
Փոքրիկ գերմանական քաղաքում` Կրաֆտ անունով երաժիշտների ընտանիքում,
ծնվում է երեխա, որը ցուցաբերում է չլսված երաժշտական ընդունակություններ: Երաժշտություն
է լսում ամեն ինչում, քանի որ երաժշտի համար ամեն ինչ երաժշտություն է: Իր մեղեդիներն
է ստեղծում: Պապը գրի է առնում դրանք: Յոթամյա Քրիստոֆը դառնում է պալատական երաժիշտ
և դրամ է վաստակում ելույթներով:
Ընտանիքում ամեն ինչ չէ, որ հարթ է: Հայրը խմում է, տանուլ
է տալիս դրամը: Մայրը ստիպված է լվացարարուհի աշխատել հարուստ տներում: Երեխաները երեքն
են: Ավագը Քրիստոֆն է: Ընտանիքին օգնելու համար համերգներ է տալիս ինքնահավան բարձրաշխարհիկների
առաջ, իսկ ընտանիքում չի ստանում անհրաժեշտ ջերմությունը: Դառնում է ինքնամփոփ: Չի
ցանկանում դառնալ աննշան բյուրգեր:
Մայր ու որդի խնդրում են դքսին, որ նա իրենց տա հոր վարձատրությունը,
քանի որ սա տրվում է հարբերցողության և վատնում է ողջ գումարը: Ծանոթանալով Օտտո Դիների
հետ՝ Քրիստոֆը կարծում է, թե գտել է ընկեր: Սակայն Օտտոն շատ զգուշավոր է: Դա վանում
է ազատատենչ Քրիստոֆին: Առաջին սերը նույնպես հիասթափություն է բերում: Սիրահարվում
է հարուստ ընտանիքի աղջկա, և նրան ցույց են տալիս իր տեղը:
Ընտանիքով տեղափոխվում են ավելի համեստ բնակարան: Այստեղ
ծանոթանում է խանութի տիրուհի երիտասարդ Սաբինայի հետ: Սիրահարվում են: Սակայն շուտով
Սաբինան մահանում է: Հանդիպում է դերձակությամբ զբաղվող Ադային, սակայն վերջինս դավաճանում
է նրան իր կրտսեր եղբոր հետ: Քրիստոֆը դարձյալ մենակ է: Հիշում է մորեղբոր խորհուրդը՝
երբեք չմոռանալ ապրել: Որոշում է, որ այսուհետ նա է կյանքի տերը: Սկսում է նոր և «վայրենի»
երաժշտություն գրել: Սակայն մարդիկ պատրաստ չեն ունկնդրել այն: Քրիստոֆը քննադատական
հոդվածներ է գրում, որտեղ քննադատում է բոլորին՝ երաժիշտներին, կոմպոզիտորներին… Թշնամիներ
է ձեռք բերում: Դուքսը վտարում է նրան:
Ծանոթանում է ֆրանսիացի դերասանուհու հետ: Այսպես է ստացվում,
որ հայտնվում է Ֆրանսիայում: Գերմանիայում զինվորականների հետ կռվելու և նրանց վնասվածքներ
հասցնելու համար նրա դեմ հարուցվում է գործ: Ֆրանսիայում նկատում է, որ ֆրանսիական
հասարակությունը գերմանականից ոչնչով ավելի լավը չէ: Ամենուրեք շահամոլություն, կեղծիք,
ստորամտություն, անճաշակություն… Գրում է բիբլիական սյուժեով «Դավիթ» սիմֆոնիան, սակայն
հանդիսատեսը սուլում է: Հիվանդանում է: Ապաքինվելուց հետո իր մեջ նոր ուժեր է զգում:
Որոնում է ֆրանսիացու, որին կկարողանար սիրել այն բանի համար, որ սա սիրում է իր Ֆրանսիան:
Նրա ընկերն է դառնում բանաստեղծ Օլիվյե Ժանենը: Նրանք միասին բնակարան են վարձում:
Ընկերության մեջ յուրաքանչյուրը ներբերում է իրենը: Ժանենը օգնում է Քրիստոֆին բացահայտել
Ֆրանսիայի հզոր ոգին: Նրա օգնությամբ Քրիստոֆի մոտ գալիս է փառքը: Նրան սկսում են գովել
մամուլում, հրավիրել հարուստ տներ: Ճաշկերույթներից մեկի ժամանակ Ժանենը սիրահարվում
է երիտասարդ Ժակլին Աանժեին: Քրիստոֆը ինքն է բարեխոսում ընկերոջ համար աղջկա հոր մոտ՝
հասկանալով, որ Ժանենի ամուսնությունը կհեռացնի իրենց: Այդպես էլ պատահում է: Նորապսակները
մեկնում են գավառ, որտեղ Օլիվյեն դասավանդում է քոլեջում: Ժակլինը վերածվում է դատարկ
բարձրաշխարհիկ տիկնոջ, նրանք վերադառնում են Փարիզ, որտեղ նա սիրեկան է գտնում և ի
վերջո լքում է ամուսնուն և երեխային: Օլիվյեն փակվում է իր մեջ: Քրիստոֆի հետ նա այլևս
ապրել չի կարող:
Քրիստոֆը հանդիպում է հեղափոխականների հետ: Զրուցում և վիճում
են: Մայիսի մեկին իր նոր ընկերների հետ գնում է ցույցի և քարշ է տալիս իր հետ Օլիվյեյին:
Քաշքշուկի ժամանակ Քրիստոֆը վիրավորում է ոստիկաններից մեկին հենց իր իսկ սրով: Օլիվյեին,
որը վատառողջ էր և որը ուշագնաց է լինում, տրորում է ամբոխը: Քրիստոֆը ուզում է, որ
իրեն թաղեն ընկերոջ հետ: Երաժշտությունը անտանելի է դառնում նրա համար: Բայց աստիճանաբար
նա վերադառնում է կյանք: Գտնում է աշակերտներ, որոնց դասեր է տալիս: Բժիշկը, որից օգնություն
էր ստացել, օթևան է տալիս նրան: Քրիստոֆը և բժշկի կինը սիրահարվում են: Դավաճանության
միտքը տանջում է նրանց: Փորձում են ինքնասպան լինել: Աննան ծանր հիվանդանում է, իսկ Քրիստոֆը փախչում է քաղաքից: Պատսպարվում է լեռներում, մեկուսի ագարակում, որտեղ ունենում
է խորը հոգևոր ճգնաժամ: Ուզում է ստեղծագործել, սակայն չի կարողանում: Բայց հաղթահարում
է նաև այս փուլը: Նա հեռանում է ինքն իրենից և մոտենում է Աստծուն: Նրա նոր գործերը
ոչ ոք չի հասկանում: Նա հանդիպում է երբեմնի իրեն աշակերտած Գրացիային: Նրանք երազում
են ամուսնանալ: Սակայն Գրացիան ունի որդի, որը խանդում է մորը: Նյարդային նոպաներ է
ձևացնում, իսկ հետո իսկապես ծանր հիվանդանում է և մեռնում: Գրացիան իրեն մեղավոր է
համարում որդու մահվան մեջ և ինքն էլ մեռնում է: Այս տարիներին Քրիստոֆը գրում է իր
ամենախորը գործերը: Նրան հաջողվում է ամուսնացնել Գրացիայի դստերը և Օլիվյեի որդուն:
Նա արդեն հիվանդ է: Ուժերը լքում են Քրիստոֆին: Նա պառկած է անկողնում և լսում է անտեսանելի
նվագախմբի կատարած հիմնը: Հիմնը նվիրված է կյանքին: Հիշում է մորը, ազգականներին, սիրելիներին…
Պատրաստվում է միանալ նրանց…
Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Վիլհելմ Մայստերի ուսումնառության տարիները, Վիկտոր Հյուգո Թշվառները և Գի դը Մոպասան Սիրելի բարեկամ
Ռոմեն Ռոլան | Ժան Քրիստոֆ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 05, 2015
Rating:
