իր երիտասարդությանը կարողացել
է փոխարինել մորը իր եղբայրների և քույրերի համար: Ոչ միայն գեղեցիկ է, այլև ունի ինքնուրույն
մտածելակերպ: Արդեն ծանոթության առաջին օրը Վերթերը և Շարլոտտեն զգում են որոշակի ընդհանրություն:
Այսուհետ Վերթերը գրեթե ամեն օր լինում է ամտմանի տանը: Լոտտեի
հետ այցելում են հիվանդ քահանային, խնամում են մի հիվանդ տիկնոջ քաղաքում: Լոտտեի հետ
անցկացրած յուրաքանչյուր վայրկյան Վերթերի համար երջանկություն է: Սակայն նրա սերը
դատապարտված է տառապանքի, քանզի Լոտտեն ունի փեսացու: Դա Ալբերտն է, որը հավակնում
է բարձր պաշտոնի:
Ալբերտը բարեկամաբար է վերաբերվում Վերթերին, և այդուհանդերձ
սա խանդում է Լոտտեին նրա հանդեպ: Ալբերտը կիրթ է, խոհեմ, համարում է Վերթերին արտասովոր
մարդ: Վերթերը շատ ծանր է տանում երրորդ անձի ներկայությունը Լոտտեի հետ հանդիպումների
ժամանակ: Նա մե´րթ շատ գրգռված և թվացյալ ուրախ է, մե´րթ մելամաղձոտ:
Մի օր նա պատրաստվում է ձիով բարձրանալ սարերը և խնդրում
է Ալբերտից նրա ատրճանակները: Ալբերտը տալիս է դրանք, սակայն զգուշացնում է, որ լիցքավորված
չեն: Մի ատրճանակը Վերթերը դնում է քունքին: Այս արարքը լուրջ վեճ է ծնում երիտասարդների
միջև: Վերթերը պատմում է աղջկա մասին, որը լքված լինելով իր սիրեցյալի կողմից, իրեն
նետում է գետը: Ալբերտն այդ արարքը համարում է հիմարություն, քանի որ խոհեմ մարդն այդչափ չի
տրվի զգացմունքներին:
Ծննդյան օրը Վերթերը փաթեթ է ստանում Ալբերտից: Փաթեթի մեջ
Լոտտեի զգեստի ժապավենն է. այն զգեստի, որ Լոտտեն կրում էր նրանց ծանոթության օրը:
Վերթերը հասկանում է, որ անհրաժեշտ է զբաղվել մի բանով, որպեսզի դա շեղի իրեն մռայլ
մտքերից: Հեռանալուց առաջ հանդիպում է Լոտտեի հետ: Լոտտեն չի ողջունում նրանց բաժանումը
և Վերթերի հեռանալը: Խոսում է մոր մահվան մասին և այն մասին, թե որքան ծանր էր մոտ
մարդու կորուստը: Եվ այդուհանդերձ Վերթերն իր մեջ ուժ է գտնում հեռանալու:
Մեկնում է ուրիշ քաղաք և ծառայության անցնում: Նրա վերադասը
հիմար պեդանտ է: Բայց Վերթերը մտերմանում է կոմս ֆոն Կ.-ի հետ: Ծանոթանում է նաև երիտասարդ
ֆրոյլայն Բ.-ի հետ, որին պատմում է Լոտտեի հանդեպ իր սիրո մասին: Բախումներ է ունենում
իր վերադասի հետ, որը բողոքում է Վերթերի դեմ ղեկավարներին:
Կոմս Կ.-ի տանը պատահած անախորժությունից հետո ստիպված է
լքել քաղաքն ու ծառայությունը: Վերթերը համարվում է ցածր դասի ներկայացուցիչ և որպես
այդպիսին չպիտի զրույցի բռնվեր կոմսի տանը իրենից բարձր դասի մարդկանց հետ:
Մի փոքր ճամփորդում է: Լինում է հայրենի քաղաքում: Սակայն,
չդիմանալով բաժանմանը, վերադառնում է Լոտտեի քաղաքը. Լոտտեն արդեն ամուսնացել է Ալբերտի
հետ: Երիտասարդ զույգը երջանիկ է. Վերթերի հայտնվելը սկսում է խանգարել նրանց ընտանեկան
անդորրը: Լոտտեն խղճահարություն է ապրում՝ տեսնելով Վերթերի տառապանքները:
Մի օր զբոսանքի ժամանակ Վերթերը հանդիպում է խելագար Հայնրիխին,
որը ծաղիկ է հավաքում իր սիրելիի համար: Ավելի ուշ Վերթերն իմանում է, որ Հայնրիխի
խելագարության պատճառը սիրահարվածությունն
է: Վերթերը հասկանում է, որ չի կարող վերջ դնել իր տառապանքին:
Այստեղ Վերթերի նամակների մասն ընդհատվում է: Հետագա իրադարձությունների
մասին իմանում ենք հրատարակչի հաղորդումներից:
Լոտտեի հանդեպ սերը անտանելի է դարձնում Վերթերին շրջապատի
համար: Մյուս կողմից նա ավելի ու ավելի հաստատակամ է դառնում կյանքին վերջ տալու իր
որոշման մեջ: Լոտտեի հետ կարդում են Օսիանից իր արած թարգմանությունները: Ընթերցման
ժամանակ Վերթերը շատ է մոտենում Լոտտեին, ինչի համար վերջինս խնդրում է Վերթերին հեռանալ:
Գալով տուն Վերթերը գրում է հրաժեշտի նամակ և ծառային ուղարկում
է Ալբերտի մոտ ատրճանակների ետևից: Կեսգիշերին Վերթերի սենյակից լսվում է կրակոց: Առավոտյան
ծառան գտնում է Վերթերին մահամերձ: Եկած բժիշկը ոչնչով օգնել չի կարողանում: Ալբերտը
և Լոտտեն ծանր են տանում Վերթերի մահը: Նրան թաղում են քաղաքից ոչ շատ հեռու, այն տեղում,
որն ինքն էր ընտրել:
Վոլֆգանգ Գյոթե | Երիտասարդ Վերթերի տառապանքները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 27, 2015
Rating:
.jpg)