Անաքսիմենես
(համառոտ)

Անաքսիմենեսը (Ք. ա. VI դար)
Անաքսիմանդրոսի աշակերտն է: Մեզ է հասել նրա «Բնության մասին» տրակտատի մի քանի դրվագ:
Անաքսիմենեսը գտնում է, որ
սկզբնապատճառը անվերջ է, բայց այդ անվերջը օդն է, օդեղեն անսահման սուբստանցը: «Ինչպես
մեր հոգին, օդը պահում և ղեկավարում է ամեն բան. շնչառությունը և օդն ընդգրկում են
ողջ տիեզերքը»:
«Օդը այն է, ինչը մոտ է ոչ
մարմնականին, և մենք ծնվում ենք դրա ազդեցության շնորհիվ: Հետևաբար օդն անվերջ ու առատաձեռն
է և երբեք չի պակասում»:
Անաքսիմենեսը աստվածային է
համարում է օդը, ինչպես և իր նախորդ երկու միլետացի նախորդները՝ Թալեսը և Անաքսիմանդրոսը:
Փիլիսոփան իր խնդիրն էր համարում
ներմուծել այնպիսի ֆյուսիս, որից հնարավոր կլիներ ռացիոնալ և տրամաբանական եղանակով
դուրս բերել բոլոր իրերը: Օդը այն տարրն է, որը բոլորից շատ է հակված փոփոխության և
վարիացիաների: Սեղմվելով օդը սառչում է և վերածվում է ջրի, այնուհետև՝ հողի: Թուլանալով
և ընդլայնվելով այն տաքանում է և վերածվում է հրի:
Անաքսիմենեսը սովորեցնում է,
որ սառչողը սեղմվում է, իսկ տաքացողը՝ լայնանում: Շնչառությունը, երբ այն անցնում է
սեղմված շրթունքների միջով, սառչում է, իսկ երբ անցնում է բաց շրթունքների միջով, դառնում
է տաք:
Իրականության քանակային փոփոխությունները
ծնում են ողջ բազմազանությունը: Հենց Անաքսիմենեսն է խստություն և տրամաբանական որոշակիություն
հաղորդում միլետացիների մտքին, քանի որ սեղման և ընդլայնման պրոցեսների հետ միասին
ներմուծվում է դինամիկ պատճառի սկզբունքը: Այդ պատճառը նրա դեպքում կատարյալ ներդաշնակության
մեջ է «ֆյուսիսի» հետ:
Անաքսիմենես համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 10, 2015
Rating:
