
Երկի սկզբում նկարագրվում է երկրում տարածված սովը։ Ի տարբերություն շատ ուրիշ պատմիչների, Ուռհայեցին չի սկսում իր աշխատությունը աշխարհի արարչագործությունից կամ իրենից
դարեր առաջ մեկ այլ ժամանակի և նրա դեպքերի նկարագրությամբ: Նա ներկայացնում
է 2 դարից պակաս տևողության մի ժամանակահատված։
Հայ պատմիչների
գերակշիռ
մասը ավանդաբար գրել է զուտ հայոց պատմություն: Այն կարող էր
սահմանափակվել անգամ մեկ գավառի կամ մեկ տոհմի պատմությամբ: Սակայն Ուռհայեցին,
ապրելով արտակարգ բարդ ու խճճված ժամանակաշրջանում, չէր կարող սահմանափակվել հայոց պատմության այդպիսի տեղային ընդգրկմամբ,
քանի որ նյութի միջավայրը ներկայացնում էր տեղանքի և բազմազգ շփումների բարդ հյուսվածք՝
Վրաստան, Աղվանք, Արաբական Խալիֆայություն,
Բյուզանդիա, Բուլղարիա,
Եգիպտոսի Ֆաթիմյաններ,
սելջուկ թուրքեր և խաչակիրներ…
Առաջին մասի մեկդարյա պատմությունը
նա շարադրել է՝ հիմնվելով իրենից «շատ առաջ ծնված ականատես և ականջալուր
եղած մարդկանց ասածի հիման վրա կարդալով հին
պատմագիրներին, ովքեր ականատես էին եղել բոլոր անցքերին»։ Այդ աղբյուրների
անունները նա չի նշում: Իր իսկ ժամանակաշրջանի հայտնի պատմագիրներից (Շապուհ Բագրատունի, Հովհաննես
Դրասխանակերտցի, Ստեփանոս Տարոնեցի, Արիստակես
Լաստիվերցի) և ոչ մեկից նա չի օգտվել:
Երկրորդ և երրորդ մասերում նկարագրված դեպքերին Ուռհայեցին ինքն է ականատես
եղել և այստեղ նա պարզապես վկայագիր է: Դժվար է չհամաձայնել այն գնահատականին, որը տալիս է Ուռհայեցին
Բյուզանդիայի կործանարար քաղաքականությանը Հայաստանում։
Հույները հայոց երկրից հեռացնում են
քաջ զինվորականներին, կտրում էին նրանց
տներից և կործանում հայոց թագավորությունը: Պետականության վերացման նման պայմաններում
Մատթեոս Ուռհայեցին
մեծ հույսեր է կապում հայկական առանձին իշխանությունների հետ, նրանց,
որ սելջուկներից
և բյուզանդացիներից հեռու հիմնում էին հայ տարագիրները։
Ժամանակագիրը ատելությամբ է լցված հայկական նման իշխանությունների դեմ ոտնձգություններ կատարող ֆրանկների հանդեպ։ Կոմս Բալդուինն ըստ պատմիչի թուրքից ավելի շատ փորձանք է պատճառել քրիստոնյաներին՝ մեկ առ մեկ ոչնչացնելով հայոց բոլոր իշխանությունները: Մատթեոս Ուռհայեցին
թեև ապրում և ստեղծագործում
է հայ ժողովրդի պատմության
ամենածանր, հայոց պետականության ոչնչացման շրջանում, այնուամենայնիվ, հուսաբեկ չէ:
Նրա «Ժամանակագրությունը» շարունակել է Գրիգոր Երեցը՝ հասցնելով այն մինչև 1162-1163 թթ: Գրիգոր Երեցը պահպանում
է իր նախորդի գրելաոճը: Մերկացնում է բյուզանդացիների կործանարար
քաղաքականությունը հայերի նկատմամբ: «Մենք դեռ հին ժամանակագիրներից
գիտենք, որ հունաց կայսրերը քրիստոնյաների փրկության
համար ոչինչ չեն արել, միայն քաղաքներ և գավառներ են խլել ու թալանել»։ Ինչ վերաբերում
է ֆրանկներին,
ապա, ի տարբերություն Ուռհայեցու,
Գրիգոր Երեցը ողջ խորությամբ
չի գիտակցում
նրանց բուն նպատակները։ Նրա գրած շարունակության մեջ մեծ տեղ է գրավում Քեսունի և Մարաշի ֆրանկ իշխան Բալդուինի
անհայտ կորստյան (1148 թ.) առթիվ գրված ընդարձակ ողբ-դամբանականը։
Ուռհայեցու «Ժամանկագրությունը» Գրիգոր Երեցի շարունակությամբ նյութ է դառնում Սմբատ Սպարապետի
«Տարեգրքի» համար։
Մատթեոս Ուռհայեցի | Ժամանակագրություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 20, 2015
Rating:
