Թալես
(համառոտ)

Թալեսը (Ք. ա. IIV-IV դդ.)
հունական և արևմտյան փիլիսոփայության առաջին փիլիսոփան է: Լինելով «ֆյուսիսի» փիլիսոփայության
սկզբնավորողը՝ նա ամեն բանի պատճառ, հիմք և էություն է համարում ջուրը: Այս թեզի իմաստավորումը
թույլ է տալիս հասկանալ այն հեղափոխությունը, որով արևմտյան մտածողությունը պարտական
է Թալեսին:
«Սկզբնապատճառը» (arche) Թալեսի
տերմինը չէ: Հավանաբար այն շրջանառության մեջ է դրել նրա աշակերտ Անաքսիմանդրոսը: Արքեն,
ինչպես դա երևում է արիստոտելյան մեկնաբանությունից, սկիզբն է, որից բխում է ողջ գոյը:
Թալեսը կոչում է իր սկզբունքը
«ֆյուսիս», որը նշանակում է ոչ թե բնություն այսօրվա իմաստով, այլ այն, ինչը նախնական
և անփոփոխ է համայն երկրորդականի և փոփոխականի հարաբերությամբ:
Ավանդույթը վերագրում է Թալեսին
ասույթ, ըստ որի բոլոր իրերի սնուցվում են հեղուկով, իսկ ամեն բանի մահը չորացումից
է: Կյանքը կապված է հեղուկի հետ, իսկ հեղուկը ենթադրում է ջուր, ահա ինչու ամեն բան
գոյանում է ջրից:
Արդեն անտիկականության շրջանում
եղել են փորձեր Թալեսի այս խոսքերի համաբանություններ գտնել նրանց մոտ (օրինակ Հոմերոսի),
ովքեր գտնում են, որ Օվկեանոսը և Տեթիսը տիեզերքի հայրն ու մայրն են: Նաև կապում էին
Թալեսի գաղափարները Սթիքս գետի մոտ աստվածների երդումների ծեսի հետ: Սակայն Թալեսի
դիքորոշման տարբերությունը այս պատկերացումներից ակնհայտ է: Առաջինները ներմուծում
են միֆը, իսկ Թալեսը կառուցում է իր խորհրդածությունը լոգոսի վրա: Հայտնի է, որ Թալեսի
ռացիոնալ մտածողության ապացույց է Ք. ա. 585 թ. արևի մթագնման նրա գուշակությունը:
Բացի այդ նրա անունով է կոչվում երկրաչափության թեորեմներից մեկը:
Այդուհանդերձ խոսելով ջրի մասին,
Թալեսը նկատի չունի ֆիզիկական ջուրն այսօրվա իմաստով: Նրա ջուրը հարաբերվում է աստվածային
սկզբի հետ: «Աստված ամենահինն է, քանի որ նրան ոչ ոք չի ծնել»: Երբ նա ասում է, որ
ամեն բան լեցուն է աստվածներով, նկատի ունի, որ ամեն բան ներծծված է սկզբնաէությամբ:
Մագնիսը Թալեսի համար իրերի ոգեղինության օրինակ է:
Թալես համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 09, 2015
Rating:
