
«Մետաֆիզիկա»
տերմինի հեղինակը Արիստոտելը չէ: Այն ներմուծել
են կամ պերիպաթետիկյան դպրոցի ներկայացուցիչները, կամ էլ Անդրոնիկոս Հռոդոսցին
Ք. ա. I դարում: Ինքը Արիստոտելը կիրառում էր «առաջին փիլիսոփայություն» արտահայտությունը, որը հակադրում էր «երկրորդ փիլիսոփայությանը», այն է՝ ֆիզիկային:
Առաջին փիլիսոփայությունը ուսումնասիրում է ֆիզիկական իրականությունից անդին գտնվողը:
Արիստոտելը տալիս է մետաֆիզիկայի
չորս սահմանում.
1. Առաջին կամ բարձրագույն պատճառների
ուսումնասիրություն, 2. Գոյության
ուսումնասիրություն, որքանով այն գոյություն
է, 3. Սուբստանցի
ճանաչողություն, 4. Աստծո և վերզգայական
սուբստանցի իմացություն:
Արիստոտելը ներկայացնում
է փիլիսոփայության զարգացման
պատմությունը Թալեսից մինչև Պլատոն:
Կարևոր է մետաֆիզիկայի բնորոշման
հարցը: Մետաֆիզիկան
ըստ Արիստոտելի
բարձրագույն գիտությունն
է, որովհետև չի հետապնդում
էմպիրիկ և պրակտիկ նպատակներ:
Մետաֆիզիկայի իմաստային
մարմինը իր իսկ մեջ է, ահա ինչու այն ազատ և ինքնարժեք է: Դա իմացության
մաքուր ծառավն է, որը ցանկանում է պատասխանել ամենավերացական ու ամենավերջին «ինչու»-ին:
Մետաֆիզիկան գործ ունի բարձրագույն
պատճառների ուսումնասիրության հետ: Դրանք չորսն են՝ ֆորմալ պատճառը, մատերիական
պատճառը, գործող պատճառը և վերջնական պատճառը: Առաջին երկու պատճառներն են ձևը (էությունը)
և մատերիան, որոնք կազմում են բոլոր իրերը: Ստատիկորեն
դիտված, մարդը բաղկացած է մարմնից (մատերիա) և հոգուց (ձև): Սակայն դինամիկ տեսակետից՝
հարց է առաջանում, թե որտեղ է նա ծնվել, ովքեր են ծնողները և այլն: Հետևաբար անհրաժեշտ են նաև շարժող և վերջնական
պատճառները. առաջինը պայմանավորել է նրա ծնունդը, իսկ երկրորդը նշում է ուղղությունը, որով զարգանում է մարդը:
Միայն մետաֆիզիկան
է հարցնում գոյության մասին: Պարմենիդեսը և էլեացիները հասկանում
էին գոյությունը
իր միանշանակության և եզակիության մեջ: Պլատոնը առաջ է անցնում՝ ներմուծելով «չգոյության»
հասկացությունը, որը թույլ է տալիս հասկանալ մտահասուի բազմությունը:
Սակայն Պլատոնը բացառում էր գոյությունից զգայական աշխարհը: Արիստոտելը
ձևափոխում է էլեացիների գոյաբանությունը: Գոյությունը
մեկը չէ և ունի բազում իմաստներ: Այդ բազմությունը
հարաբերվում է սուբստանցի հետ: Եվ այսպես, գոյությունը հանդես է գալիս որպես՝ 1.կատեգորիա,
2. գործողություն և պոտենցիա, 3. գոյություն
և ակցիդենց, 4. գոյություն որպես ճշմարտություն կամ չգոյություն որպես կեղծիք:
Կատեգորիաները տասն են՝ սուբստանց,
որակ, քանակ, հարաբերություն, գործողություն,
կրավորություն, տեղ, ժամանակ, ունենալ, գտնվել:
Պոտենցիան և գործողությունը նախնական են, քանի որ բացատրվում
են ոչ թե ուրիշ որևէ բանի օգնությամբ, այլ փոխադարձաբար: Սերմը իր ակտուալության,
այսինքն՝ ներկա գործողության մեջ սերմ է, իսկ պոտենցիալ
իմաստով հասկ:
Ակցիդենցը պատահական
գոյությունն է, այն կապված չէ էությանը:
Գոյությունը որպես ճշմարիտ, որոշվում է մարդկային
բանականության կողմից, երբ սա դիտում է որևէ բան և որոշում՝ համապատասխանում է այն արդյոք իրականությանը, թե ոչ: Գոյությունը
որպես կողծիք տեղի ունի այն ժամանակ, երբ բանականությունը իրականության
հետ է կապում այն, ինչը կապելի չէ, կամ բաժանում է այն, ինչը անբաժան է:
Նշված տիպերից վերջինը ուսումնասիրում է տրամաբանությունը: Երրորդը ոչ մի գիտակարգ չի ուսումնասիրում, իսկ ահա առաջին երկուսը մետաֆիզիկայի
առարկան են: Մետաֆիզիկայի հարցը սուբստանցի հարցն է:
Նախ ինչպիսին է սուբստանցը՝
զգայական, թե մտահասու: Ֆիզիկոս փիլիսոփաները գտնում են, որ այն զգայական է: Պլատոնականները համարում են սուբստանցը
ձև: Ըստ Արիստոտելի բոլորն էլ ճշմարիտ են, և բոլորն էլ սխալվում են: Մատերիան սկզբունք է, որը կազմում է զգայական իրականություն,
այն ձևի սուբստրատ է: Այսպես ծառը տան, իսկ կավը սափորի սուբստրատն է: Բայց մատերիան դետերմինացված չէ, այն պիտի մեկ ուրիշ ձև ընդունի, որպեսզի որոշակիանա:
Իր հերթին ձևը, քանի որ ակտուալացնում
է մատերիան, որոշակիություն է հաղորդում դրան: Ի տարբերություն
պլատոնյան գաղափար-ձևի այն ներքուստ հատուկ է ամեն իրի: Մատերիայի
այսպիսի կոմպոզիցիան
Արիստոտելը կոչում է սինոլոս:
Եվ այսպես սուբստանցը անուղղակիորեն
մատերիան է, երկրորդ իմաստով այն առանձինն է, իսկ երրորդ իմաստով ձևն է: Գոյությունը սուբստանցն
է, մի աստիճան բարձր է անհատը և մեկ աստիճան բարձր է ձևը, որն ընդգրկում
է մատերիան և սկիզբ է տալիս առանձին-անհատականին:
Մատերիան պոտենցիա է, որը կարող է ընդունել ձև: Ձևը ակտ է: Ձևականության
կողմից դիտելով որևէ իր՝ մենք գործ ունենք էնտելեխիայի,
այսինքն՝ տվյալ իրի կատարյալ իրացվածության հետ: Աստված մաքուր էնտելեխիա է:
Ժամանակը հավերժական
է, արարված չէ և չի կարող ունենալ վախճան: Բայց ո՞րն է հավերժական
շարժման պատճառը: Մենք տեսնում ենք միայն վերջավոր պատճառներ,
այն, որ այս քարը շարժեց մյուս քարը: Վերջին պատճառն ըստ Արիստոտելի պիտի լինի անշարժ, որպեսզի չկանգնի վերջավոր պատճառների
շարքը և որպեսզի անվերջ ռեգրեսը չվերաբերի
նաև իրեն: Նախնական այդ պատճառը պիտի զուրկ լինի պոտենցիալությունից, լինի միայն ակտուալություն և հետևաբար այն չի լինի մատերիական, այլ կլինի մտահասու: Ինչպե՞ս է անշարժ առաջին պատճառը, լինելով այդպիսին, շարժում մնացյալ պատճառները:
Արիստոտելը բացատրում
է դա տենչանքի առարկաների
օրինակի վրա: Իրենք այդ առարկաները անշարժ են, բայց դրանք շարժում են մեզ:
Սկզբնապատճառ Աստծուն զբաղեցնում է բարձրագույնը՝ մտածողությունը: Ինչի՞ մասին է նա մտածում: Լավագույնի և բարձրագույնի: Բայց լավագույնը Աստված է, ուստի նրա մտածողությունը մտածողության
մասին է:
Մետաֆիզիկայի 12-րդ գրքում Արիստոտելը,
վկայակոչելով Հոմերոսին,
ասում է, որ իրերը չեն ցանկանում
կառավարվել բազում սկզբունքներով և որ մեկը պիտի իրականում
լինի կառավարիչ:
Արիստոտելի Աստված 55 ոլորտների արարիչը չէ, այնպես որ նրա և այդ ոլորտների հարաբերության
հարցը մետաֆիզիկայի
շրջանակներում մնում է պրոբլեմատիկ:
Երկրորդ հարցը, արիստոտելյան Աստծո էության մեջ սիրո բացակայությունն է: Հույնը չի ճանաչում սիրո՝ որպես անշահախնդիր
շնորհի աշխարհը: Ավելին, Աստված չի կարող սիրել, քանի որ մաքուր բանականություն է, որը չունի կրավորություններ, տառապանք և կիրք:
Արիստոտել | Մետաֆիզիկա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 06, 2015
Rating:
