
Իր նախորդ մեծ պարսիկ բանաստեղծներին
հակառակ, Հաֆեզը (1324 - 1362) նկարագրվող առարկան ֆանտաստիկական ու միստիկական բնագավառից
տեղափոխում է երկրային, իրական հողի վրա: Նրա ստեղծագործության օբյեկտն են դառնում
Մոսալլայի վարդանոցն ու սոխակը, գեղեցկուհի Շահնաբաթը, դերվիշը, մուրացկանը, ճորտը…
մարդն առհասարակ:
Սոխակի և վարդի մասին գրած
նրա գազելներում հուզականությունն այնքան խորը կերպով է արտահայտվում, որքան իր սիրած
գեղեցկուհի Շահնաբաթի սիրո մասին գրած գազելներում:
Գրիչս երբ նյութ առավ քո գեղեցիկ
պատկերից,
Վարդի թերթիկն ամաչեց իմ տետրակի
թերթերից:
Հաֆեզը հաճախ է ցավերը մոռացության
տալիս գինու մեջ:
Գինու բաժակն ա´ռ ու խմիր,
անցավո´ր,
Վշտեր ունես, գինի´ խմիր անցավո´ր.
Ողջ աշխարհն է դեռ սկզբից քայքայված,
Դու էլ խմիր ու քայքայվիր,
անցավո´ր:
Արևելագետներից ոմանք Հաֆեզի
ստեղծագործություններում գինու գովքը համարել են զուտ արբեցումի և սուֆիական էքստազի
միջոց: Այն ստեղծագործությունը, որի մեջ շատ թե քիչ առկա էին գինու գովքը կամ թե սիրային,
քնքուշ լիրիկական նկարագրությունները, համարվում էր սուֆիական: Սուֆիզմը, իհարկե, իր
ազդեցությունն է ունեցել որոշ հեղինակների՝ Սենայի, Աթթարի, Ռումիի և ուրիշների վրա,
իսկ ինչ վերաբերում է Հաֆեզին, ապա պետք է ասել, որ սուֆիզմի կրոնական փիլիսոփայական
գաղափարախոսությունը նրա պոեզիայի հետ այնքան սերտ կապի մեջ չէ, որքան իր նախորդների
դեպքում: Մինչև Հաֆեզը իրանական գրականության մեջ գոյություն ունեին լիրիկական ժանրի
բոլոր տեսակները՝ ռուբայաթ, քասիդ, գազել, պոեմ, էպոս, մեսևի, բարոյախրատական պոեմ
և այլն: Չնայած Հաֆեզը ժանրային ասպարեզում նորություն չբերեց, բայց գազելը հասցրեց
կատարելության և համաշխարհային գրականության մեջ այդ տեսակում մնաց անգերազանցելի:
Հաֆեզի կենդանության օրոք նրա
ստեղծագործությունները չեն հրատարակել: Բանաստեղծի մահից հետո է միայն կազմվել «Հաֆեզի
դիվանը», որը մեզ չի հասել:
Հաֆեզի քառյակները մեծ մասամբ
սիրային բնույթի են՝ գրված պատկերավոր լեզվով: Ձևի և բովանդակության տեսակետից դրանք,
իհարկե, չեն գերազանցում Օմար Խայյամի և Բարա Թահիր Օրիանիի քառյակներին: Հաֆեզի ստեղծագործության
հայելին նրա գազելներն են, որոնց հիմնական գաղափարները ամփոփված են «Սաղի-Նամե» պոեմում:
Եվրոպայում Հաֆեզի ստեղծագործությունները
հայտնի դարձան 18-րդ դարում, բայց նրա հռչակը տարածվեց 19-րդ դարում, երբ Գյոթեն գրեց
«Արևմտա-արևելյան դիվանը»: Գյոթեն դիվանի երկրորդ գլուխը («Հաֆեզի գիրքը») ամբողջապես
նվիրել է Իրանի մեծ բանաստեղծին:
Նա ոչ միայն Հաֆեզին էր բարձր
գնահատում, այլև իրանական գրականության մյուս ներկայացուցիչներին:
«Ասում են, թե պարսիկները ամբողջ
հինգ դարերի իրենց բոլոր պոետներից միայն յոթ բանաստեղծ են համարել արժանավոր,- գրել
է Գյոթեն,- բայց չէ՞ որ մյուս խոտանվածներից շատերը բարձր են ինձանից»: Գյոթեի ուսումնասիրություններից
հետո, կարճ ժամանակում, մի քանի հրատարակություններով «Հաֆեզի դիվանը» լույս տեսավ
գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն…
Տես նաև Ռուդաքի Բեյթեր և Ռուբայաթ և Նիզամի Գյանջևի Խոսրով և Շիրին
Հաֆեզ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 08, 2015
Rating:
