
Վեպի գործողությունները տեղի են ունենում Վիենայում (1913
թ.): Գլխավոր հերոսն է 22 ամյա Ուլրիխը: Նա մաթեմատիկոս է, ինտելեկտուալ, ցինիկ, որը
հոգնել է ինքն իրենից և աշխարհից: Վարում է վառ, սակայն անկարգ կյանք: Հոր հարստության և կապերի շնորհիվ նա կարիք չունի
հոգալու հանապազօրյա հացի խնդիրը: Երբ հերթական անգամ հարցնում է ինքն իրեն, թե ինչով
զբաղվի, ստանում է բարոն Շտալբուրգին հասցեագրված նամակ, որը հոր ասելով կարող է հոգ
տանել Ուլրիխի ապագայի մասին: Հայրը հաղորդում է նաև, որ 1918 թ. Գերմանիայում նշվելու
է Վիլհելմի Երկրորդ կայսեր կառավարման երեսնամյակը, իսկ ավստրիացիները կպատասխանեն
դրան նույն տարում նշելով իրենց կայսեր՝ Ֆրանց Յոսիֆի յոթանասունամյա կառավարման տարեդարձը:
Հոր խորհրդով Ուլրիխը ծանոթանում է կոմս Լայնսդորֆի և արտգործոց
նախարարության բաժնի պետ Տուցցիի հետ, որի քույրը իր զարմուհին է: Այդ կինը, որին Ուլրիխը
կոչում է Դիոտիմա (ըստ Պլատոնի Դիոտիմա անունով մի կին բացել է Սոկրատեսի համար Էրոսի
գաղտնիքը և սիրո ներքին իմաստը), ոչ շատ խելացի, սակայն պատմության մեջ մտնելու ցանկությամբ
տոգորված հայրենասեր ու պատվախնդիր անձնավորություն է: Կոմս Լայնդսդորֆի ղեկավարությամբ
նա հույս ունի գործել իսկական սխրանք, քանզի հենց իր մասնակցությամբ և աջակցությամբ
կարող է հասունանալ և հռչակվել «մեծ գաղափարը», որը կմիավորի բազմազգ կայսրությունը
և կհասցնի այն ոգու բարձունքի: Ուլրիխը տեսնում է, թե ինչպես է թափ առնում «զուգահեռ
գործողության» անունը ստացած շարժումը, որի պաշտպաններին, սակայն, ոչ մի հայտնություն
և ոչ մի մեծ գաղափար այդպես էլ չի այցելում: Առանձին գաղափարներ, իհարկե, ծագում են:
Այսպես, ոմն ֆաբրիկանտի կինը առաջարկում է բացել Ֆրանց Յոսիֆի անվան ապուր բաժանող
ճաշարան: Առաջարկ է լինում լույս ընծայել «Ֆրանց Յոսիֆը և իր ժամանակը» վերնագրով գիրք:
Իսկ Ուլրիխի ընկերուհին՝ Կլարիսը, որը Նիցշեի մեծ սիրահար է, առաջարկում է 1918 թ.-ը
հայտարարել «ավստրիական Նիցշեի տարի»: Աստիճանաբար «զուգահեռ գործողության» պաշտպանների
շրջանակն ընդլայնվում է: Դիոտիմայի սալոնում ակտիվ մասնակից է դառնում դոկտոր Պաուլ
Արնհայմը, պսևդոփիլիսոփայական տրակտաների հեղինակը և շատ հարուստ գործարարը: Նրա և
Դիոտիմայի միջև ծագում է հոգեհարազատության երկուսին է անհասկանալի մի զգացում: Սակայն
երկուսն էլ շատ սառը և անչափ վերացական են իրենց «ոգեղինության մեջ», որպեսզի անկեղծորեն
ընդառաջ գնան իրար:
Սալոն են սկսում այցելել նաև երիտասարդ բոհեմի ներկայացուցիչները:
Ուլրիխը այս ամենի ականատեսն ու վկան է. նա ցանկանում է ետ պահել Դիոտիմային հաշվենկատ
Արնհայմից, որն իրեն դուրս չի գալիս: Սակայն զարմուհին շատ է տարված իր գաղափարներով:
Նա ասում է Ուլրիխին, որ Արնհայմը համոզում է իրեն թողնել ամուսնուն և ամուսանանալ
իր հետ: Միայն պարտքի զգացումն է ետ պահում իրեն: Ուլրիխին ձգում է այս իշխող և ինքնավստահ
կինը: Բայց այստեղ, ինչպես և մյուս հարցերում նկատվում է նրա մտքերի երկատվածությունը:
Կլարիսն ուզում է, որ իր ծնվելիք երեխայի հայրը լինի ոչ թե իր ամուսինը՝ Վալտերը, այլ
Ուլրիխը: Կոչում է Ուլրիխին «մարդ առանց հատկությունների»:
Ուլրիխը, որը չի հավատում «զուգահեռ գործողության» արդյունավետությանը,
այդուհանդերձ իր շուրջն է հավաքում գաղափարական ընդդիմադիրների: Իմանում է, որ Գերդան,
իր հին ծանոթի՝ Լեո Ֆիշելի դուստրը մասնակցում է միստիկորեն տրամադրված երիտասարդ գերմանացի
հակասեմիթականների հավաքներին, որոնք ղեկավարում է Հանս Զեպը: Ուլրիխը հանդիպում է
Զեպի հետ և փորձում է պարզել, թե կարող է արդյոք այդ քաղաքական մոլագարը թարմ արյուն
ներարկել «զուգահեռ գործողության» մեջ: Սակայն ներքուստ Ուլրիխը ցանկանում է գրավել
Գերդային, որն իր կարծիքով սիրահարված է իրեն, սակայն չի ուզում խոստովանել: Եվ դարձյալ
Ուլրիխը չգիտի, թե ինչ է ուզում: Եվ երբ Գերդան գալիս է նրա բնակարան՝ հայտնելու հորից
իմացած նորությունը, այն, որ Արնհայմը փորձում է օգտագործել «զուգահեռ գործողությունը»
Գալիցիայի նավթային հանքերը յուրացնելու համար, Ուլրիխը տիրում է նրան, առանց որևէ
հատուկ ցանկության ու անտարբեր: Այն, ինչ տեղի է ունենում Ուլրիխի հետ, չի դիպչում
նրա էությանը, նա ասես լողում է հոսանքով:
Թերթերը անվերջ գրում են ոմն Մոոսբուրգերի դատավարության
մասին: Հոգեկան հիվանդ թափառականը սպանել է մարմնավաճառ մի կնոջ: Կինն ինքն է մոտեցել
նրան, և, ինչպես ասում է ինքը Մոոսբուրգերը, նա սպանել է մութ և տձև ինչ-որ բանից փրվելու
համար: Ուլրիխին այս պատմությունը շատ է հետաքրքրում: Նա գտնում է իր մեջ այն ապակառուցողական
ուժերը, որոնք հյուսն Մոոսբուրգերին վերածել են մարդասպանի և մոլագարի: Նա մերժում
է իր քարտուղարը դառնալու Արնհայմի առաջարկը և որոշում է հեռու մնալ քաղաքականությունից
և տնտեսությունից: Ստանում է հոր մահվան մասին հայտնող հեռագիրը:
Հայրական տանը հանդիպում է քրոջը՝ Ագաթային, որի հետ հոգևոր
մտերմություն է զգում: Այդ զգացումը սպառնում է վերածվել կրքի: Քույրը պատրաստ է հեռանալ
ամուսնուց: Նրա ցինիզմը այնքան է ձգում Ուլրիխին, որ նա ապրում է իրեն մինչ այդ անհայտ
«ուրիշ վիճակ»: Երազում է «հազարամյա թագավորության մասին», որտեղ բոլոր գործողություններն
ու զգացմուքները կհիմնվեն սիրո վրա: Միաժամանակ թուլանում է «զուգահեռ գործողության»
պաշտպանների եռանդունությունը: Արնհայմը հեռանում
է նրանցից և տրվում է «սեռական գիտության» ուսումնասիրությանը: Դիոտիման ատում է նրան,
որովհետև կարծում է, որ նա վախեցել է իր հոգևոր զորությունից:
Ուլրիխը և Ագաթան մեկուսանում են և դադարում են ընդունել
իրենց մտերիմներին: Նրանք զբոսնում են, զրուցում և ավելի ու ավելի համակրում միմյանց:
Սիրո անուրջները նրանց ավելի հոգեհարազատ են, քան մարմնավոր սերը, ահա ինչու ինքը բնությունը
չի կարող շնորհել նրանց բարձրագույն միասնության քաղցրություն:
Տես Թոմաս Ման Կախարդական լեռը, Հերման Հեսսե Տափաստանի գայլ և Ֆրանց Կաֆկա Դղյակը
Ռոբերտ Մուզիլ | Մարդն առանց հատկությունների | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 26, 2015
Rating:
